Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«alikonline.ir» -ի տեղեկացմամբ` երեկ Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Կովկասի հարցերի ուսումնասիրության կենտրոնի, Իրան-Հայաստան բարեկամության միության եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի համագործակցությամբ կազմակերպվել էր քննարկում՝ «Իրան-Հայաստան հարաբերություններ. Առիթներ եւ խոչընդոտներ» թեմայով:
Նախաձեռնությունը կոչված էր վեր հանելու Իրան-Հայաստանի հարաբերությունների կարեւորությունը, դրանց հեռանկարները, զարգացման միտումներն ու առկա խոչընդոտները: Երկխոսությանը մասնակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, Իրանի ԱԳ նախարարության Կովկասի վարչության պետ Մոհսէն Ֆաղանին, Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Մոհամմադ Ռեզա Դամավանդին, Կովկասի եւ կենտրոնական Ասիայի հարցերով ավագ փորձագետ Վալի Քուզեգար Քալեջին, «Կովկասի հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Մեհդի Հոսեյնի Թաղիաբադը, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը եւ համալսարանի դասախոս, զբոսաշրջության ոլորտի մասնագետ Գրիգոր Ղազարյանը:
Ներկաների թվում էին նաեւ ԱԳ նախարարության Ռուսաստանի վարչության պետ Դեմիրչին, Թուրքիայում եւ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Բիգդելին:
Ավելի քան երեք ժամ տեւած խիստ հետաքրքիր եւ օգտաշատ քննարկումն ընթացավ երկու բաժնով: Առաջին բաժնում մասնակիցները հիմնականում անդրադարձան Իրան-Հայաստան քաղաքական եւ տնտեսական հարբերություններին, դրանց նշանակությանը երկու երկրների արտաքին քաղաքականության համատեքստում: Անդրադարձ եղավ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի ազդեցությանը դրանց վրա: Վերհանվեցին երկու երկրների հարաբերություններում առկա բացթողումներն ու այն խոչընդոտները, որոնք խանգարում են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Մասնակիցները հայ-իրանական հարաբերությունները քննարկեցին նաեւ Հայաստանի 2018 թվականի իրադարձությունների եւ իշխանափոխության համատեքստում՝ փորձելով ուրվագծել դրանց հնարավոր զարգացումներն այդ ֆոնին:
Հատուկ անդրադարձ եղավ ԼՂ հակամարտությանը, դրա ազդեցությանը երկու երկրների հարաբերությունների վրա եւ Իրանի դիրքորոշմանն ու դերակատարությանը հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում:
Անդրադարձ եղավ նաեւ մեդիա ոլորտի հիմնահարցերին: Մասնակիցները հատուկ կարեւորեցին երկու երկրների ԶԼՄ-ների միջեւ ուղղակի կապի ձեւավորման եւ համագործակցության անհրաժեշտությունը` նշելով, որ դա մեծապես կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Քննարկման երկրորդ բաժինը հիմնականում վերաբերում էր երկու երկրների միջեւ զբոսաշրջային հարաբերություններին, առկա վիճակին, հնարավորություններին ու հեռանկարներին եւ խանգարող հանգամանքներին: Նախ` զեկույցով հանդես եկավ ոլորտի մասնագետ, համալսարանի դասախոս Գրիգոր Ղազարյանը, որից հետո ծաւալվեց թեմային վերաբերող քննարկում՝ եզրակացնելով, որ ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ եւ ներուժ եւ մեծապես կարող է նպաստել երկրու երկների առեւտրա-տնտեսական հարաբերությունների ծավալների կտրուկ աճին:
Նշենք, որ քննարկումը վարում էր Հայ Դատի հանձնախմբի նախագահ Իսակ Իվնանեսյանը: