Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
- Պարո\'ն Սիմոնյան, նախ կցանկանայի իմանալ` նշանակվելով Շիրակի մարզպետ՝ Ձեր առջև ի՞նչ առաջնային խնդիրներ եք դրել:
-Եթե վերցնենք մարզպետի գործառույթները՝ ընդհանրապես, առավել ևս` եթե Շիրակի մասին ենք խոսում, ես չեմ կարող առանձնացնել հատուկ ոլորտներ, բոլոր ոլորտներում էլ մենք ունենք անելիքներ: Ընդամենը մի ոլորտում առաջացած խնդրի լուծումը կարող է մի քիչ առաջ կամ հետ ընկնել մյուս ոլորտի կարևոր խնդիրներից, բայց որ բոլոր ոլորտներում լուրջ անելիքներ ունենք, փաստ է: Շիրակում շատ խնդիրներ կան, և ես չեմ մտածում, որ մեկ մարզպետի կամ մեկ քաղաքապետի կամ որևէ մեկ անձի կողմից լուծվող խնդիրներ են բոլորը: Ես միշտ մտածել եմ` Շիրակում ամենաառաջին խնդիրը վաղվա օրվա նկատմամբ հավատը վերականգնելն է: Պետք է կարողանանք այդ հավատը վերականգնել, և այն պետք է ուղեկցվի արդարության ապահովմամբ շատ ոլորտներում: Եթե այդ արդարությունը վերականգնվի, ես վստահ եմ, որ կլինի նաև վստահություն տարածքային կառավարման մարմինների նկատմամբ: Հավատը վաղվա օրվա նկատմամբ լուրջ ֆինանսական միջոցներ չի պահանջում: Իմ առաջին խնդիրը պետք է լինի այն, որ մեր մարզի ազգաբնակչությունը հասկանա, որ ես մարդ եմ, ով բոլորին հավասար է, բոլորին հասանելի: Չի լինելու մի խավ, մի մարդ, որ մարզպետի հետ հանդիպելու ցանկություն ունենա, և այդ հանդիպումը տեղի չունենա: Եթե ես կարողանամ Շիրակի մարզպետից դառնալ Շիրակի ժողովրդի, շիրակցու մարզպետ, կլինի մեծ ձեռքբերում թե՛ ինձ համար, թե՛ իմ կուսակցության համար:
-Հաճախ ենք լսում, թե Շիրակը «հեշտ» մարզերից չէ բոլոր առումներով՝ սոցիալական, քաղաքական… Այս պարագայում մեծանո՞ւմ է, արդյոք, կառավարման պատասխանատվությունը:
-Համաձայն եմ, որ մեծ պատասխանատվություն կա: Այո, քաղաքական դաշտը բազմազան է Շիրակի մարզում, և սա ևս մեկ անգամ փաստում է, որ մարզը բավականին պատրաստված է: Չգիտեմ, գուցե մի կողմից էլ լավ է այդ ակնհայտ բազմազանությունը: Այլ խնդիր է` որ քաղաքական տեսակետները որ ժամանակահատվածում ինչի հետ են համընկնում: Մի կողմից էլ չեմ ընդունում այն, երբ ասում են, թե Շիրակը, Գյումրին ընդդիմադիր են: Այստեղ խոսքը քաղաքական տարբեր հայացքների մասին է: Մի տեսակետը հաղթում է, մյուս տեսակետը` պարտվում, և դա չի նշանակում, որ այդ մարդիկ ընդդիմադիր են: Շիրակցին եղել է և կմնա իշխանություն կերտող, հզոր պետականության զգացողություն ունեցող ժողովուրդ: Յուրաքանչյուր պետական պաշտոնյա, քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, ով այսօր պետական կառավարման մեջ ընդգրկված կուսակցությունից է, պետք է կարողանա վերականգնել հավատը պետական պաշտոնյայի նկատմամբ: Ես հանդիպում եմ ունեցել մի շարք հասարակական կազմակերպությունների հետ և մտածում եմ, որ այդքան էլ բարդ չի լինի կառավարելը: Այստեղ իրականում դրսեւորվելու, գործելու հարթակ կա: Մեր ժողովրդին լավ եմ ճանաչում, նրանք չեն սպասում, որ մարզպետը մի գիշերում բոլոր խնդիրները կլուծի:Մեր ժողովուրդն ինձանից սպասում է արդարացի վերաբերմունք բոլոր հարցերին, հարցերի նկատմամբ մարզպետի տեսակետ: Ես ոչ մի հարցի նկատմամբ չեմ լինելու անտարբեր: Ամեն հարցում իմ կոնկրետ մոտեցումները լինելու են: Ինձ լավ ճանաչում են մարզում, ազգաբնակչության հետ շփում շատ եմ ունեցել: Մենք իշխանություն կերտող մարզ ենք, բայց ըմբոստ զավակն էլ է պետք: Ըմբոստ երեխան միշտ էլ ամենաշատին է հասել, ըմբոստ երեխան միշտ էլ ավելի ճիշտ է եղել, և եթե ինչ-որ մի տեղ ընդունում եմ, որ Շիրակի մարզը ըմբոստ է, ասեմ` ըմբոստությամբ կարող ենք ավելին անել և շատ ավելի պահանջներ ներկայացնել: Ես ուզում եմ, որ այդ ամենը լինի ժողովուրդ-իշխանություն համատեղ ուժերով: Ես վստահ եմ, որ ժողովուրդը կլինի իմ կողքին և իշխանությունների առջև լուրջ խնդիրներ դնելու հնարավորություն կտա՝ խնդիրներ լուծելու համար: Եթե ժողովուրդն իմ կողքին լինի, ես ավելի շատ կկարողանամ մարզի խնդիրները վեր հանել և դրանց լուծմանը գնալ: Պետք է ժողովրդին կարողանանք ապացուցել, որ իրենք էլ պարտավորություններ ունեն: Պետք է հասկանան, որ իրենց երկրի, մարզի, քաղաքի առջև պարտավորություններ ունեն: Այդ պարտավորությունները կատարելով՝ ձեռք կբերեն նաև իրավունքներ:
-Շիրակի մարզում և հատկապես` Գյումրիում աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում. շատ մարդկանց անուններ կապվում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, միջադեպեր հաճախ են լինում: Դուք` որպես մարզպետ, ի՞նչ նոր մոտեցումներ եք պատրաստվում ցուցաբերել, որպեսզի Շիրակի մարզի քաղաքացին իրեն ապահով զգա, ի՞նչ եք անելու, որ վերանան նման երևույթները կամ գոնե նվազագույնի հասնեն:
-Շիրակցին հիմա էլ իրեն ապահով է զգում և նախկինում էլ ապահով է զգացել, և եթե ինչ-որ խնդիրներ էլ եղել են, դա բնավ չի նշանակում, որ շիրակցին իրեն ապահով չի զգացել: Չի կարող որևէ կրիմինալ բան, կամ մեկ այլ անունով կոչեք այդ երևույթը, պետական համակարգի հետ ոտք պարզել և փորձել ինչ-որ խնդիրներ լուծել: Կան կառույցներ, որոնց խնդիրն է հակաօրինական երեւույթների դեմ պայքարելը: Ես չեմ ուզում որևէ անձի անուն շոշափել: Իմ կարծքիքով` բոլոր տեղերում էլ վերոհիշյալ երեւույթները կարող են դրսեւորվել: Ինչո՞ւ, մյուս մարզերում չկա՞ն նման բաներ: Իրականում այն, ինչ ներկայացվում է, այնքան էլ այդպես չէ: Եթե լինում էլ են խնդիրներ, իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցերով: Պարզպես ես` որպես մարզպետ, իմ բոլոր հնարավորությունները կօգտագործեմ, որպեսզի լինեմ այդ կառույցների կողքին, շատ խնդիրներ, որոնք տհաճ են մեր հասարակության համար, լուծել: Իհարկե, վստահ եմ նաև, որ ինչ ներկայացվում է, ավելի շատ ուռճացված է ներկայացվում: Երբեմն էլ մարդկանց անուններ են տալիս, ովքեր իրականում շատ հայրենասեր, քաղաքը սիրող մարդիկ են: Լրատվամիջոցներն այս հարցերում պետք է շատ ավելի ուշադիր լինեն, քանի որ հասարակություն դաստիարակելու ֆունկցիա ունեն: Չեղած մարդուն ինչ-որ ֆիգուր են դարձնում կամ էլ «բոբո»: Տպավորությունն ավելի շատ լրատվամիջոցներն են ստեղծում, քան իրականում կա: Գյումրին այն քաղաքներից մեկն է, որ ցանկացած ժամին կինը կարող է դուրս գալ և հանգիստ գնալ իր ցանկացած տեղը: Այս քաղաքը նաև ավանդութներ սիրող, մեծ ու փոքր հասկացող քաղաք է: Պետք է միայն մի բան լավ հիշենք` յուրաքանչյուր ոք պետք է իր պարտականությունները կատարի:
- Գյումրիում առաջիկայում լինելու են քաղաքապետի ընտրություններ, շրջանառվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունները: Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:
-ՏԻՄ ընտրություններն իրենց հետ բերելու են որոշակի լարվածություն, և դա բնական է: Ինչ վերաբերում է Ձեր ներկայացրած անձանց, ասեմ, որ բոլորի հանդեպ էլ ունեմ հարգանք: Իհարկե, ժամանակից շուտ չեմ ուզում որևէ բան խոսել, կանխատեսումներ անել: Շատ մարդիկ կան, որ այս քաղաքում կարող են առաջադրվել, դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Ես վստահ եմ, որ գյումրեցիները ընտրությունները շատ բարձր մակարդակով կանցկացնեն, և որևէ խնդիր չի առաջանա: Ընտրություններից առաջ ես կհորդորեմ բոլորին, որ փոխադարձ վիրավորանքներից զերծ մնան: Որեւէ մեկը դառնալու է քաղաքապետ, և ես չեմ ուզում, որ վարկաբեկված քաղաքապետ ունենանք, վարկաբեկված մարզպետ կամ գյուղապետ ունենանք: Հարցեր կան, որոնք մենք պարտավոր ենք համատեղ լուծել, և ես համոզված եմ, որ կստացվի: Որպես մարզպետ` իմ լիազորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որ ամեն ինչ օրինական եւ խաղաղ անցնի:
-Շիրակի նախկին մարզպետը մեզ հետ զրույցում ընդգծեց Դաշնակցության դերը: Նրա խոսքով՝ մարզի կառավարման գործում մեծ նշանակություն կունենա հենց կուսակցության գործոնը:
-Իհարկե, այլ խնդիր է, երբ անհատ մարդ է նշանակվում այդ պաշտոնի,ն և այլ խնդիր է, երբ կուսակցական է: Բնական է՝ այն կուսակցությունը, որն առաջադրել է իր թեկնածուին, նաև պարտավորություն ունի: Շիրակի մարզի հիմնախնդիրների լուծման մեջ կուսակցական ընկերները կունենան իրենց դերակատարումը: Հաշվի առնելով կուսակցության տարածվածությունն աշխարհում՝ իհարկե, նաև ակնկալում ենք, որ հետագայում հնարավոր կլինեն որոշակի ծրագրեր իրականացնել մարզում: Կարծում եմ, որ պարոն Ցոլակյանը նկատի ուներ այն, որ կուսակցության ներուժը կօգտագործվի` մարզի խնդիրները լուծելու համար:
-Երբ արդեն խոսակցություններ կային, որ Շիրակը նոր մարզպետ է ունենալու, լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, թե մարզի մի քանի գյուղապետեր պատրաստվում են հրաժարական տալ: Կա՞ նման խնդիր:
-Մենք ունենք 117 համայնքի ղեկավար, ովքեր այսօր էլ աշխատում են, իրենց ընթացիկ գործերն են անում: Ինչ վերաբերում է այդ խնդրին, ասեմ`ուրախ եմ, որ մարզպետի աշխատանքը գնահատվել է գյուղապետերի կողմից, դա մի նշաձող է, որից ավելի բարձ ես պետք է աշխատեմ: Կուզենայի նաև այդ օրերի անցուդարձի մասին մեկ-երկու բան ասել: Այդ տեղեկությունները, լրատվամիջոցներում տեղ գտած նյութերն այնքան էլ լուրջ չեմ ընդունում, որովհետև այդ ընթացքում, երբ կարդում էինք լրատվամիջոցներում ներկայացված նյութերը, դուրս էր գալիս, որ Շիրակի մարզը որևէ խնդիր չուներ, բացի մարզպետ փոխելուց: Դուրս է գալիս, որ ես ոսկե մարզ եմ վերցնում: Պատկերացնո՞ւմ եք` ոչ մի խնդիր չունի: Ասում եմ՝ շատ հարգանքով եմ վերաբերվում պարոն Ցոլակյանին, և եթե գյուղապետերը գնահատել են մարզպետի աշխատանքը, ես ուրախ եմ: Իրականում եղել է այն, որ լրատվամիջոցները վերաբերմունք են հարցրել Ցոլակյանի մասին, և բնական է, որ մարդիկ լավ վերաբերմունք են ունեցել և իրենց տեսակետը ներկայացրել են: Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:
Հարցազրույցը` Լուսինե Հակոբյանի