կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-25 20:41
Առանց Կատեգորիա

Զինել հասարակությա՞նը, թե՞ ջնջել բանակի նկատմամբ հավատը

Զինել հասարակությա՞նը, թե՞ ջնջել բանակի նկատմամբ հավատը

Քարվաճառում ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի վնասազերծումից հետո շրջանառության մեջ է դրվել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով զինելու թեման: Դրա մասին խոսակցությունը բացվեց այն ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ճեպազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ քննարկվում է ծառայողական զենքը պայմանագրային զինծառայողների մոտ նաև ծառայությունից դուրս թողնելու հնարավորությունը` նման իրավիճակներում օպերատիվ գործելու և վտանգ ներկայացնող տարրերին վնասազերծելու համար:

 

Նախօրեին այս թեման կարծես թե լրջորեն քննարկվել է նաև Հանրային խորհրդի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում: Դատելով այդ մասին պաշտոնական հաղորդագրությունից` նախագահը դեմ է արտահայտվել` տեսակետը հիմնավորելով նրանով, որ սահմանամերձ շրջանների բնակիչների համար ստեղծված են զենք չկրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Այլ կերպ ասած` սահմանների և բնակավայրերի պաշտպանության խնդիրը, ըստ նախագահի, պատկերացնելի է բացառապես բանակի, զինված ուժերի ռեսուրսներով:

 

Եվ չնայած դրան` թեման ձնագնդի էֆեկտով անընդհատ աճում է, և պաշտպանության ոլորտից դուրս գալով` ձեռք բերում քաղաքական նոր, բայց արդեն կեղտոտ ենթատեքստ: Քաղաքացիական շրջանակներին զինելը զուտ արտաքին թշնամուց պաշտպանվելու հարց չէ: Այն ուղղակիորեն առնչվում է ներքին անվտանգությանը: Պատից կախված հրացանը, ինչպես հայտնի է, ինչ-որ պահի միշտ կրակում է: Իսկ որքան այդ պատերը և դրանցից կախված հրացանները շատ են, այնքան կրակոցները ևս շատ են հնչելու: Եվ դա ապացուցված իրողություն է:

 

Դեռ ոչ վաղ անցյալում իրար ետևից սկսեցին կրակել այն ատրճանակները, որոնք որպես պարգև, տարբեր անձանց նվիրում էր նախկին, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Որքան շատ են զինված մարդիկ, այնքան փոքր է թե նրանց, և թե ընդհանրապես զենքի կիրառման դաշտը վերահսկելու հնարավորությունը: Իսկ այսօր Հայաստանում զինված մարդիկ չափից ավելի շատ են: Բոլոր նրանք, ովքեր ունեն զենք գնելու հնարավորություն և ցանկություն, այն ձեռք են բերում` օգտվելով որսորդական միության անդամ լինելու և դրա համար զենք կրելու լիցենզիա ստանալու օրենսդրական խողովակից:

 

Երբ խնդիրն առնչվում է քաղաքացիական շրջանակներին զինելուն, այլևս անիմաստ է դառնում քննարկել` խոսքը սահմանամերձ շրջանների բնակիչների՞ն է առնչվում, թե՞ ոչ սահմանամերձներին: Որովհետև այդ զենքը որքան հաջող կարող է կրակել սահմանին կամ դրան մերձ տարածքներում` արտաքին թշնամու վրա, այնքան հաջող էլ կրակելու է խորը թիկունքում` արդեն ներքին անձնական թշամու, քաղաքական հակառակորդի ուղղությամբ: Եվ հենց այստեղ է թաքնված «շան գլուխը», որովհետև, ըստ էության, խնդիրը դառնում է ոչ թե արտաքին թշնամուց ինքնապաշտպանվելը, այլ ինքնապաշտպանվելը առհասարակ:

 

Մի կատեգորիա, որը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի: Ոմանք դա հասկանում են հավեսի համար փողոցում անկանոն կրակոցներ արձակելով, մյուսները օրը ցերեկով Երևանի կենտրոնում միմյանց հետ հաշիվները ավտոմատային կրակահերթով մաքրելու ձևով, ռազբորկանելով, ավելի խղճովները` օդ կրակելով բավարարվելով: Հայաստանում հանցավորության մակարդակը վերջին շրջանում էականորեն ավելացել է: Հանցագործությունների մի ստվար մասը կատարվում է հրազենի կիրառությամբ: Եթե վիճակը դժվար վերահսկելի է հիմա, ի՞նչ է լինելու այն ժամանակ, երբ հանկարծ որոշվի զինել այսպես կոչված սահմանամերձ շրջանների բնակիչներին:

 

Արդյոք դա ավելացնելո՞ւ է սովորական քաղաքացու անվտանգության մակարդակը: Այդ տեսակետը պաշտպանողները բերում են այն փաստարկը, թե որքան շատ մարդ զենք ունենա, այնքան կզգուշանան միմյանց նկատմամբ ոտնձգություններից: Դրանում, իհարկե, տրամաբանություն կա, և որոշ երկրներ հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում են: Բայց դրանք այն երկրներն են որտեղ գործում է արդարադատության համակարգը և հարգվում են մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները, երբ զենքն իսկապես պաշտպանվելու, այլ ոչ թե հարձակվելու և ինքնահաստատվելու միջոց է ընկալվում:

 

Արդյոք Հայաստանն իր դատաիրավական համակարգով, մշակութային, մենթալիտետի առումով գտնվում է այնպիսի վիճակում, որ, անկախ ամեն ինչից, հասարակական կարգի, անվտանգության խնդիրը թողնի միջանձնային հարաբերություններին, մարդկանց` միմյանցից վախենալու զգացողություններին: Սա նշանակում է գնալ դեպի Լինչի դատաստանի լեգիտիմացման` որպես արդարադատության ու արդարության հաստատման միակ գործող կանոնի: Եթե երկրում չկա կամ բավարար չէ արդարադատությունը, չի գործում իրավապահ համակարգը, միևնույնն է` հիմնական կրակողը շարունակելու է մնալ արտոնյալների ու անպատժելիների նույն շերտը` նույն հղփացած, լկտի մասսան` իրենց զավակներով, սափրագլուխների բանակներով ու թայֆաներով: Սա զուտ ներհասարակական հարաբերությունների դաշտում:

 

Իսկ ի՞նչ է լինելու ներքաղաքական բախումների մակարդակում: Ընդամենը այն, որ հող է պատրաստվում` երկիրը տանելու դեպի պերմանենտ արյունարբու հեղափոխությունների, քաղաքացիական պատերազմների դաշտ: Այն ուժերը, որոնք այդ ճանապարհով կարող են գալ իշխանության, արագորեն ընկնելու են նույն ճանապարհով իրականացված հեղաշրջումների ու հեղափոխությունների արդյունքում: Գուցե Սերժ Սարգսյանը գործող իշխանության դեմ նման անտեսանելի բանակ չհանելու մտավախությունից ելնելով է դեմ ազգաբնակչությանը զինելուն: Նա, առավել քան որևէ մեկը, ունի դրանից երկյուղելու բոլոր հիմքերը:

 

Բայց ի՞նչ են շահելու նրանք, ովքեր այդ ճանապարհով գալու են իշխանության: Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում և ԼՂՀ-ում կատարյալ քաոսային իրավիճակ էր` հենց քաղաքներում ու գյուղերում զենքով ազատորեն պտտվող այն մարդկանց ու խմբավորումների պատճառով, որոնց թվում էր, թե պատերազմի օրենքները գործում են նաև ներհասարակական հարաբերություններում, ովքեր մտածում ու գործում էին այսպես կոչված «պատերազմի սինդրոմով»: Գուցե ոմանք որոշել են վերադարձնե՞լ այդ «հին ու բարի» ժամանակները: Եթե այո, ապա պետք է նայեն Ուկրաինայի արևելքին, որովհետև նույն վիճակը կարող է ստեղծվել Հայաստանում և պետք է պատասխանեն այն հարցին, թե ինչո՞ւ և արդյոք բոլոր միջոցնե՞րն են արդարացնում նպատակը: Պետք է հստակեցնել նաև այդ նպատակը. դա հացագործների՞ն էլ ավելի զինելն է, թե՞ զինաթափելը, երկրի արտաքին ու ներքին անվտանգության ապահովման գործառույթը պետությանը վերադարձնե՞լն է, թե՞ վերջնականապես այն նրանից խլելն ու քրեաօլիգարխիկ կուռ համակարգին հանձնել, պետությունը նրանց հրազենի փողերը մաքրող ինչ-որ մեքենայի վերածելը:

 

Մինչդեռ ազգաբնակչութանը զինելու գաղափարը համառորեն առաջ մղելը արդեն այս պահին ունի մեկ կոնկրետ և վտանգավոր հետևանք. հասարակության մեջ ենթագիտակցական մակարդակով կաթիլ առ կաթիլ արմատավորվում է այն համոզմունքը, որ ազգային բանակն ի վիճակի չէ լուծելու իր արտաքին պաշտպանության խնդիրը: Գուցե բանակի նկատմամբ հավատը վերջնականապես արմատախիլ անելու խնդի՞ր է դրվել...

 

Գևորգ Աղաբաբյան