կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 12:30
Հասարակություն

Հայաստանում մեծ է հետաքրքրությունը չինարեն լեզվի և մշակույթի նկատմամբ. Լևոն Մկրտչյան

Հայաստանում մեծ է հետաքրքրությունը չինարեն լեզվի և մշակույթի նկատմամբ. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունները գերակա են մեր երկրի համար, հատկապես` կրթամշակութային ոլորտում:

«Հայաստանը և Չինաստանը` որպես երկու հնամյա ժողովուրդներ և քաղաքակրթություններ, միասնական առաքելություն կատարելու խնդիր ունեն: Առհասարակ, Չինաստանը` որպես պատմականորեն մեծ ներուժ ունեցող երկիր,  մեզ համար կարևոր գործընկեր է»,-նշել է նախարարը` ընդգծելով Վ. Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև ԵՊՀ-ում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում:

Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կենտրոնի մասնաճյուղերը ՀՀ մարզերում բացելու հնարավորությանը, քանի որ, ըստ նախարարի, մեր երկրում մեծ է հետաքրքրությունը չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ: Լևոն Մկրտչյանի խոսքով` այդ մասին է վկայում միջպետական համաձայնագրի շրջանակում չինական կողմի տրամադրած կրթաթոշակների համար անցկացվող մրցույթի մասնակիցների մեծ թիվը: ԿԳ նախարարը կարևորել է նաև Երևանում Չինական դպրոցի կառուցման աշխատանքները` ընդգծելով, որ հայկական կողմի համար այն կարևոր նախագիծ է: Նա հույս է հայտնել, որ հետագայում դպրոցի բազայի վրա կունենանք միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններ: Այս համատեքստում նախարարը մատնանշել է որակյալ մասնագիտական կադրերի խնդիրը: Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև մեր երկրում բնական գիտությունների և, առհասարակ, գիտության զարգացմանը` այդ հարցում ակնկալելով չինական փորձը: Նրա խոսքով` գիտության ոլորտում մեր երկիրը մեծ ներուժ ունի. ներկայումս առկա է դրան  նոր թափ տալու խնդիրը:

Դեսպանը Թիան Էրլունին իր հերթին հույս է հայտնել, որ Լևոն Մկրտչյանի` որպես փորձառու նախարարի ղեկավարման օրոք, հայ-չինական համագործակցությունը կրթության և գիտության ոլորտում նոր զարգացում կստանա:  Ըստ դեսպանի` ներկայումս այդ հարաբերությունները շատ արդյունավետ են, մասնավորապես, դիպլոմների փոխճանաչման, ուսանողների փոխանակման և այլ հարցերի տեսանկյունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՆ-ին` Կոնֆուցիոսի կենտրոնի աշխատանքներին աջակցելու համար` ընդգծելով միջբուհական կապերի կարևորությունը: Դեսպանն անդրադարձել է նաև ՉԺՀ Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի և Պեկինի համալսարանում հայոց լեզվի` որպես ֆակուլտատիվ առարկայի դասավանդման հարցերին: Բացի այդ` դեսպանն ընդգծել է, որ չինական դպրոցը վստահաբար կդառնա հայ-չինական բարեկամության խորհրդանիշը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: