կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-26 13:37
Արցախ

Աշխարհում աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ

Աշխարհում աճում է  հետաքրքրությունը Արցախի նկատմամբ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. առաջին կիսամյակում ԼՂՀ է այցելել ավելի քան 3 հազար օտարերկրյա քաղաքացի, դա 49 տոկոսով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հարուցած խոչընդոտներին եւ ԼՂՀ այցելած օտարերկրացիներին անցանկալի անձ հայտարարելուն` աշխարհում աճում է Արցախի նկատմամբ հետաքրքրությունը: 2010թ. առաջին կիսամյակում, դրան նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, նույնպես արձանագրվել էր զբոսաշրջիկների թվի էական` 45 տոկոսանոց աճ»,- նշվում է ԱԳՆ մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության մեջ:

Արցախ այցելողների թվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ: Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Վերջին շրջանում ԼՂՀ ավելի հաճախակի են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ դ'Իվուարից եւ այլ երկրներից:

Զբոսաշրջիկներին հրապուրում են ոչ միայն հնագույն պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային եւ տաք աղբյուրները, այլեւ արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը:

Հյուրերն այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հնագույն քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի թանգարան, ինչպես նաեւ բազմաթիվ հին հայկական ամրոցներ:

ԼՂՀ ԱԳՆ-ում համոզված են, որ Արցախում զբոսաշրջության զարգացմանը զգալիորեն կնպաստի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Իսկ թե օդանավակայանը ե՞րբ կգործարկվի, դեռեւս ժամկետներ չեն նշում: