Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրակի օրը «Հայաստան» հիմնադրամի ճաշկերույթ-դրամահավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպին հայաստանյան իշխանական ու մերձիշխանական տարբեր շրջանակներ արձագանքեցին՝ հպարտորեն տարածելով Կանադայում ՀՀ դեսպան նշանակված Անահիտ Հարությունյանի ելույթը միայն: Նա Հայ Կենտրոն իր մուտքն արգելող երիտասարդ ՀՅԴ-ականներին նախ հորդորել էր գնալ Հայաստան, համալրել մեր հայկական բանակի շարքերը, ապա շեշտել, թե՝ ՀՀ-ն ընտրել է այս իշխանությանը:
Տիկին դեսպանի ելույթն իրականում չափազանց խոցելի էր. Անահիտ Հարությունյանը հավանաբար մոռացել էր, որ ՀՀ իշխանություններն արգելում են ակտիվ դաշնակցականների մուտքը Հայաստան՝ նրանց համարելով անցանկալի անձինք (ի դեպ, այս կուսակցության տարբեր անդամներ անցանկալի անձ են հայտարարվել նաև Թուրքիայում և Ադրբեջանում), ապա նաև գուցե չէր հիշել, որ իրականում այս իշխանություններին ընտրել է ընդամենը ՀՀ 680 հազար քաղաքացի և ոչ թե՝ ողջ Հայաստանը:
168.am-ն այսօր լսել է նաև դեսպանի մուտքն արգելած ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության (ԳԵՄ) Սիմոն Զավարյան մասնաճյուղի անդամներից Սարգիս Քլբոզյանին:
«Մեր պահանջն այն էր, որ այս ներկա դավաճան իշխանությունից ներկայացուցիչ չպետք է արտոնենք մեր շենքից ներս: Եվ փորձեցինք մի քանի անգամ հստակեցնել՝ մեր միակ նպատակն այն էր, որ դեսպանը ներս չմտնի, դրանից զատ՝ չէինք ուզում որևէ կերպ խոչընդոտել ձեռնարկի իրականացմանը, քանի որ տեղյակ էինք ՝ ձեռնարկն Արցախի հայերի համար էր»,- պատմեց Սարգիս Քլբոզյանը:
Մեր հայրենակիցը, սակայն, հավելեց, որ դրամահավաքին ներկա՝ ներսում գտնվող հյուրերից մի քանիսը, որոնք հավանաբար այս իշխանությունների համակիրներն էին, փորձել են վիրավորել իրենց նախաձեռնության անդամներին՝ նրանց անվանելով ազերիներ:
«Նրանք մեզ նույնիսկ ասեցին՝ մենք ինչ գիտենք մինչև հիմա, սխալ է, որ մեզ մեր հայրերն ու մայրերը սխալ են սովորեցրել: Նրանք մի քանի անգամ մեզ ասացին՝ քանի որ դաշնակ եք, հայ չեք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ դեսպանի ելույթից հետո այդ մարդիկ առավել են ակտիվացել և նույնիսկ նախաձեռնության աղջիկ անդամներից մեկին են հարվածել։
Անդրադառնալով դեսպանի հորդորներին՝ Սարգիս Քլբոզյանը շեշտեց, որ դեսպանի դիմաց այդ պահին կանգնած էին մարդիկ, որոնք օրուգիշեր ծառայում են ազգին, աշխատում են Հայաստանի ու Արցախի շահերի համար:
Աղբյուրը՝ 168.am