կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 12:54
Քաղաքական

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները չեն հետաձգվի

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները չեն հետաձգվի

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա բարձրաձայնեց այն մասին, որ ԱԺ ղեկավարությունը որոշել է այս քառօրյայում քննարկել Ընտրական նոր օրենսգիրքը, սակայն այդ կարևոր փաստաթղթի շուրջ դեռ չկա իշխանություն-ընդդիմություն-հասարակություն կոնսենսուսը:

«Ինչպես գիտեք, 4+4+4 ձևաչափն արդյունք չտվեց, կոնսենսուս չկայացավ, իշխանությունը մերժեց ընդդիմության առաջարկները»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում, որ այս պահին քննարկումներ ծավալվեն ԸՕ-ի շուրջ, և առաջարկում է հետաձգել քննարկումը:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ չի կիսում Զուրաբյանի կարծիքը: «Բնականաբար, մենք էլ ենք ափսոսում, որ այդ ձևաչափով կոնսենսուս չստացվեց, բայց դա միակ ֆորմատը չէ: Մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է: Պատրաստ ենք քննարկել, բայց փոխզիջումն ու ուլտիմատումը պետք է տարանջատենք: ԸՕ-ի վրա դեռ կարելի է աշխատել ու հանգել փոխզիջումների»,- ասաց նա:

Շարմազանովը հավելեց, որ պետք է այս լարված պահին մի կողմ դնել քննադատությունները և սկսել կառուցողական աշխատանք: