Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի եզրափակիչ նիստի օրակարգը հագեցած էր օրենսդրական նախագծերով:
ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացնելով «ԱՀ ընտրական օրենսգիրք» օրենքի նախագիծը, ասել է, որ Ընտրական օրենսգիրքը կազմվել է գործողի հիմքի վրա և ՀՀ-ում գործող այսօրվա Ընտրական օրենսգրքի որոշակի դրույթների համաձայն:
Օրենքի նախագծով սահմանվել են պատգամավորների տարիքային նվազագույն ցենզը՝ 25 տարի, Ազգային ժողովի լրիվությամբ համամասնական ընտրակարգով ընտրվելու հարցը եւ ընտրությունների արդյունքների հաշվարկման մեխանիզմները:
«ԱՀ ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության տեսակետը հայտնել է խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:
«Հարգելի գործընկերներ,
«ԱՀ ընտրական օրենսգիրք»-ը մեր երկրի ժողովրդավարական համակարգի ձևավորման գործընթացում արմատական նշանակություն ունի: Սակայն, այսքան կարևոր օրենքի նախագիծն ինչու է նախատեսվել «անհետաձգելի կարգով» արագ տեմպերով ընդունել:
Մեր կարծիքով՝ պետք է բավական ժամանակ տրամադրվի ավելի լայն և խորը քննարկումներ ծավալելուն:
Ինչևիցե, «Դաշնակցություն» խմբակցությունը, ուսումնասիրելով օրենքի նախագիծը, ունի բազում առաջարկներ, որոնք կներկայացնենք մինչև օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը:
Մասնավորապես, ունենք ուրույն կարծիքներ արձանագրությունների անմիջապես հրապարակման էլեկտրոնային համակարգի ներմուծման, ընտրություններին մասնակիցների ցուցակի հրապարակման, կրկնակի քվեարկությունը բացառող միասնական ցանցի ստեղծման, ընտրությունների հնարավոր կեղծիքների ծավալ արձանագրող գործիքակազմի ստեղծման, ԿԸՀ անդամների մշտական վճարովի աշխատանքի սկզբունքի և այլ դրույթների մասին:
«Դաշնակցություն» խմբակցությունը կարևորում է նաև ԱԺ ընտրությունների անցկացման բաց ցանկերով համամասնական ընտրակարգը, երբ ժողովուրդն է նախապատվություն տալիս կուսակցության ցանկերում ներառված թեկնածուներին: Արդյունքում ստացվում է, որ ոչ թե կուսակցությունն է որոշում մանդատի բաշխման հերթականությունը, այլ՝ ընտրողը, ժողովուրդը:
«Դաշնակցություն» խմբակցությունը մանրամասնորեն գրավոր ձևակերպելու է իր բոլոր առաջարկները և ներկայացնելու է համապատասխան քննարկման»:
Արդարադատության նախարարի եզրափակիչ ելույթից հետո խորհրդարանը 25 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտրական օրենսգիրքը: