կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 18:00
Տնտեսական

Վարկը սակագնի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Ռոբերտ Նազարյան

Վարկը սակագնի վրա որևէ ազդեցություն չի ունենալու. Ռոբերտ Նազարյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հանրությունը սխալ է ընկալում ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու տրամաբանությունը:

«Էներգետիկայի նախարարության վեբկայքում հստակ գրված է, որ ՀԷՑ-ը չի վերցնում այս վարկը, սա ատոմակայանին ու ՋԷԿ-ին է տրամադրվում: Սա որևէ ձևով սակագնի հետ չի առնչվում»,- ասաց նա:

Պնդմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀԷՑ-ի հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ նախարարությունը հայտարարում է, որ իրենք հետագայում վարկի տոկոսները վերցնելու են հենց ՀԷՑ-ից, սակայն ՀԷՑ-ն էլ շեշտում է, թե ֆինանսական առողջացման նպատակով չի ներգրավել և չի նախատեսում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից: Հարցին, թե հիմա ո՞ր կառույցն է ստում, Նազարյանը պատասխանեց. «Ես իմ ասածների պատասխանատուն եմ, և այդ վարկային միջոցները, որոնք ներառվելու են Համաշխարհային բանկի կողմից` նշված որոշումով, ես միանշանակ հայտարարում եմ, որ սակագնի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենալու»:

Նշենք նաև, որ այսօր ԱԺ-ում Ռոբերտ Նազարյանը, պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե այս տարվա օգոստոսին սակագնի վերանայում կլինի՞, ասել էր, որ այս տարվա օգոստոսի 1-ին 23,4 միլիարդ դրամը սակագնից դուրս է գալու: Դիտարկմանը, թե այս ծախսերը փակելու դեպքում սակագինը կնվազի՞, նա արձագանքեց. «Ես ասում եմ, որ դա դուրս կգա, բայց միայն մի գործոնով դժվար է գնահատել: Սպասեք մի քանի ամիս, էլեկտրաէներգետիկական հաշվեկշիռ կունենանք, դրամ-դոլար փոխարժեքի հարաբերակցություն կունենանք, սահմանի վրա գազի գնի վերջնական մեծությունը կունենանք, և որոշում կկայացվի: Սակագինը միագործոն չէ, այլ բազմագործոն է»: