կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-25 17:50
Քաղաքական

Նախապայմանները և սպառնալիքները ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Նախապայմանները և սպառնալիքները ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա. ԱԳՆ խոսնակը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ. Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնելուն: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել նրա կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները, գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով, հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և  հանձնառու բոլոր կողմերի համար իրապես ընդունելի հանգուցալուծում գտնել»,- նշել ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն Интерфакс-Азербайджан-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ: Ըստ Մամեդյարովի` նախկինում հայկական ու ադրբեջանական համայնքներն ունեցել են շփումներ, որոնք «ցավոք, խզվել են Հայաստանի նախկին ղեկավարության գործողությունների հետևանքով»: