Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բաժանմանն ուղղված օրինագծի շուրջ նախորդ շաբաթ խորհրդարանում ծավալված քննարկումները ցույց տվեցին, որ քաղաքական որոշ ուժերի համար թիրախը ոչ թե կառավարման արդյունավետության տեսանկյունից նախարարության բաժանման նպատակահարմարությունն էր, այլ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը։ Նման թիրախավորումն անում էին ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, որոնք ոչ միայն ոչ վաղ անցյալում իրենք էին ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հարաբերությունների մեջ, այլև լիարժեք պատասխանատվություն էին կրում թե\' կառավարության կառուցվածքային փոփոխությունների, թե\' կառավարման համակարգի արդյունավետության համար։
ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը, օրեր առաջ 1in.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, ասել էր․ «Մենք եղել ենք կոալիցիայում, ես մեկ բան վստահաբար կարող եմ ասել, որ եթե կա մեկ ուժի քաղաքական մենաշնորհ, և եթե դու չունես իրական ազդեցություն երկրում քաղաքական որոշումներ կայացնելու վրա, ամեն դեպքում մնում ես երկրորդ կարգի, պահեստային նստարանին նստող խաղացող»: Այս հայտարարությունը Զոհրաբյանն արեց ԲՀԿ-ում ծավալված քաղաքական բանավեճերից հետո, որոնք վերաբերում էին իշխանություններից համագործակցության կամ կոալիցիա կազմելու առաջարկ ստանալու դեպքում այն ընդունելու նպատակահարմարությանը։ Այս առումով ԲՀԿ ներկայիս նախագահն անկեղծացել էր․ «Ես չեմ թաքցնում, այո՛, մեր կուսակցությունում ևս եղել են նման քննարկումներ, որ միգուցե արժե ընդունել բաց առաջարկի հրավերը և քննարկել համագործակցության ինչ-ինչ ֆորմատներ: Ավելին՝ վերջին 2 օրերին այդ քննարկումները կուսակցությունում շատ ավելի բուռն էին, բայց իմ դիրքորոշումը, որպես կուսակցության ղեկավարի, և նաև իմ մի քանի ընկերների դիրքորոշումը հետևյալն է՝ չի կարող արդյունավետ լինել մեկ տարվա կոալիցիան»։ Նորից հիշեցնենք, որ ԲՀԿ-ում այս բանավեճը ծավալվել էր ՀՀԿ-ից նման առաջարկ ստացած չլինելու, դրա բացակայության պայմաններում։
Զոհրաբյանն, իհարկե, ճիշտ է, երբ կարծում է, որ քաղաքական որևէ ուժի մենաշնորհի պայմաններում արդյունավետ կոալիցիա լինել չի կարող։ Բայց տարօրինակ է, որ դրա մասին ԲՀԿ-ն և անձամբ Զոհրաբյանը չէին հիշում այն ժամանակ, երբ, զրկված լինելով քաղաքական որոշումների վրա ազդեցության հնարավորությունից, մինչև 2012թ․ կայացած խորհրարանական ընտրությունները շարունակում էին մնալ իշխանական կոալիցիայում։ Ավելին` 2012թ․ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից և դրանց արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն կրկին բացարձակ մեծամասնություն ձևավորելու մանդատ է ստացել, ընդհուպ մինչև մայիսի 24-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ կուլիսային բանակցությունների մեջ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու պայմանների շուրջ։ Հիշողության հետ խնդիրներ ունեցողներին պետք է հիշեցնել, որ այդ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին միայն այն պատճառով, որ ՀՀԿ-ն մերժեց վարչապետի պորտֆելը ԲՀԿ-ին շնորհելու պահանջը, և այդ պատճառով Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց 2013թ․ կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Եթե ԲՀԿ-ի համար այդքան սկզբունքային էր ՀՀԿ-ի՝ մենաշնորհ ունենալու պարագայում նրա հետ կոալիցիա չկազմելը, ապա ինչո՞ւ էր ԲՀԿ-ն` ի դեմս կուսակցության ղեկավարի, կոալիցիա ձևավորելու պայմանների և ստանալիք պորտֆելների շուրջ Սերժ Սարգսյանի հետ բանակցում։
Այս հարցադրումը, ի դեպ, ակտուալ է նաև հիմա։ 2012թ․Ծառուկյանը բանակցությունները վարում էր գոնե ՀՀԿ-ից ստացված առաջարկի հիման վրա։ Մինչդեռ որևէ ռացիոնալ բացատրություն չկա, թե ինչպե՞ս կարելի է ներկուսակցական քննարկման դնել իշխող կուսակցության հետ կոալիցիայի մեջ մտնել-չմտնելու հարցը, երբ դեռ չգիտես՝ քեզ նման առաջարկ արվելո՞ւ է, թե՞ ոչ։ Ընդ որում՝ հետաքրքրականը ոչ այնքան քննարկում կազմակերպելն էր, որքան դրա մասին նախ տեղեկատվական արտահոսք թողնելը, ապա փաստն ընդունելը և դեմքի լուրջ արտահայտությամբ նման հիպոթետիկ հնարավորությունը բացառելը։ Սա նման է այն երեխային, ով տիկնիկի հետ տունտունիկ է խաղում՝ դրան երևակայության ուժով իրական ընկերուհու կամ բալիկի տեղ դնելով։
Ո՞րն էր այս դեպքում ԲՀԿ-ի` «տունտունիկ» խաղալու իմաստը` ՀՀԿ-ին անուղղակի խնդրելը, որ իրենց կոալիցիա մտնելու առաջա՞րկ անի, ԲՀԿ-ում իսկապես հավաքված են մարդիկ, ովքեր պատրաստ էին դեռ կոալիցիայի «ջուրը չտեսած՝ բոբիկանա՞լ», թե՞ պարզապես ԲՀԿ-ում չեն համակերպվում այն մտքի հետ, որ իշխանությունը ոչ թե իրենց է համագործակցելու առաջարկ անում, այլ 5 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի/այս թիվը ԲՀԿ-ականները սիրում են շեշտել/, և սա զուտ չարախնդության դրսևորում է։ Սա, իհարկե, ԲՀԿ-ի խնդիրն է։
Բայց այս հիվանդագին երևույթներն իրենց մեջ մի դրական տարր պարունակում են։ Դրանք խոսում են, խորհրդարանական համակարգին անցնելով պայմանավորված, մեր քաղաքական մտածողությանն ու մենթալիտետին դեռևս խորթ նոր փոփոխությունների մասին։ Այն փաստը, որ ՀՀԿ-ն երկարաժամկետ կտրվածքով համագործակցության առաջարկ է անում ոչ թե մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժին՝ ԲՀԿ-ին, այլ ԱԺ-ում ընդամենը 5 հոգանոց խմբակցություն ունցող ուժին, ցույց է տալիս, որ տեղի է ունենում իշխանության ձևավորման՝ մինչ այժմ Հայաստանում հաստատված խաղի կանոնների վերանայում։ Դրա էությունն այն է, որ ոչ միայն պարտադիր չէ, որ իշխանությունը ձևավորվի խորհրդարանում երկու ամենամեծ խմբակցություններն ունեցող ուժերի միջև, ինչպես Հայաստանի քաղաքական պատմության մեջ եղել է միշտ, այլև, որ գուցե շատ ավելի արժեքավոր է, երբ մեծությամբ առաջին կամ երկրորդ խորհրդարանական ուժը ներկայացնում է հակառակ քաղաքական բևեռը, այսինքն՝ ընդդիմությունը։ Սա բխում է, մի կողմից, քաղաքական համակարգի կայացման հրամայականից, երբ ուժեղ իշխանությանը հակակշռում է ուժեղ ընդդիմադիր բևեռը՝ ստիպելով առանցքային որոշումները կայացնել ընդդիմության հետ կոնսենսուսի միջոցով, իսկ մյուս կողմից՝ նոր Սահմանադրության՝ խորհրդարանում գործունակ ընդդիմություն ունենալու պահանջից։ Իսկ սա ենթադրում է, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությունը դեռ ապագա իշխանության ձևավորման նախադրյալ չէ, դրա համար նախ անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններում առնվազն պահպանել ներկայիս հարաբերակցությունը։ Հետևաբար, նույն հաջողությամբ իշխանություն ձևավորելու հայտ կարող է ներկայացնել նաև ԲՀԿ-ն կամ քաղաքական դաշտի ընդդիմադիր բևեռն իր շուրջը բյուրեղացնող ու հանրային վստահություն վաստակող ուժը՝ համագործակցելով այլ միավորների հետ։
Բայց դրա համար նախ պետք է դառնալ այլընտրանքային բևեռի առանցքը ոչ թե ֆորմալ առումով, այլ բովանդակությամբ, ձեռք բերել հանրային վստահություն և դրանից հետո միայն հավակնել մեծամասնություն ձևավորելու մանդատին։ Ունի՞ այդ պոտենցիալը ներկայիս ԲՀԿ-ն, որը դեռ չի կարողանում հաղթահարել հետփետրվարյան ցնցումները։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ կառավարության գործունեությունից գոհ չլինելու մասին հայտարարող, բայց այդ նույն կառավարության ներկայացրած բյուջեին կողմ քվեարկող, խորհրդարանական կառավարման համակարգի դեմ հանդես եկող, հետո այդ համակարգի ջատագովը դարձող, իշխանությանը համագործակցության առաջարկն անուղղակիորեն ինքն անող ուժը կարող է հավակնել նման դերակատարության․․․ Կապրենք, կտեսնենք։
Գևորգ Դարբինյան