Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փարաջանովի տուն-թանգարանի դիմաց գտնվող Ձորագյուղի 19 եւ 21 տները Ազգագրական թաղամասի 21 հասցեի հողամասի հետ սահման ունեն: Մինչեւ 2009 թվականը հիշյալ տների սեփականատերերը որեւէ սահմանային խնդիր չեն ունեցել:
Երկու տարի առաջ այդ տարածքում 6 հարկանի շենքի շինարարություն է սկսել «Ֆինստրոյ-Արտհաուզ» ՍՊԸ-ն, որը շինարարության թույլտվություն ստացել է միայն 2011 թվականի ապրիլի 19-ին: Բացի այն, որ մինչեւ վերջերս շինարարությունն իրականացվել է առանց թույլտվության, շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը տեսանելի վայրում չի էլ ամրացրել այդ մասին իրազեկող համապատասխան ցուցանակ: Ընկերության տնօրենի օգնական Վաղարշակ Մինասյանը ընդունում է իրենց մեղքը, սակայն չի ասում, որ մարդկանց ինքնասպանության են հասցրել:
Ամիսներ առաջ Հակոբ Ստեփանյանը, ով իր եղբոր որդու` Ձորագյուղ 19 եւ 21 տների սեփականատեր Կարեն Գարգարյանի ներկայացուցիչն է, ինքնասպանության փորձ է կատարել` այդպիսով փորձելով կանխել իր ընտանիքի սեփականության դեմ ոտնձգությունները:
«Ամիսներ առաջ Երեւանի Կենտրոնի ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչները եկել են մեր տուն, բռնություն են կիրառել քրոջս եւ ազգականուհուս հանդեպ: Քույրս զանգահարեց ինձ, ես հասա տուն` արդեն հասցրել էին մեր տան պարիսպը քանդել, եւ իմ տարածքում` իմ սեփական տարածքում, հիշյալ ընկերությունը շինարարություն է իրականացնում: Ես էլ այդ ամենը կանխելու համար ինքնասպանության փորձ եմ կատարել` կտրելով արյունատար անոթներս»,- «Երկիր»-ին պատմեց Հակոբ Ստեփանյանը:
Նա նաեւ հայտնեց, որ ինքն առաջարկել է տարածքների սահմանների ճշգրտում կատարել: «Մինչ օրս դիմել եմ բոլորին` էլ Հայաստանի նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, Ազգային անվտանգության խորհուրդ, քաղաքապետին, ՀՀ ոստիկանապետին եւ դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, եւ ոչ մի տեղից պատասխան չեմ ստացել: Միայն Հայաստանի նախագահի վերահսկողության բաժնից են եկել եւ ծանոթացել վիճակին»,- նշեց Հ. Ստեփանյանը:
Ի դեպ, Ձորագյուղ 19 եւ 21 տների տերերն այդտեղ բնակվում են 1950-ականներից, իսկ, ինչպես մեր զրուցակիցը հայտնեց, նորակառույցի ներդրողները ազգությամբ թուրքեր են, փաստ, որի վերաբերյալ «Ֆինստրոյ-Արտհաուզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները մեզ որեւէ պատասխան չտվեցին:
Ընկերության տնօրենի օգնական Վաղարշակ Մինասյանը միայն հավաստիացրեց, որ բարձրահարկ շենքը չի փակելու հետնամասում գտնվող Փարաջանովի տուն-թանգարանը:
«Մենք չենք փակելու թանգարանի շենքը: Հակառակը` մենք ամեն ինչի մասին մտածել ենք, եւ թանգարան այցելողները կարող են օգտվել նաեւ հետագայում այստեղ կառուցված պուրակից: Իսկ կառուցվող շենքը լինելու է բնակելի»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանը:
Հարցին, թե շինարարությունն ունի՞ բնապահպանական փորձաքննության համապատասխան փաստաթուղթը, ընկերության ներակայացուցիչը հայտնեց, որ ունեն, սակայն ներկա պահին իրենց ձեռքի տակ չէ:
Գալուստ Նանյան
Լուսանկարները` հեղինակի