Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Աբովյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինչպես իր ինքնասպանության մասին լուրերն էին սուտ, այնպես էլ այն, որ իր որդու և տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել:
Նշենք, որ մամուլում արդեն երկու օր է` լուրեր են շրջանառվում, թե իբր փետրվարի 13-ի գիշերը թեժ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գագիկ Բեգլարյանի կողմնակիցների (մե\'կ նշվում է՝ թիկապահներ, մե\'կ` որդի, մե\'կ էլ՝ եղբոր փեսա) և «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդու՝ Սերգեյ Աբովյանի միջև:
«Սուտ է էդ ինֆորմացիան: Ոնց որ էն անգամ էլ տվել էին, որ ես ինքնասպանություն եմ կատարել: Էդ ի՞նչ ստից բաներ են, չկա տենց բան: Իմ էրեխեն Չինաստանում ա, էս տասը օր ա, էս ի՞նչ են գրում: Իմ տղեն գնացել ա` Չինաստանից ապրանք բերելու»,- ասաց Անդրանիկ Աբովյանը` հավելելով. «Կարող ա մեկը գլուխ գովալու համար ասել ա` էս ինչ մարդն եմ, կամ չգիտեմ` ինչ ա արել իրա ապահովության համար: Ի՞նչ իմանամ»:
Ըստ նրա` իր և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ մտերմիկ են: «Իրար կողք կողքի տներում ենք ծնվել, մեծացել: Համակուրսեցիներ ենք, միասին սովորել ենք ժողինստիտուտում, մինչև հիմա էլ լավ հարաբերությունների մեջ ենք, ամեն տեսնելուց փաթաթվում ենք իրար: Սաղով իրար հետ մոտիկ ենք, սաղ օր գնալ-գալ կա` Հակոբի հետ, Յուրայի հետ»,- վստահեցրեց Աբովյանը և ընդգծեց, որ եթե նման վիճաբանություն լիներ, ինքն անպայման տեղյակ կլիներ:
Հարցին, թե որդին նո՞ր է Չինաստան գնացել, պատասխանեց. «Չէ, ամիսը երկու անգամ միշտ էլ գնում է, խանութի համար ապրանք է բերում: Ես չգիտեմ` ինչի՞ ա տենց բաներ տարածվում, կարող ա մեկը տենց ծանոթ ա եղել և վախից ասել ա` էս ինչ մարդու տղեն եմ: Դե, ասենք, գիտի, որ մոտիկ ենք, ու որ պաշտպանվի, ներկայացել ա իմ որդի: Չեմ կարողանում հասկանալ` սա ինչ է, ոնց որ չկարողացա հասկանալ` ում էին ձեռնտու իմ ինքնասպանության մասին լուրերը»: