Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների առջև Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ծավալուն ելույթը, թե\' բովանդակության և թե\' հետապնդած նպատակների առումով, դեռ շատ կքննարկվի ու կմեկնաբանվի։ Թեև ելույթն ընդգրկուն էր և առնչվում էր պետության կենսագործունեության գրեթե բոլոր հիմնական ոլորտներին, Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, դրանց դիմակայելու առումով նոր Սահմանադրության նշանակությանը, սակայն շեշտադրումներն ավելի տեսական եւ հռչակագրային էին։ Այս հանգամանքը թույլ չի տալիս ամբողջովին հասկանալ իշխանության հետագա գործողությունների տրամաբանությունը, հնարավոր քաղաքական զարգացումների ուղղվածությունը։ Փաստացի, նախագահը նախընտրել էր իշխանության ներկայացուցիչների, քաղաքական-հասարակական շրջանակների և հանրության հետ խոսել կոդավորված լեզվով և տողատակերով՝ թերևս իր համար մանևրումների ավելի լայն դիապազոն ապահովելու նպատակով։ Եվ, այնուամենայնիվ, այդ կոդերը, հատկապես` կառավարման ոլորտի և քաղաքական վերադասավորումների մասով, կարելի է որոշ չափով վերծանել։
Նախագահի հիմնական ասելիքը պտտվում էր քաղաքական համակարգի փոփոխության, քաղաքական և կառավարման նոր մշակույթի ձևավորման շուրջ, որի առանցքը իշխանության ձևավորման և որոշումների կայացման նոր, ապակենտրոն համակարգ ստեղծելն է։ «Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար: Նրանք կունենան քաղաքական մրցակցության տևական փորձ, պատասխանատու և իմաստալից փոխներգործություն ընտրողների հետ, միջկուսակցական համագործակցություն և սուր սոցիալական խնդիրների համար փոխզիջումային լուծումների տարբերակների որոնման գործելաոճ»,- իր ելույթում շեշտում է նախագահը՝ կարծես տողատակում հիմնավորելով, բացատրելով ընտրություններից մեկ տարի առաջ ՀՅԴ-ին համագործակցության առաջարկ անելու` իր հիմնական մոտիվացիան։ Հիմնական ակնարկն այն է, որ ՀՀԿ-ն պատրաստ է խորհրդարան անցնելու և հարաբերական մեծամասնություն ունենալու դեպքում բնական կոալիցիա կազմել այլ ուժերի, այդ թվում` նաև ՀՅԴ-ի, և պատրաստ է կոմպրոմիսի միջոցով քաղաքական որոշումների կայացման հեռանկարի հետ համակերպվել։ Սա որոշ իմաստով բացահայտում է, թե ինչի շուրջ կարող էին այսքան երկար տևել երկու ուժերի միջև ընթացող բանակցությունները։ «Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին»,- ասում է նախագահը:
Բայց կարևորը ոչ այնքան սա է, որքան հուշումը, թե «ամենաինքնավստահ իշխանության կողմից» նման զիջումների գնալը ոչ թե իր կամ ՀՀԿ-ի տակտիկական հնարամտության արգասիքն է, այլ թելադրված է պառլամենտական կառավարման համակարգին անցնելու պարագայում քաղաքական երկու կարևոր և օբյեկտիվ գործոններով։ Առաջինը ընտրությունների արդյունքների անկախնատեսելիությունն է։ «Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ»,- նշում է Սերժ Սարգսյանը՝ ակնարկելով, որ ՀՀԿ-ն իշխանության պահպանման խնդիրը լուծելու համար ստիպված է լինելու նախապատվությունը տալ քաղաքական մեխանիզմներին ու գործիքակազմին, հրաժարվել ցանկացած գնով բացարձակ մեծամասնություն կազմելու` մինչև հիմա ունեցած մտասևեռումից։ Ահա, թե ինչու է նա ավելացնում․ «Ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղն այսօր երաշխավորված չէ»:
Երկրորդ գործոնը արտաքին աշխարհի և միջազգային կառույցների կողմից թե\' ընտրական օրենսգրքի մշակման և թե\' 2017թ․ խորհրդարանական ընտրությունների որակի նկատմամբ աննախադեպ սևեռվածությունն է, որն իշխանությանը զրկելու է ընտրությունների ցանկալի արդյունքներն ապահովելու ավանդական եղանակների լայն կիրառումից։ Այս ուղերձը, որն ավելի շատ ուղղված է իրենց վերատադրությունն այդ ճանապարհով ապահովելու գայթակղություն ունեցող իշխանական թիմի ներկայացուցիչներին, նախագահը ձևակերպում է հետևյալ կերպ․ «Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար։ ․․․Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ»։ Սա կարելի է համարել, մի կողմից, ներիշխանական խմորումների, մրցակցության դաշտը սահմանափակելու նախաձեռնություն, մյուս կողմից՝ հստակ արձագանք վերջին շրջանում ընտրությունների հետ կապված ԵՄ-ից, ԱՄՆ-ից և հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հնչող նախազգուշացումներին։ Այսպիսով` Սերժ Սարգսյանը նրբանկատորեն հասկացնում է, որ ներկայումս ՀՅԴ-ի, հետագայում գուցե այլ ուժերի հետ բանակցությունները, համագործակցությունը քաղաքական օբյեկտիվ անհրաժեշտություն են, եթե ՀՀԿ-ն չի ուզում ամբողջությամբ կորցնել իշխանությունը։
Սրան զուգահեռ, սակայն, նախագահն արտահայտում է նաև իր դժգոհությունը կառավարության և, առհասարակ, կառավարման համակարգի գործունեությունից և արդյունքներից: «Հանրային ծառայությունում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր ունակ են անելու այն, ինչն անհրաժեշտ է»,- ասում է Սերժ Սարգսյանը, ապա փոքր-ինչ անց, խոսելով դատաիրավական համակարգից, ավելացնում․ «Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից»։ Դժվար է ասել, որքանով է սա կանխորոշում իշխանությունը և կառավարման համակարգը պատեհապաշտներից, սեփական հարստացման և պետական լծակներն ու ռեսուրսներն իրենց մասնավոր ու բիզնես հետաքրքրությունների համար ծառայեցնող շրջանակներից, հասարակության վստահությունից զուրկ անձերից ազատվելու գործընթաց սկսելը։ Բայց որոշակի փոփոխությունների ակնարկը կարծես հասկանալի է, առավել ևս, երբ Սարգսյանը շեշտում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուժեղացնելու, «շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին»:
Կառավարման մեթոդներից Սերժ Սարգսյանի դժգոհությունն ավելի ակնհայտ է դառնում «իշխանության օղակների կողմից» իրավիճակի պատասխանատվությունն իր՝ նախագահի վրա բարդելու մասին ելույթում հնչած դիտարկումից: «Իշխանության բոլոր օղակներում մեծ տարածում ունեն «արդեն համաձայնեցված է», «արդեն որոշված է» արտահայտությունները: Ակնհայտ է, որ ակնարկն ուղղվում է մինչև իշխանության ամենաբարձր օղակ»,- ասում է նա, ապա, կարծես նկատի առնելով ինչ-որ ներքին «դավադրական» պրոցեսներ և հասկացնելով, որ այդ պրոցեսներն ինքը մերկացրել է, հավելում․ ««Վերևում» պատասխանատվությունից խուսափող և քննադատությունից վախեցող չկա»։ Թե ո՞ւմ նկատի ունի այս մեղադրանքները հնչեցնելիս, կարելի է միայն ենթադրել։ Բայց նախագահի նախազգուշացնող տոնն առավել քան ակնհայտ է: «Հրապարակային քննադատության առարկա չհանդիսացող պաշտոնյան բոլոր առումներով իր տեղում չէ ու այդպիսին էլ դիտարկվելու է: Ի վերջո, ո՞ւմ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»,- ասում է Սերժ Սարգսյանը։
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ