կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 16:45
Առանց Կատեգորիա

Բորդյուժան փակեց ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի թեման

Բորդյուժան փակեց ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի թեման

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախօրեին Россия 24 հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի մասին: Նա նշել է, որ շփման գծում արդեն տանկեր են կիրառվում, մարդկային զոհեր են արձանագրվում: «Առաջին հերթին քաղաքական մեթոդներով, այդ թվում՝ օգտագործելով նաև մեր երկրների ղեկավարների հեղինակությունը, մենք չպետք է թույլ տանք, որ ինչ այնտեղ այսօր տեղի է ունենում, ավելի զարգանա: Ընդհակառակը՝պետք է հանգստացնել իրավիճակը, պետք է դադարեցնել փոխհրաձգությունները: Ամեն դեպքում` ԼՂ խնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Ոչ մի դեպքում չպետք է ծանր տեխնիկա կիրառվի»,- ասել է Բորդյուժան:

Սա ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի առաջին պաշտոնական արձագանքն է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` դեկտեմբերի 21-ի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած չափազանց կոշտ հայտարարություններից հետո: Հիշեցնենք, որ Սարգսյանը ՀԱՊԿ-ին մեղադրել էր դաշնակից երկրի՝ Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ անտարբերություն ցուցաբերելու, դաշնակցային պարտավորությունները չկատարելու և հաճախ Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Նա կասկածի տակ էր դրել ՀԱՊԿ-ի կենսունակությունը՝ համեմատելով ՆԱՏՕ-ի հետ, և հայտարարել, որ իրականում Ադրբեջանը կրակում է ոչ թե Հայաստանի, այլ ՀԱՊԿ անդամ երկրների ուղղությամբ:

Սա Սերժ Սարգսյանի վերոնշյալ մեղադրանքների հետևանքն էր, թեկուզ այն պատճառով, որ նախկինում Հայաստանի բարձրացրած նմանատիպ դժգոհություններին ՀԱՊԿ-ն և անձամբ Բորդյուժան  զլանում էին անգամ հպանցիկ անդրադառնալ: Այս իմաստով` կարելի է ասել՝ Սարգսյանի մերկացնող ուղերձները հասել են թիրախին: Սակայն Բորդյուժայի արձագանքն ավելի շատ նման է պարզապես պլան կատարելուն:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարություններից անմիջապես հետո ադրբեջանական զինուժը գնդակոծության ենթարկեց Հայաստանի Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Սակայն Բաքվից արձակած այս դեմարշային «կրակոցը» ո\'չ ՀԱՊԿ-ն ու ո\'չ էլ դրա անդամ երկրները չտեսնելու և չլսելու տվեցին ինչպես նախկինում` չնայած դա Բաքվի պատասխանն էր ՀՀ նախագահի ելույթին և հերթական «կրակոցը» ՀԱՊԿ-ի վրա: Բանն այն է, որ չնայած ԼՂ ուղղությամբ փաստացի պատեազմական վիճակ ստեղծելուն, ադրբեջանական զինուժը մինչ այդ ընդգծված զսպվածություն էր ցուցաբերում Հայաստանի սահմանների նկատմամբ և այդ պարիտետը խախտեց միայն Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Ակնհայտ է, որ եթե վերջինիս մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկրների վրա գործնական ազդեցություն թողած լինեին, նույն անգործությունը չէր շարունակվի:

Բացի դրանից` Բորդյուժայի հայտարարությունը խիստ ընդհանրական է և շաբլոնային: Նա ընդամենը իրար ետևից շարել է այն հերթապահ բառերը, որոնք միշտ արտասանում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հարց հնչելիս: Մինչդեռ` ամենակարևորին՝ ավելի լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանին միանշական պաշտպանելու հնարավորությանը նա ընդհանրապես չի անդրադառնում: Բորդյուժայի հայտարարությունն Ադրբեջանին զսպող, նախազգուշացնող որևէ տարր չի պարունակում և ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի վարքագծում ոչ մի էական բան չի փոխվել:

Իրականում դրանից ավելին սպասել չէր էլ կարելի: Խնդիրը միայն այն չէ, որ ՀԱՊԿ-ն, իբրև ռազմաքաղաքական դաշինք, բովանդակային իմաստով գոյություն չունի և այնտեղ, բացառությամբ ահաբեկչության դեմ պայքարից և հավաքական ուժերի խաղաղապահական բաղադրիչի ուժեղացումից, որևէ այլ շահ, պատասխանատվություն ընդհանրացված չէ: Եթե Ռուսաստանին չի հաջողվում թուրքական զինուժի կողմից իր ռազմական ինքնաթիռի կործանմանը քաղաքական ընդհանուր վերաբերմունքի ձևավորման և հակաթուրքական իր «արշավի» շրջանակներում անդամ երկրներից աջակցություն ստանալ, առնվազն միամտություն է մտածել, որ Հայաստանին հաջողվելու էր այդ նույն երկրներից իր համար իսկապես դաշնակիցներ «կերտել»: Առավել ևս, որ դրա համար Հայաստանն անում է ոչ թե քայլեր, այլ վախվորած կիսաքայլեր և նույնիսկ հետքայլեր:

Նույն օրը, երբ նման լուտանքներ էին թափվում ՀԱՊԿ գործընկերների գլխին, Հայաստանը փաստացի համակերպվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն սկզբունքով Հայաստանին փոխանցելու որոշման կատարումը հետաձգելու փաստի հետ: Նման կերպ վարվելու` անդամ մյուս երկրների հիմնական շարժառիթն այն էր, որ ներկայիս լարված իրավիճակում Հայաստանը հանկարծ չփորձի, օգտագործելով այդ պատասխանատու պաշտոնը, ՀԱՊԿ-ն թեկուզ քաղաքական մակարդակով Ադրբեջանի հետ իր խնդիրների հարթություն ներքաշել: Իսկ որ այդ պաշտոնը Երևանը կարող էր իսկապես օգտագործել, բոլորը շատ լավ հասկանում էին: Եվ երբ Հայաստանը, հանուն անդամ երկրների առանձին շահերի բավարարման, համաձայնում էր կազմակերպության իրավական, ընթացակարգային կանոնների, նորմերի խախտմանը, կամա, թե ակամա, համաձայնում էր մնալ այնպիսի զոհի կարգավիճակում, որից կարելի է ցանկացած պահի խլել նրա իրավունքները:

Եվ, ի վերջո՝ Բորդյուժայի հայտարարությունների կիսատ լինելը բխում էր Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության կիսատությունից: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը, չհստակեցնելով Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող քաղաքականությունը չփոխվելու պարագայում Երևանի  հետագա քայլերը, թե\' ՀԱՊԿ-ին և թե\' դրա անդամ երկրների համար թողեց մանևրելու լիարժեք հնարավորություն: Եվ հիմա Բորդյուժան լիովին օգտվում է այդ հնարավորությունից:

Գևորգ Դարբինյան