Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի` ՏԻՄ համաժողովումՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ համայնքապետերին գողություն անելն այլևս չի ներվելու, մտահոգ ղեկավարի խոսք էր: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Նրանք, ովքեր իրենց պարտականությունները լավ չեն կատարել, անարդյունավետ ծախսեր են թույլ տվել, անօրինական գործողություններ իրականացրել, կարծում եմ, որ մեծ մասամբ ենթարկվել են պատասխանատվության: Համոզված եմ, որ մինչև հունվար նրանք, ովքեր կփորձեն իրենց պաշտոնական լիազորությունների մեջ թերանալ, անօրինական գործողություններ իրականացնել, նույնպես կենթարկվեն պատասխանատվության: Նախագահը բարձրաձայնեց օրինակության դաշտում աշխատելու մտահոգության մասին, և կարծում եմ, որ սա բխում է բոլորիս շահերից»:
Ընդդիմադիրների այն հայտարարությունները, թե նախագահի կողմից ներվել են այն համայնքապետերը, ովքեր ընտրություններին ձայներ են ապահովել Հանրապետականի համար, Մելիքյանը «անհիմն» որակեց: «Չարաչար սխալվում են: Նման խոսքն անհիմն է»,- ասաց նա:
Դիտարկմանը` հիմա էլ բյուջեի հաշվին որոշ պատգամավորների հեռախոսավարձերն են վճարվելու, և որոշներինը հասնում է մի քանի միլիոն դրամի, ապա Մելիքյանն արձագանքեց. «Քննարկումը խորհրդարանում տեղի է ունեցել, և բոլոր նրանք, ովքեր գերազանցել են սահմանված չափը, վճարել են իրենց անձնական միջոցներով»:
Հարցին էլ` ինքն անձամբ որևէ համայնքապետի համար միջնորդե՞լ է, պատգամավորը պատասխանեց, որ եթե անօրինական դաշտում որևէ խնդիր է եղել, նման հարցով չի միջնորդել: «Ես միջնորդել եմ աջակցությունների հարցով, իրականացվող ծրագրերին աջակցությունների հարցով»,- ասաց նա:
Դիտարկմանը` վարչապետն էլ խոսել էր պրիմիտիվ գողությունների մասին, և հարցին` երկրի առաջին ու երկրորդ դեմքերի այս հայտարարություններն ինչո՞վ են պայմանավորված, գողությունը սովորական բա՞ն է, որ կատարվում է, ու դրանց չի հետևում որևէ իրավական հետևանք, Մելիքյանը պատասխանեց. «Ոչ, ցանկացած գողության բացահայտման հետևանքն իրավական հետևանքն է: Որ դեպքերը բացահայտվում են, իրավական հետևանք ունենում են, բայց, ինչպես ժողովուրդն է ասում, եթե չի բռնվել` գող չէ»: