կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-13 19:11
Իրավական

Կաշառք է ստացել` դպրոցում աշխատանքի նշանակելու համար, բայց այդպես էլ չի նշանակել

Կաշառք է ստացել` դպրոցում աշխատանքի նշանակելու համար, բայց այդպես էլ չի նշանակել

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի տեղավորելու խոստում տալով, խարդախությամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Կատարված քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի 3 բնակչի:

2016 թվականի փետրվարի 4-ին հաղորդում է ստացվել Արարատի մարզի մի բնակչից առ այն, որ դստերը դպրոցում որպես ուսուցչուհի տեղավորելու պատրվակով 2014 թվականի օգոստոս ամսին մարզպետարանի աշխատակցուհին, որդու՝  Նոր կյանք գյուղի դպրոցի տնօրենի հետ համաձայնության գալով, իրենից պահանջել է 1000 ԱՄՆ դոլար, որը նա մաս-մաս տվել է, սակայն նշանակումն այդպես էլ չի եղել։ Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին և 5-րդ կետերով։

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որոնց արդյունքում բացահայտվել են նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատանքի տեղավորելու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու, կաշառք պահանջելու և ստանալու այլ դրվագներ ևս։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Նոր կյանք գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ա.Ստեփանյանին  փետրվարի 8-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (խարդախությամբ գումար հափշտակելը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կաշառք ստանալու պատրվակով) և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Մեղադրանք է առաջադրվել նաև Արարատի մարզպետարանի աշխատակցուհի Օ.Մուրադյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (խարդախությամբ գումար հափշտակելը՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության գալով, կաշառք ստանալու պատրվակով) և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելը՝ կաշառք ստանալու պատրվակով), ինչպես նաև՝ Արարատի մարզի բնակիչ Մ.Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկություններն ու բազմածավալ լինելը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: