|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 1 դպրոցում տնօրենը աշխատանքից հեռացրել է ուսուցիչների եւ այլ աշխատակիցների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:
«Դիմում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ կրթության եւ գիոտթյան նախարարությանը, հենց այս պահին դպրոցում կատարվում է խայտառակ ապօրինություն»,- ասաց նա:
Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ աշխատանքից ազատվել է դռնապանը, որը տանը հիվանդ ամուսին ունի եւ ծանր վիճակում է հայտնվել, իրենք էլ իրենց աշխատանքից ազատման ծանուցագրերը վերցրել են նոր դռնապանից եւ անհապաղ դիմելու են դատարան:
Հայկ Փայտյանը նշեց, որ դեռ դատական ակտ չկա, որով իրենց գործադուլը ճանաչվելու է ապօրինի եւ իրենք օրինական են գործադուլ անում, հետեւաբար` չեն կարող աշխատանքից ազատվել:
Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։