Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության պայմանագիրը խզելու վերաբերյալ` Պետդումայի կոմունիստ պատգամավորների ներկայացրած առաջարկը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ խորհրդարանի երկու պատգամավոր գրավոր դիմել էին նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով լուծել 1921թ․ Մոսկվայում ՌՍՖՍՀ-ի կառավարության ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև ստորագրված` բարեկամության ու եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային հանձնվեցին Հայաստանի Սուրմալուի գավառն ու Կարսի մարզը, իսկ Նախիջևանը տրվեց Ադրբեջանին։ Ռուս պատգամավորներն իրենց դիմումը հիմնավորել էին նրանով, որ այդ ճանապարհով պետք է դաստիարակել թուրքերին, զսպել նրանց ագրեսիվ քաղաքականությունը, մանավանդ, որ Հայաստանն ու Վրաստանն այդ պայմանագիրը համարում են անարդար։
Այսպիսով` պատգամավորների առաջարկն ուսումնասիրելու մասին հայտարարությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը ցույց է տալիս, որ ընթացք է տալու այդ նախաձեռնությանը։ Սակայն սա չի նշանակում, թե Կրեմլում Մոսկվայի պայմանագիրը լուծելու քաղաքական որոշում է կայացվել։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ Ռուսաստանը պարզապես նախազգուշացնում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է գնալ նաև նման ծայրահեղ քայլի։ Իսկ դա իսկապես ծայրահեղ քայլ է, որովհետև ոչ միայն երկու երկրներին կարող է դնել նախապատերազմական վիճակի մեջ, այլև երկկողմ լարվածության շրջանակում ներառել Հայաստանը, որը կանգնում է առնվազն Թուրքիայի հետ ներկայիս սահմանները ճանաչելու կամ չճանաչելու երկընտրանքի առջև։ Այս իմաստով կարևոր է հասկանալ՝ ինչո՞վ է թելադրվում Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու հնարավորությունը Ռուսաստանի կողմից օրակարգ բերելը։
Նման նախաձեռնությունը տպավորություն է ստեղծում, թե Մոսկվան ցանկանում է խորացնել Թուրքիայի հետ առճակատումը և պրոցեսը տանել դեպի հնարավոր պատերազմ, որը, բնականաբար, տեղ է ունենալու ոչ թե իր, այլ Հայաստանի սահմանին կամ նույնիսկ տարածքում։ Բայց արդյո՞ք Մոսկվան իսկապես ցանկանում է պատերազմել Թուրքիայի հետ։ Արտաքուստ թվում է՝ այո։
Այս պայմանագրի չեղարկման հարցը սրելուց առաջ Ռուսաստանը 102-րդ ռազմակայանին հանձնված «Էրեբունի» ավիաբազան համալրեց հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներով։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ, ՌԴ նախագահի կարգադրությամբ, Հարավային ռազմական օկրուգի զորքերը, որի մեջ մտնում է նաև Ռուսաստանի հայաստանյան ռազմաբազան, բերվել են ռազմական լիարժեք պատրաստականության:
Այս ամենը, սակայն, ավելի շատ հիշեցնում է մկանների ցուցադրություն, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Նախ՝ ռազմաօդային ուժերի այն համալիրը և մարդկային կոնտինգենտը, որը տեղակայված է Գյումրու և Էրեբունու ռազմաբազաներում, բացարձակապես բավարար չեն թուրքական հնարավոր ներխուժումը կանգնեցնելու, առավել ևս` հարձակում ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ Թուրքիային ուղղակի կամ անուղղակի պատերազմի հայտարարումը նշանակում է պատերազմի հայտարարում ՆԱՏՕ-ին, ինչին գնալը, այն էլ` Ռուսաստանի տնտեսական ներկայիս կոլապսային վիճակում, կլինի խելահեղ անմտության։ Երրորդ՝ այս շաբաթվա ընթացքում արդեն երկու անգամ պաշտոնական Մոսկվան ուղերձներ է հղում Անկարային՝ հիշեցնելով, որ իր ռազմական ինքնաթիռը նախորդ տարեվերջին Սիրիայի սահմանին խոցելու համար ներողություն խնդրելու, դրա մեղավորներին պատժելու և վնասը հատուցելու պարագայում Մոսկվան պատրաստ է գնալ հարաբերությունների կարգավորման։ Դժվար է պատկերացնել, որ պատերազմի նախապատրաստվող Մոսկվան նման ժեստեր կարող էր անել։
Ըստ ամենայնի՝ այս ագրեսիվ նախաձեռնությունները հետապնդում են երեք հիմնական նպատակ։ Առաջինը՝ Թուրքիայի, այսպես կոչված, «դեմոնացման» քաղաքականության խորացմամբ, արտաքին թշնամու կերպար կերտելով և արհեստականորեն պատերազմի սպառնալիք ստեղծելով, ներկայիս տնտեսական վատթարացող իրավիճակում ներքին հասարակական-քաղաքական հուզումներ թույլ չտալն է, հասարակությանը պետության և Կրեմլի շուրջ մոբիլիզացված պահելը և պուտինյան ներքին ու արտաքին քաղաքականությունն արդարացնելը։
Երկրորդը Թուրքիային նախազգուշացնելն է, որ Սիրիայում նրա կրած քաղաքական, ինչ-որ իմաստով նաև ռազմական ձախողումները և դիվանագիտական փակուղին հարավկովկասյան ուղղությամբ սադրանքների միջոցով ճեղքելու որևէ փորձի Մոսկվան հակադարձելու է ամենախիստ ձևով՝ չխուսափելով նույնիսկ պատերազմից։
Եվ երրորդ, որը, թերևս, ամենակարևորն է` Թուրքիայի նկատմամբ դիվանագիտական և քարոզչական ճնշումները մեծացնելով՝ ամենայն հավանականությամբ, Մոսկվան ցանկանում է հասնել նրան, որ Անկարան առաջինը և որքան հնարավոր է շուտ կատարի հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը կամ նույնիսկ կիսաքայլերը։ Սա բխում է թե\' ՌԴ նախագահի՝ միշտ ճիշտ լինելու և անսխալականության անձնական ամբիցիաներից, թե\' ՌԴ-ի միջազգային հեղինակությունը փրկելու անհրաժեշտությունից։
Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ այս նախաձեռնությունն արժանանա այն նույն ճակատագրին, ինչ Պետդումայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, այսինքն` քարոզչական էֆեկտ թողնելով՝ առարկայական որևէ հետևանք չունենա։ Ռուսաստանը պարզապես Թուրքիայի դեմ դիվանագիտական իր արսենալն է հարստացնում, և դա դարձյալ արվում է Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին։
Գևորգ Աղաբաբյան