Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է քննարկվել ՀՀԿ խմբակցության նիստում, որի ընթացքում ՄԻՊ պաշտոնում առաջադրվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Բաղդասարյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն քննարկել է միայն մեկ թեկնածուի հարց, եւ այդ թեկնածուն Արման Թաթոյանն է: «Բավական փորձառու անձնավորություն է: Ում էլ, որ դնեինք, բնական է, որ պետք է ասեիք՝ ինչո՞ւ նա: Այսինքն՝ այդ բոլոր «նա»-երի մեջ մենք ընտրել ենք Արման Թաթոյանի թեկնածությունը: Բնականաբար, մեր խմբակցությունում եղել են նաեւ քննարկումներ տարբեր մարդկանց շուրջ: Համենայն դեպս, կանգնել ենք Արման Թաթոյանի թեկնածության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբակցության անդամները միաձայն համաձայնություն են տվել նրա թեկնածությանը:
Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն կարող է բանակցել մյուս խմբակցությունների հետ, որպեսզի իրենց թեկնածուի օգտին քվեարկեն, քանի որ ՀՀԿ-ն միայնակ չունի բավարար ձայներ, որպեսզի լիագումար նիստում իրենց թեկնածուի ընտրությունը երաշխավորված լինի:
Նշենք, որ ՄԻՊ թեկնածուն պետք է ստանա պատգամավորների ձայների 2/3-ը: Այսինքն՝ 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի տվյալ թեկնածուին:
«Մենք կտեսենք դեռ` ինչ գործընթաց է ընթանում, ինչպիսի թեկնածուներ կան պետաիրավական հանձնաժողովում: Բնականաբար, դեռ լիագումար նիստի մասին խոսելը վաղ է: Ամսի 12-ին կլինի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, այնտեղ կհաստատվի թեկնածուն, նոր այդ մասին կխոսենք»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ խմբակցության նիստում Արման Թաթոյանն ասել է, որ ինքը պատրաստ է աշխատել` որպես ՄԻՊ: «Այդքան էլ զենքերը վայր դնող չէ, որ ճնշումների, քննադատությունների արդյունքում հիասթափվի եւ հրաժարական տա: Նա մի շատ կարեւոր հայտարարություն արեց` որ այսօր ինքը Հանրապետական խմբակցության թեկնածուն է, ընտրվելուց հետո կդառնա ժողովրդի թեկնածուն»,- ասաց Բաղդասարյանը: