կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 23:29
Հասարակություն

Իշխանությունը շատ երերուն վիճակում է, առնետավազքի պրոցեսն սկսվել է. Փաշինյանը շուտով վայր կդնի զենքերը. քաղաքագետ

Իշխանությունը շատ երերուն վիճակում է, առնետավազքի պրոցեսն սկսվել է. Փաշինյանը շուտով վայր կդնի զենքերը. քաղաքագետ

«Առնելով առնետավազքի հոտը՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում այսօր իր վարքով իր թիմին փորձում էր համոզել, որ ինքը չի փախչելու։ Բոլորն են տեսնում, որ իշխանությունը շատ երերուն վիճակում է ու, ըստ երևույթին առնետավազք սկսելու պրոցեսն, արդեն իսկ, կա։ Ինչ վերաբերում է ընդդիմության նկատմամբ նրա դրսևորած վարքին, ապա դա կարելի է բնորոշել միայն մեկ բառով՝ ցինիզմ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասում է քաղաքագետ Լևոն Մնացականյանը։

Թեև Փաշինյանն իր թիմին փորձում է համոզել, որ դեռևս չի պատրաստվում զիջել իշխանությունը, բայց այն պրոցեսը, որ սկսվել է Երևանի փողոցներում, ինչպես նաև՝ մարզերում, չի կարող երկար տևել։ Փաշինյանն, իր թիմի հետ միասին, շուտով վայր կդնի զենքերը, որովհետև թույլատրելի բոլոր կարմիր գծերն արդեն հատված են, հեռանալու ժամանակը մոտեցել է, վստահ է քաղաքագետը։

Թեև փողոցային պայքարը երկրի ներսում չափազանց ինտենսիվ կետի է հասել, այնուամենայնիվ, ըստ Լևոն Մնացականյանի, ստեղծված իրավիճակում խնդիրը պետք է վերլուծել նաև աշխարհաքաղաքական շահերի բախման տեսանկյունից. «Ռուսական խաղաղապահ զորամիավորումն այսօր պաշտպանում է Արցախի և այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ն և Եվրոմիությունը ցանկանում են, որպեսզի Փաշինյանն ավարտին հասցնի իր սկսած սև գործը, նոր միայն հեռանա։ Հասկանալի է, որ սա բացի ներքաղաքական զարգացում լինելուց, նաև գլոբալ աշխարհաքաղաքական պրոցես է ու ես, ամեն դեպքում, չեմ կարծում, որ Փաշինյանին կհաջողվի ավարտին հասցնել այն։ Դատելով այսօր ԱԺ-ում նրա ելույթից, ինձ համար պարզ դարձավ, որ վերոհիշյալ ուժերը, որ մեծ իմաստով, հակառուսական թևն է, փափուկ բարձ է դրել Փաշինյանի գլխի տակ՝ հավաստիացնելով, որ ամեն կերպ աջակցելու են նրան այս գործում։ Սակայն, չպետք է մոռանալ, որ այս պահին հայ ժողովրդի շահն ամբողջովին համընկնում է ռուսական շահի հետ, Ռուսաստանի Դաշնությունն էլ, բնականաբար, ընդհանրապես միտում չունի հեռանալու տարածաշրջանից»,- նկատում է քաղաքական վերլուծաբանը։

Լևոն Մնացականյանը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը վերլուծելիս, չի մոռանում նաև տարաշածրջանային խաղացողների ազդեցիկ դերի մասին, ինչպիսին, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն է.«Հայաստանում գլուխ բարձրացնող հակառուսական տրամադրությունները, բնականաբար, դուր չեն գալիս նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Բացի Արցախի հիմնախնդրից, կա նաև միջանցքի խնդիրը, իսկ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հարավային սահմանի՝ Սյունիքի մարզի տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գիծ է, որը չի կարող հատվել։ Այս բոլոր հանգամանքները համադրելով և վերլուծելով, կարծում եմ, մեզ, այնուամենայնիվ, կհաջողվի Նիկոլին վռնդել ավելի շուտ, քան նա կհասցնի ստորագրել իր խոստացած փաստաթղթերը, արդեն իսկ՝ իրեն հարազատ դարձած Իլհամ Ալիևի հետ»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքական վերլուծաբան Լևոն Մնացականյանը։

Աղբյուր` Փաստինֆո