Փոխարժեքներ
24 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա: Պաշտոնպես այցի նպատակն է համարվում Լոնդոնում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Օժանդակություն Սիրիային և տարածաշրջանին» կոնֆերանսին մասնակցելը, որի հրավերն Ալիևն ստացել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից, Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնից, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգից և Քուվեյթի էմիր Սաբահ Ալ Ահմեդից: Կոնֆերանսին, որը հրավիրվել է Սիրիայի պատերազմից տուժածներին և սիրիացի փախստականներ ընդունած երկրներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար մոտ 9մլրդ դոլար հավաքագրելու նպատակով, մասնակցում են բազմաթիվ երկրների պատվիրակություններ, այդ թվում ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Իրանի արտգործնախարար Ջավիթ Զարիֆը և այլն: Թե ինչու Հայաստանը` որպես սիրիացի փախստականներ ընդունած երկիր և Սիրիական քաղաքացիական պատերազմի ճիրաններում հայտնված հայկական համայնք ունեցող երկիր, այդ կոնֆերանսին մասնակցության հրավեր չի ստացել կամ գուցե ստանալու դեպքում՝ չի մասնակցել, դեռ պետք է հասկանալ:
Սակայն չափազանց տարօրինակ է թվում կոնֆերանսին Ալիևի մասնակցությունը: Ադրբեջանը ոչ մի կերպ չի տեղավորվում այդ միջոցառման թեմայի և նպատակների համատեքստում, քանի որ ի տարբերություն կոնֆերանսին մասնակցող մյուս երկրների կամ կազմակերպությունների՝ Սիրիայի ճգնաժամում ոչ ռազմական, ոչ քաղաքական և ոչ էլ հումանիտար առումներով ներգրավվածություն չունի: Դժվար է հիմա Ադրբեջանին պատկերացնել նաև դոնոր-երկրի կարգավիճակում՝ երբ Բաքուն ինքը լուրջ ֆինանսական աջակցության կարիք ունի. ընդամենը հինգ օր առաջ իշխանությունները Բաքվում մոտ 4մլրդ դոլար վարկ վերցնելու շուրջ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ կայացած բանակցություններ են վարել: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նրան Լոնդոն հրավիրելու պատճառը բոլորովին այլ է, իսկ կոնֆերանսին մասնակցությունը կամ իրական պատճառները քողածածկելու կամ Ալիևին Լոնդոն «բերելու» համար խայծ օգտագործելու միջոց է ծառայել:
Շատ ավելի հավանական է թվում, որ Ալիևին Լոնդոն հրավիրելու իրական պատճառը կարող է կապված լինել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Խնդիրն այն է, որ նախորդ տարվանից Լոնդոնն սկսել է այս հարցում նկատելի ակտիվություն դրսևորել: 2015թ. հուլիսին կազմակերպվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ներկայացուցչական այցը Մեծ Բրիտանիա՝ չնայած պաշտոնական Բաքվի բարձրացրած հիստերիային և Լոնդոնին հղված բողոքի նոտային: Սահակյանն այն ժամանակ ելույթով հանդես եկավ թագավորական հեղինակավոր Chatham House կենտրոնում, հանդիպումներ ունեցավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Սա հարված էր Ադրբեջանին, որովհետև այդ այցն ակնհայտորեն իր մեջ պարունակում էր ԼՂՀ-ի սուվերենությունը ճանաչելու տարրեր:
Հունվարի 12-ին Լոնդոն էր մեկնել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ԼՂ հարցով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում խորհրդակցություն անցկացնելու նպատակով: Մեկնաբանելով այդ այցի նպատակները՝ Ուորլիքը «1in.am»-ին մ նշել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԱՄՆ-ի հետ սերտորեն համակարգում է աշխատանքները ԵԱՀԿ-ում և այլ կառույցներում, և իր այցի նպատակն էր ամենասերտ դաշնակցի հետ քննարկել ԼՂ հակամարտության բոլոր ասպեկտները: Այդ ասպեկտներից մեկը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և դեմոկրատ Էլիոթ Էնըջլի նախաձեռնությամբ առաջ քաշված և կառավարության հավանությանն արժանացած՝ Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի շփման գոտում հրադարարի խախտումերի կանխարգելման մեխանիզմներ կիրառելու առաջարկությունն է, որը քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նախորդ տարեվերջին Բեռնում կազմակերպված միակ հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը պաշտոնապես մերժել է այդ նախաձեռնությունը:
Չի կարելի բացառել, որ հունվարին Ուորլիքի լոնդոնյան այցի ընթացքում քննարկված հարցերից մեկը Ադրբեջանի դիրքորոշումը «ջարդելու» հարցում Բաքվի վրա «Բրիթիշ Պերտոլիումի» լծակի միջոցով Մեծ Բրիտանիայի ունեցած հսկայական ազդեցությունն օգտագործելու հնարավորությունն է եղել, ինչի շրջանակներում էլ, օգտագործելով Սիրիայի հարցով կոնֆերանսի հրավիրման հանգամանքը, նախաձեռնվել է Լոնդոն Ալիևի այցի կազակերպումը: Գուցե նաև դա նկատի ուներ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ երկու օր առաջ հայտարարում էր, որ միջազգային հանրությունը հիմա աշխատում է Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ: Եթե այդպես է, ապա որքան էլ Ադրբեջանում փորձեն լոնդոնյան կոնֆերանսին Ալիևի մասնակցությունը վերագրել Ադրբեջանի միջազգային հեղինակության ընդգծմանը, այս այցը նրա համար կարող է վերածվել մղձավանջի: Նկատի ունենալով բրիտանական նավթային գիգանտից հատկապես ներկայիս ներքին պայթյունավտանգ պայմաններում Ադրբեջանի կախվածությունը՝ Վաշինգտոնում, թերևս հույս ունեն, որ կհաջողվի Ալիևին համոզել ոչ միայն բանակցությունները շարունակելուն, այլև հրադադարի պահպանմանն ուղղված այդ մեխանիզմների ներդրմանը համաձայնելուն:
Այդպես է, թե ոչ, պարզ կդառնա նրանից, թե ինչ արդյունքներ կտա առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ այս տարվա առաջին տարածաշրջանային այցը, ինչ ազդակներ կլինեն Բաքվից:
Գևորգ Դարբինյան