կարևոր
2731 դիտում, 7 ամիս առաջ - 2023-06-28 19:32
Քաղաքական

Գոյություն չունեցող հոդվածով ինձ բերման են ենթարկել և խափանման միջոց ընտրել. Վահե Եփրիկյան

Գոյություն չունեցող հոդվածով ինձ բերման են ենթարկել և խափանման միջոց ընտրել. Վահե Եփրիկյան

Մեկ ու կես տարի անց որոշել են ինձ մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը: Նշենք, որ ժամեր առաջ իրավապահները նրան բերման են ենթարկել Կոտայքի քննչական բաժին:

«Կոտայքի քննչական բաժնից ծանուցագիր էին ուղարկել, մի ժամ հետո բերման ենթարկելու որոշում՝ ցանկություն ունենալով շոու ցույց տալ: Ի զարմանս ինձ հատուկ միջոցներ չկիրառեցին, ոչ էլ ինչպես ընդունված է հիմա, ասֆալտներին չփռեցին:

Բերման ենթարկելու որոշումը ակնհայտորեն ապօրինի որոշում էր, որովհետև անձին բերման են ենթարկում քննչական բաժին մի հոդվածի շրջանակներում, որը առհասարակ գոյություն չունի, խոսքը նախկին քրօրենսգրքի 137.1 հոդվածի մասին է, այդ հոդվածը հիմա պարզապես չկա»,-մանրամասնեց Վահե Եփրիկյանը:

Նշենք, որ խոսքը գնում է ծանր վիրավորանք հասցնելու հոդվածին, որի թիրախում հիմնականում հայտնվում էին ընդդիմադիր գործիչները: Սակայն, տեղական ու միջազգային փորձագետների տևական քննադատությունից հետո կառավարությունը ի վերջո հրաժարվեց այդ հոդվածից, այն ապաքրեականացվեց։

«Այսօր այդ հոդվածով ինձ մեղադրանք է առաջադրվել: Այս հոդվածով ինձ կարող էր մեղադրանք առաջադրվել առնվազն մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսգրքով, որովհետև վարույթ իրականացնող մարմինը ինձ հրավիրել է, ես տվել եմ բացատրություններ, հայտնել եմ իմ դիրքորոշումը, հիմա որոշել են մեկուկես տարի անց ինձ գոյություն չունեցող հոդվածով մեղադրանք առաջադրել:

Նշում են նաև ապաքրեականացման հնարավորությունը, եթե ես մեղքը ընդունեմ և գործը կարճեն: Հարցնում եմ՝ ով է գործով տուժողը, Նիկոլ Փաշինյա՞նն է, չկա՞ տուժող, ենթադրենք կա տուժող, բայց ինչպե՞ս եք որոշել վիրավորվել է, թե ծանր է վիրավորվել»,-ասաց նա:

Նշենք, որ Վահե Եփրիկյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, որը փաստաբանի գնահատմամբ ակնհայտորեն ունի քաղաքական ենթատեքստ:

«Սա միջոց է իմ ազատությունը սահմանափակելու համար, երկրից չբացակայելու պայմաններ ստեղծելու համար: Առաջադրում են խափանման միջոց, հետո սադրում են, որ հնարավորություն ստեղծվի անձին տանել կալանքի: Առհասարակ մի քանի տարի է, ինչ գործում է այս անբարոյական պրակտիկան: Ընդդիմադիր գործիչների նկատմամբ խափանման միջոցի քննության ժամանակ դատախազներն ու քննիչները ասում են նոր հանցանք կատարելու ռիսկ գոյություն ունի:

Սրանով խախտվում է նաև անմեղության կանխավարկածի ինստիտուտը, քանի որ մինչև չկա ուժի մեջ մտած դատական ակտ, անձը համարվում է անմեղ, բայց դրանով փորձում են ցույց տալ անձի համցավոր վարքագիծը և հիմք ստեղծել կալանքի համար»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝  Yerevan.Today