կարևոր
4336 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 20:52
Արցախ Քաղաքական

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը:

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության գործադիր և խորհրդատվական խորհուրդները խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը և տարածաշրջանի բնիկ հայ բնակչության դեմ շարունակվող ագրեսիան և նախազգուշացնում հայ բնակչության դեմ ցեղասպանության վտանգի մասին»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն Արցախի բնակիչների մարդու իրավունքների, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտում են:
«Ադրբեջանի կառավարությունը, որին աջակցում է իր դաշնակից Թուրքիան, երկար ժամանակ պաշտոնական մակարդակով խրախուսում էր հայերի նկատմամբ ատելությունը, անպատժելիությունը հայերի դեմ կատարված վայրագությունների համար և բազմիցս սպառնում էր մաքրել տարածաշրջանը բնիկ հայ բնակչությունից»,- ասված է փաստաթղթում:

Ցեղասպանության վտանգը վերացնելու համար ընկերակցությունն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը այսպես կոչված «էկոակտիվիստներին», որոնք արգելափակում են Լաչինի միջանցքը, ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաև դադարեցնել գազի, էլեկտրականության և ինտերնետի ընդհատումները դեպի Արցախ:

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ բռնություններն ու ատելության սերմանումը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Իլհամ Ալիևի վարչակարգին ագրեսիայի, ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար: