կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-05 15:37
Քաղաքական

Առաջիկա օրերին քննարկումներ կլինեն. Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին

Առաջիկա օրերին քննարկումներ կլինեն. Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին

Այսօր «Ազատության» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Աղվան Վարդանյանն անդրադարձել է ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին: Խոսելով ընտրությունների արդյունքների մասին` նա կարծիք հայտնեց, որ ՀՅԴ-ի համար  կա որոշակի առաջընթաց, մանավանդ երբ խոսվում է 101 պատգամավորի մասին, սակայն ՀՅԴ-ն ավելին է ակնկալել:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ընտրությունների օրվա ահազանգերը, որոնք բարձրացրել է հենց Աղվան Վարդանյանը,  ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Ես խոսել եմ 3 կոնկրետ տարածքների մասին, ուղարկել եմ համապատասխան դիմումներ, սպասում եմ արձագանքներին, և ասեմ, որ որոշ պարագաներում դեռ  ասելիք կունենամ, խոսքը վերաբերում է հատկապես ոստիկանության տված պարզաբանմանը, բայց այս առումով վստահ եմ, որ այդ ահազանգերը էական ազդեցություն չեն ունեցել»:

Հարցին, թե ո՞րն էր Դաշնակցության արձանագրած ամենացցուն խախտումը, Աղվան Վարդանյանը նշեց  խախտումները  Փարպի գյուղում, Բյուրականում և Ճամբարակում:

Խոսելով ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման, ընտրողների ուղղորդելու դեպքերի մասին` նա կարծիք հայտնեց,  որ բոլորին թվում էր, թե նոր ընտրակարգի պայմաններում ընտրողների թիվը պետք է ավելի փոքր լիներ, սակայն վարկանիշային մեծաթիվ թեկնածուների առկայությունը, նրանց ակտիվ աշխատանքը յուրաքանչյուր բնակչի հետ բերեց ընտրողների մեծ մասնակցության:

Աղվան Վարդանյանի խոսքով` դժվար է ասել, այս մասնակցությունն ամբողջովին իրական էր, թե որոշ շեղումներ են եղել որոշ հեռավոր տեղերում, բայց որ սա նաև ակտիվության դրսևորում էր , դա էլ ակնհայտ էր, և Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ներկա բնակչության բացարձակ գերակշիռ մասը մասնակցեց այդ ընտրություններին:

Հարցին, թե վարչական ռեսուրսի մասին խոսելիս նկատի ունեն ՀՀԿ-ի՞ն, Աղվան Վարդանյանը նշեց. «Այո, նկատի ունեմ, որովհետև այն նախարարությունները, ոնոց տիրապետում ենք, մենք չենք փորձել արհեստականորեն զուտ վարչական ռեսուրսի օգտագործմամբ իրականացնել քարոզչություն: Բայց այդ ավանդույթը այսօր էլ շարունակվում է»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունը շարունակելու հարցին, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիրը կնքվեց մեկ տարի առաջ, անժամկետ, և կարևորը խնդիրներն են, թե ինչ խնդիրների շուրջ են համագործակցելու:

«Մեր ԸՕ-ն հնարավորություն է տալիս առաջիկա օրերին քննարկումներ կատարել: Առայժմ այդ քննարկումները չեն սկսվել: Եթե կլինեն խնդիրների այնպիսի բազա, որոնք մեր նպատակներին համապատասխանում են, միայն այդ պարագայում հնարավոր կլինի քննարկել : Կարևորը մեր նպատակներն են, առաջնահերթություններն ու խնդիրները»,- ասաց Աղվան Վարդանյանը: