կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-04 13:45
Հասարակություն

Քաղցկեղի բուժման համար առաջարկվող բույսերը 5-10 տարի նախ պետք է հետազոտել

Քաղցկեղի բուժման համար առաջարկվող բույսերը 5-10 տարի նախ պետք է հետազոտել

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Ռաֆայել Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աշխարհում քաղցկեղով հիվանդացության և դրանից մահացության աճ է նկատվում` տարեկան 2-4 տոկոսով:

Նա տեղեկացրեց, որ եթե 2010-ին աշխարհում 12,6 մլն մարդ քաղցկեղ ուներ, 7,5 մլն մարդ էլ մահացել էր դրանից, ապա 2012-ին քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 14 մլն, իսկ դրանից մահացածներինը` 8,5 մլն:

«Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում 2000-ով ավելացել է քաղցկեղով հիվանդների թիվը: Տղամարդկանց շրջանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի: Ուսումնասիրությունների համաձայն` քաղցկեղը 30 տոկոսով կարելի է կանխարգելել, եթե հրաժարվենք վնասակար սովորություններից` ծխել, խմել, արագ սնունդից օգտագործել: Ի դեպ, թոքի քաղցկեղի 70 տոկոսն առաջանում է հենց ծխելու հետևանքով»,- ասաց Սարգսյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների թվով աչքի են ընկնում Լոռու և Շիրակի մարզերը:

Yerkir.am-ի հարցին, թե որքանո՞վ են որակյալ և մատչելի Հայաստանում դեղամիջոցները, քանի որ շատերը նախընտրում են դրսում բուժվել, Սարգսյանը պատասխանեց, որ, ճիշտ է, կան որակային և տեխնիկայի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ, սակայն մեծ մասամբ Հայաստանն ապահովված է այն դեղերով, ինչ կա աշխարհի այլ երկրներում: «Ավելի շատ հոգեբանական ասպեկտով է պայմանավորված մարդկանց` դրսում բուժվելու ցանկությունը: Առողջապահության նախարարությունը ժամանակ առ ժամանակ գնում է դեղեր, և վերջերս էլ բավական թանկարժեք մի դեղ ենք ստացել` որպես նվիրատվություն»,- ասաց մասնագետը:

Ինչ վերաբերում է հիվանդանոցներում եղած հերթերին` բուժում և դեղեր ստանալու համար, ապա, Սարգսյանի հավաստմամբ, դրանք արդեն վերացել են, քանի որ բժիշկները սկսել են ավելի երկար աշխատել, որպեսզի հերթեր չգոյանան:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեն բժիշկները քաղցկեղը ժողովրդական միջոցներով` բույսերով, ինչ-ինչ մրգերոց բուժելուն, Սարգսյանը պատասխանեց, որ իրենք վատ չեն տրամադրված սակայն յուրաքանչյուր միրգ կամ բույս բուժման մեջ օգտագործելուց առաջ այն 5-10 տարի պետք է հետազոտել, որպեսզի օգտակարությունը հաստատվի: «Մենք նման հետազոտություններ չենք անում, քանի որ չունենք համապատասխան լաբորատորիա»,- ասաց նա: