Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրն է. 2004-ին այն հիմադրեց Մարկ Ցուկերբերգը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ «Ֆեյսբուքը» Հայաստանում ակտիվ հարթակ դարձավ 2010-ին, և այժմ օրական 560 000 մարդ է մտնում այդ սոցցանց:
Սակայն, ըստ մասնագետի, «Ֆեյսբուքն» այդպես էլ մեզ մոտ չի դարձել թիվ մեկ սոցիալական ցանցը` «Օդնոկլասնիկի»-ում գրանցվածները գրեթե մեկ անգամ գերակշռում են «Ֆեյսբուք»-ի օգտատերերին:
«Մենք գործ ունենք մենաշնորհային տիրույթի հետ, քանի որ «Ֆեյսբուքի» ղեկավարությունն անում է ամեն ինչ, որ այդ ցանցից դուրս չգանք: Լուսանկարների պահուստով «Ֆեյսբուքը» թիվ մեկ սոցիալական ցանցն է, հիմա անում են ամեն ինչ, որ Youtube-ի ձեռքից խլեն նաև տեսանյութերի հարցում առաջատար լինելը»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ «Ֆեյսբուքն» ունի իր դրական և բացասական կողմերը. Հայաստանում այն նպաստեց քաղաքացիական հասարակության ձևավորմանը, և 2010-ի գարնանը «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման հետ կապված մեծ շարժում սկսվեց հենց «Ֆեյսբուքի» միջոցով: Մինչֆեյսբուքյան «դարաշրջանում», ըստ Մարտիրոսյանի, քաղաքացիական հասարակությունը հասարակական կազմակերպությունների սեգմենտով էր ներկայացված, որոնք կտրված էին իրականությունից, իսկ «Ֆեյսբուքը» ստեղծեց «սպոնտան» քաղաքացիական հասարակություն:
Խոսելով սոցիալական ցանցի բացասական ազդեցությունների մասին` Մարտիրոսյանը նշեց, որ հիմա օգտատերն ինքնուրույն տեղեկատվություն չի փնտրում և ընկալում, վերցնում է այն, ինչ տեղադրված է սոցիալական ցանցում: Բացի այդ, ըստ նրա, մարդիկ դադարել են երկար տեքստեր գրել և կարդալ:
«Շատ կարևոր է անվտանգությանը հետևելը, քանի որ մանավանդ վերջին շրջանում ավելացել են մարդիկ, ովքեր անընդմեջ ինչ-որ թեստեր են անում` տեսնելու` իրենք ով են եղել նախկին կյանքում, ինչ ծառ կամ քաղաք են հիմա… Այդ թեստերը ստեղծված են կամ ինչ-որ երիտասարդների կողմից, որոնք ուզում են գումար աշխատել, կամ էլ գաղտնի ծառայության կողմից, որոնք էլ օգտատերերից ինֆորմացիա են պոկում: Թեստերն անցնելիս պետք է ուշադիր կարդալ, թե ինչ թույլտվություն է ուզում ստանալ ծրագիրը, որպեսզի թեստը շարունակվի»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ թեև «Ֆեյսբուքի» անվտանգությունը լավ է ապահովված, զգուշությունը պահպանել է պետք` ոչ մի խիստ գաղտնի տեղեկատվությւոն պետք չէ «Ֆեյսբուք»-ով գրվի, քանի որ նամակները ջնջելուց հետո անգամ սերվերները որոշ ժամանակ դեռ պահպանում են դրանք: