կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-01 18:59
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է թաքցնում վրացական սիրալիրությունը

Ի՞նչ է թաքցնում վրացական սիրալիրությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին աշխատանքային այցով Հայաստանում է: Դատելով նրա աշխատանքային հանդիպումների գրաֆիկից՝ հայկական կողմն ամեն ինչ արել է՝ այդ այցին որոշակի կարևորություն հաղորդելու համար: Բացի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից, նախատեսված է նաև, որ երկօրյա այցի շրջանակներում նախարար Խիդաշելիին ընդունելու են ՀՀ արտգործնախարարը,  վարչապետը,  նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Դատելով, սակայն, պաշտոնական հաղորդագրությունից՝ Խիդաշելիի այցի հիմնական արդյունքը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016 թվականի ռազմական համագործակցության ծրագրի ստորագրումն է: Թե կոնկրետ ի՞նչ գործողություններ է ներառում այդ ծրագիրը, չի մանրամասնվում: ՀՀ ՊՆ-ն տեղեկացում է միայն, որ ծրագրով այս տարվա ուղենիշն է «խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում փորձի փոխանակումը»: Ընդամենը:

Հայաստանը և Վրաստանը կոնկրետ ռազմական ոլորտում ընդհանրական օրակարգ գրեթե չունեն և չեն կարող ունենալ այն պարզ պատճառով, որ գտնվում են լրիվ հակադիր բևեռներում և ունեն հակադիր ռազմաքաղաքական օրիենտացիաներ: Մինչ Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին՝ փորձելով շունչ հաղորդել այս կիսակենդան կառույցին, Վրաստանն առայժմ անհաջող, բայց համառ փորձեր է անում` անդամակցելու ՆԱՏՕ-ին, և վաղուց իր զինված ուժերը համապատասխանեցնում է դաշինքի պահանջներին: Հետևաբար, զուտ ոլորտային առումով, Վրաստանի պաշտպանության նախարարի այցը առարկայական որևէ արժեք չունի: Բայց այն ունի թաքնված քաղաքական ենթատեքստ:

Խնդիրն այն է, որ Վրաստանը չափազանց ակտիվ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների, ընդհուպ` ռազմավարական մակարդակի խորացման հարցում: Արդեն երեք տարի է՝ գործում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ ֆորումի մի ձևաչափ, որի շրջանակներում փակ ռեժիմով հանդիպումներ են կազմակերպվում Նախիջևանում, Ստամբուլում, Թբիլիսիում: Վերջին նման հանդիպման ժամանակ, որը կայացել էր ընդամենը նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին Ստամբուլում, Թինաթին Խիդաշելին հայտարարել էր, թե չնայած Վրաստանը և Ադրբեջանը ջանքեր են գործադրում տարածաշրջանային անվտանգության ապահովման համար, սակայն կարևոր է, որ Թուրքիան դրանում դառնա ակտիվ և առանցքային բաղադրիչ: Դատելով այն փաստից, որ Հայաստանը տեղ չի գտել վրաց նախարարի պատկերացրած տարածաշրջանային անվտանգության այդ համակարգում, պետք է ենթադրել, որ նա գուցե Հայաստանը դիտարկում է իբրև անվտանգության սպառնալիք:

Թբիլիսին, իհարկե, մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դիտարկում է որպես իր անվտանգությանն ուղղված սպառնալիք: Թուրքիայի և Ադրբեջանի հետ տանդեմ կազմելու հիմնական շարժառիթը, թերևս, հենց սա է: Թբիլիսին Թուրքիային դիտարկում է ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի հետ սահման, այլև որպես տարածաշրջանում Ռուսաստանի հակակշիռ: Այն, որ Թուրքիան Վրաստանի համար հենակետ է, Խիդաշելին չի թաքցրել նաև Երևանում: «Ի դեմս Թուրքիայի՝ մենք ունենք ՆԱՏՕ-ի անդամ հարեւան երկիր: Մենք շնորհակալ ենք Թուրքիային իր բոլոր նախաձեռնությունների եւ աջակցության համար, որ մեզ ցուցաբերում է՝ ինչպես ՆԱՏՕ-ի նախարարական եւ այլ հարթակներում, այնպես էլ ավելի առարկայական օժանդակության հարցում»,- ասել է նա՝ չբացելով, իհարկե, փակագծերը, թե ինչ նկատի ունի` «ավելի առարկայական օժանդակություն» ասելով:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տանդեմն առաջին հերթին հետապնդում է էներգատարների և հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նպատակ: Սակայն ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանը դիտարկում են որպես ռազմական հաղորդակցության միջանցք: Վրաստանի ռազմավարական նշանակությունը Ադրբեջանի, բայց հատկապես` Թուրքիայի համար մեծացել է անցած տարվա նույեմբերին Սիրիայի սահմանին ռուսական ռմբակոծիչը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից կործանելուց և ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո: Դա հզոր պատվար է, օրինակ, Հայաստանում ռուսական ռազմաբազայի մատակարարման ապահովմանը խոչընդոտելու համար, որն իրականացվում է  թե\' Ադրբեջանի, թե\' Վրաստանի և թե\' Թուրքիայի կողմից` Ռուսաստանից Հայաստանի ռազմաբազայի և, առհասարակ, Հայաստանի մատակարարումների համար օդային և ցամաքային ճանապարհը փակելով:

Պաշտոնական Թբիլիսին և անձամբ նախարար Խիդաշելին պարբերաբար կրկնում են, թե այդ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ կողմի, այդ թվում` նաև Հայաստանի դեմ: Ամենայն հավանականությամբ, վրաց նախարարի այցի նպատակը Վրաստանի այդ դիրքորոշումը, ուղերձը Երևանին անմիջականորեն հասցնելն է: Այս այցին նախորդել էր հունվարի 6-ին նախարարի այցը Թբիլիսիում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի՝ մասնակցելու սուրբծննդյան պատարագին: Չնայած դա ներկայացվեց որպես վրացական բանակի` ազգությամբ հայ զինծառայողներին շնորհավորելու ակտ, սակայն պարզ է, որ այն մի կողմից քաղաքական ժեստ էր վիրահայերի և Հայաստանի նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ նախավարժանք հայաստանյան այցից առաջ:

Իրականում դիվանագիտական այս մանևրների, ժեստերի հաճախակիացումը ավելի շատ կասկածելի է, քան համոզում Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական տանդեմ կառուցելու` Վրաստանի նպատակների  «անմեղության» հարցում: Դեռևս 2014թ. Թուրքիան և Ադրբեջանը նախարարական այս եռյակ ձևաչափի շրջանակներում համառորեն ուզում էին հասնել համատեղ եռակողմ հուշագրի ստորագրման: Դա  փաստացի նախարարական այդ ձևաչափը ֆորմալիզացնելու և Վրաստանին հակահայկական աքցանի մեջ առնելու քայլ է: Ստամբուլում անցած դեկտեմբերին հայտարարվեց, որ այդ փաստաթուղթը գրեթե պատրաստ է ստորագրման: Եթե իսկապես այդպես է, ապա չի բացառվում, որ Վրաստանն այդ հուշագիրը ստորագրելուց առաջ պաշտպանության նախարարի միջոցով որոշել է շոշափել Երևանի տրամադրությունները:

Գևորգ Դարբինյան