Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Zham.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, երկրի ցանկացած զորավարժություն ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նպատակներ: Այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժությունների գլխավոր թիրախն է հռչակվել Իրանը: Հասկանալի է, որ այդ երկիրը ծանր վիճակում է գտնվում իր ներքին խնդիրներով: Պարզ է նաև, որ այդ խնդիրները ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ բնույթի են։
Հասկանալի է նաև, որ Իրանի ներքին գործերի մեջ ներգրավված են իր բոլոր թշնամիները, այդ թվում Թուրքիան և Ադրբեջանը:
Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն ոչ միայն կապված է Իրանի ներքին խնդիրների հետ:
Հիշեցնենք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան լկտիաբար հայտարարում էին, թե ամեն գնով «բացելու են», այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», ապա նրանց հոխորտանքներին ամենահստակը հակադարձեցին Թեհրանից: Ավելին, իրանական իշխանությունները հստակ հայտարարեցին, որ թույլ չեն տա, որ ադրբեջանական զորքերը ներխուժեն հայկական Սյունիք, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
Պետք է նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Իրանի նման պահվածքը թեև հասկանալի էր, սակայն Թեհրանի այս կոշտ պահվածքը ինչ-որ չափ անսպասելի էր: Մանավանդ, որ Մոսկվայի դիրորոշումը այս հարցում ավելի շատ լղոզված բնույթ ուներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ այնքան էր շփոթված, որ Ադրբեջանին առաջարկեց Հայաստանին միջազգային ատյաններում դատի տալով, պոկել «Զանգեզուրյան միջանցքի» բացման «լեգիտիմ իրավունքը»։ Այս ամենը ցույց տվեց, որ Թուրքայում և Ադրբեջանում ամենևին էլ չեն ցանկանում Հայաստանի հետ անկեղծ խաղաղություն հաստատել, ինչ զիջումների էլ որ գնա Երևանը:
Նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական «կույրաղիք է», որը պետք է հեռացվի կամ ուժով, կամ էլ խաբելով, խաղաղ ճանապարհով, եթե ուժով հնարավոր չէ դա իրականացնել:
Իսկ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունների քարոզչական մեքենայի հիմնական թեզն այն է, որ պետք է հասնել այն նպատակին, որ Իրանը չկարողանա խոչնդոտել «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը: Այսինքն, Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում իրենց վերջնանպատակը, այն է գրավել Հայաստանի հարավային մասը, որն իր հերթին վերջ կդնի հայկական պետականության գոյությանը շատ հասկանալի պատճառներով, քանզի անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի և կդառնա ընդամենը տարածք, որը ամիսների ընթացքում կնվաճվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
Սա է իրականությունը: