Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ն սկսում է իններորդ նստաշրջանի առաջին քառօրյան:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին` ասելով, որ, ըստ օրենքի, մարդու իրավունքների պաշտպանը ընտրվում է պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
ԱԺ նախագահը, նախքան օրակարգը ներկայացնելը, ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում ԼՂ հակամարտությանը վերաբերող հակահայ երկու զեկույցների քննարկման ու քվեարկության մասին, որոնք, ըստ նրա, փորձաքար դարձան այդ կառույցի համար: Սահակյանի խոսքով` իրականությունը խեղաթյուրող, ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին վնասող այդ զեկույցները փորձեցին վարկաբեկել եվրոպական այդ բարձր հարթակը և թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը:
«ԵԽԽՎ-ն նման գործառույթ չունի: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների միակ ձևաչափը ՄԽ-ն է, ուստի չպետք է ձեռնարկել քայլեր, որոնք կվնասեն այդ ձևաչափին: Խորհրդարանական դիվանագիտությունը ուժեղ զենք է, եթե այն խելամտորեն ենք օգտագործում»,- ասաց ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն պատգամավորներին, որոնք աշխատել են միջազգային տարբեր կառույցներում` արժանապատվորեն ներկայացնելով այդ հակահայ զեկույցների իրական ենթատեքստերը:
Նա շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր այն կառույցներին, որոնք, ակտիվորեն աշխատելով, սատար կանգնեցին պետությանը:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ ԵԽԽՎ-ն պետք չէ դիտարկել հաղթանակի ու պարտության տեսանկյունից, որովհետև, ինչպես ասում են, պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի:
Ըստ ԱԺ նախագահի` կարևորն այն է, որ միասնակցության ուժը գիտակցում ենք և պետք է միասնությունը ծառայեցնենք հայրենիքի շահերին: «ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ ցանկություն ունեին իրականությունը տեսնել Բաքվի նավթային աշտարակներից»,- ասաց Գալուստ Սահակյանը: