կարևոր
2455 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 10:40
Քաղաքական

Մենք պետք է հասկանանք՝ մայր ունե՞նք, թե՞ որբ ենք․ «Հրապարակ»

Մենք պետք է հասկանանք՝ մայր ունե՞նք, թե՞ որբ ենք․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

- Սամվել Բաբայանը նախօրեին հանրահավաք էր կազմակերպել Ստեփանակերտի հրապարակում։ Հաշվի առնելով Արցախի ներկայիս վիճակը՝ ինչպե՞ս եք մեկնաբանում նրա՝ պետնախարարի պաշտոնին նշանակվելու պահանջը։

- Ամեն մի կուսակցություն, ամեն մի քաղաքական ուժ ունի իր հայեցակարգը, դա իրենց ներքին գործն է։ Իհարկե, ամեն մի քաղաքական ուժ ուզում է, որ իր առաջնորդը լինի երկրի ղեկավար, ձգտում է դրան, սա մենք հասկանում ենք՝ բնական է, խնդիր չէ։ Ես կարծում եմ, որ այս ծանր վիճակում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք պետական համակարգը, չխարխլենք այն։ Առանց այն էլ ծանր, վիրավոր, քարուքանդ եղած երկրում, որտեղ առանց այն էլ խարխլված է պետական կառավարման համակարգը, դրա համար պետք է ամեն ինչ անենք՝ դա պահպանենք։ Իհարկե, որոշ հատվածներ ունեն իրենց պահանջները, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ունեն իրենց պահանջը, հիմա վաղը կարող է մի այլ ուժ հանրահավաք անի... Եթե մենք ուզում ենք ժողովրդի տարբեր խմբերի՝ բոլորի ձայները լսել, այդ դեպքում միայն մեկ տարբերակ կա՝ նոր ընտրություններ կատարել, թող ժողովուրդն իր կարծիքը հայտնի։ Ո՞ւմ է տեսնում, որովհետեւ խումբ-խումբ պահանջներն անվերջանալի են լինելու։ Գոնե ընտրություն անենք՝ մի քանի տարի հանգիստ լինի։ Հիմա գիտեք, բուսնել են մեկ-երկու հոգի, մարդ կա՝ մեկ-երկու հետեւորդ էլ չունի՝ ինքն իրեն ուժ է համարում, խոսում են, բղավում են՝ իրենց բանի տեղ դրած: Բոլորին էլ գիտենք՝ ով-ով է, հարցը դա չէ, բայց գոնե նման օբյեկտները մի քանի տարի սսկվեն՝ գոնե այդ տեսակետից։ Եթե դա չի լինում, հասկանալով, որ իրավիճակը բարդ է, ուրեմն պետք է պահպանենք դա, գոնե տեսնենք՝ ինչ է ստացվում։ Իմ խորին համոզմամբ, մեզ մնացել է միայն երկու հանրահավաքի տեղ։ Հանրահավաքը մեր զենքն է․ վերջերս մի քանի հանրահավաք է տեղի ունեցել, ես, օրինակ, դա ճիշտ չեմ համարում։ Երկու հանրահավաքի տեղ ունենք։ Մեկի ժամանակ գերագույն իշխանությունը պետք է դուրս գա, ժողովրդին ասի՝ վիճակը սա է, մենք դիմում ենք այս-այս երկրներին՝ Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ: Եվրոպան իր կարծիքն արդեն հայտնել է` Միշելի շուրթերով: Եվ ասեն, որ ակնկալում են ժողովրդի պատասխանը, որը ստանալուն պես եւս մեկ հանրահավաք ենք անելու։ Մեր վերջնական որոշումն ազգովի ընդունելու համար՝ երկրորդ հանրահավաքը կանենք։ Այ, սրանք են երկու կարեւոր հանրահավաքները, մնացած բոլորը ես անձամբ համարում եմ, որ ճիշտ չեն։ Մի հանրահավաքի ժամանակ կանգնած են երկրի ներկա, նախկին ղեկավարները, մեկը ելնում հայտարարում է՝ մեզ երկրի ղեկավար պետք չէ, մեզ առաջնորդ է պետք։ Այսինքն՝ ի՞նչ է սա նշանակում՝ պետական համակարգը խարխլե՞նք, չեմ ուզում այդպիսի բան լինի եւ որեւէ մեկին իրավունք չեմ տալիս նման բաներ ասել՝ իմ ճակատագիրը, մեր ժողովրդի ճակատագիրը, մեր հարազատների ճակատագիրն այսպիսով կործանելու։ Ուզո՞ւմ եք՝ թող ժողովուրդն ինքն ընտրի, եթե գալիս եք դրան, ոչ թե խումբ-խումբ։ Այս հանրահավաքն էլ, նախորդ հանրահավաքն էլ, էն մյուս հանրահավաքն էլ, հո մենք փիառի համար հանրահավաք չե՞նք անելու, սա ավարտական երեկո չէ, որ հավաքվենք, երեխաները դուրս գան, ինչ-որ բան խոսեն։ Սա կարեւոր բան է, մեր վերջին զենքն է։

- Շատերը մտահոգություն են հայտնում, որ այդ հանրահավաքների հետեւանքով Արցախում անկայուն վիճակ կարող է ստեղծվել, ինչից կարող են օգտվել ադրբեջանցիները։ Նման վտանգ տեսնո՞ւմ եք։

- Եթե մենք այդ երկու հանրահավաքն անենք, այսինքն` ազգովի, պետական՝ սա կարեւոր քայլ է։ Մենք պետք է կամ ընտրություն անենք՝ դրանով վերջացնենք, հիմա պատկերը փոխվել է։ Հիմա այն ուժերը, որոնք նախորդ ընտրություններին հաջողության են հասել, կարող է չհասնեն, եւ հակառակը։ Լավ, ի՞նչ անենք, եթե ամեն անգամ տարբեր մարդիկ կարող են հանրահավաք անել, հիմա վաղը ե՞ս անեմ հանրահավաք։ Սա անհնարին է լինելու կանգնեցնել։

- Արցախից շատերը կասկածի տակ են դնում Արցախում ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, որ Ադրբեջանը կարող է պարզապես խոչընդոտել, ու կունենանք մի վիճակ, երբ Արցախում չեն լինի ղեկավար ու պետական կառույցներ։

- Հիմնավոր են այդ հայտարարությունները, մենք պիտի իրատես լինենք, բայց եթե հարցը վերաբերում է նրան, որ արդեն խումբ-խումբ ենք պահանջներ ներկայացնելու քաղաքական եւ այլն, այդ դեպքում ավելի լավ է ընտրություն անենք, որովհետեւ սա ավելի քիչ չարիք է, քան մյուսը։ Ամեն անգամ մեկը հանրահավաք է անելու, եւ դրանով կորչում է հանրահավաքի կարեւորությունը։ Ինչպես արդեն նշեցի, մենք ունենք երկու համաժողովրդական հանրահավաքի՝ երկու փամփուշտի տեղ, վերջ։ Այդ երկու փամփուշտները պետք է օգտագործել ճիշտ ժամանակին եւ դիպուկահարի պես, այլ տարբերակ չունենք։

- Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Միշելը հանդես եկավ հայտարարությամբ։ Ի՞նչ զարգացումներ եք ակնկալում այդ հայտարարությունից հետո։

- Մենք պիտի շնորհակալություն հայտնենք Շառլ Միշելին, որ իր կարծիքը հայտնեց։ Այլասերված կարծիք է, զզվելի կարծիք է, ժողովրդավարությանը ոչ բնորոշ՝ այլասերված ժողովրդավարության արտացոլում է․ դա՝ մի կողմ, բայց ինքը կարծիք հայտնեց։ Հիմա մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ են մտածում պաշտոնական Երեւանը եւ Հայաստանի Հանրապետության հասարակությունը։ Գուցե Հայաստանի հասարակության մեծամասնությունն ասում է՝ տվեք Արցախը, կոտորեք դրանց, պրծնենք էդ ղարաբաղցիներից։ Կան մայրեր, որ սպանում են իրենց նորածին երեխաներին, մորթում են, աբորտ են անում, կան, չէ՞, այդպիսի մայրեր։ Մենք պետք է հասկանանք՝ մենք մայր ունե՞նք-չունե՞նք, ո՞րբ ենք, չգիտեմ՝ ի՞նչ ենք, քայլեր ձեռնարկենք։ Հիմա Շառլ Միշելն իր զզվելի հայտարարությամբ արդարացրեց Ադրբեջանի ագրեսիան, պապանձվեց՝ խոսելու շրջափակման, պաշարման մասին․ Աստված իր հետ։ Հասկանալի է, որ խրախուսում է, ինչ-որ տեղ՝ գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար, բայց սա դեռեւս հավաքական Արեւմուտքի կարծիքը չէ։ Շառլ Միշելը հավաքական Արեւմուտքի կրտսեր գործընկերն է, մնացել է ԱՄՆ-ն։ Ռուսաստանից ենք ակնկալում վերջնական հստակ պատասխան եւ, իհարկե, Հայաստանից, ինչպես արդեն նշեցի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում