կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 21:19
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի պարտությունը, որը դեռ Հայաստանի հաղթանակը չէ

Ադրբեջանի պարտությունը, որը դեռ Հայաստանի հաղթանակը չէ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաhները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում առաջ են քաշում արդեն հաջորդ շաբաթ` մայիսի 16-ին, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է 2015թ. դեկտեմբերին Բեռնում, որից հետո, ըստ էության, բանակցային գործընթացը դադարել էր։ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին ապրիլյան քառօրյա ռազմական բախումներից հետո պաշտոնական Երևանը ընդհանրապես հայտարարեց, որ անիմաստ է համարում համապարփակ կարգավորմանն ուղղված որևէ բանակցություն, քանի դեռ Ադրբեջանը և միջնորդները չեն տվել երաշխիքներ, որ 1994 և 1995թ. կնքված եռակողմ անժամկետ հրադադարի ռեժիմը պահպանվելու է, և Ադրբեջանը չի դիմելու Արցախի դեմ նոր ռազմական սադրանքի։

Դատելով ՄԽ համանախագահների հայտարարության բովանդակությունից և շեշտադրումներից` կարելի է փաստել, որ ՄԽ եռանախագահները համակարծիք են պաշտոնական Երևանի հետ և առաջնայինը համարում են բանակցությունների համար նպաստավոր պայմանների ապահովումը։ Բանն այն է, որ, նախագահների հանդիպման պահանջ ներկայացնելուց բացի, հայտարարությամբ համանախագահները սահմանում են նաև այդ հանդիպման օրակարգը. «Նրանց հիմնական խնդիրը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը եւ հասնել վստահություն սերմանող միջոցների շուրջ համաձայնության, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների վերսկսման համար` հանուն համապարփակ կարգավորման` հիմնված քննարկվող հիմնարար տարրերի եւ սկզբունքների վրա։ Բանակցությունները հաջողություն չեն ունենա, եթե բռնությունը շարունակվի, եւ չի կարող լինել խաղաղություն` առանց բանակցային գործընթացի»,- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Նման մոտեցումը նշանակում է երկու բան։ Նախ՝ արձանագրվում է, որ ՄԽ եռանախագահության համար ամբողջությամբ ընդունելի են Երևանի առաջադրած նախապայմանները, և որ ողջ քաղաքական գործընթացն ուղղված է նոր էսկալացիայի բացառմանը։ Ելնելով այն ուղեգծից, որ այս հարցում վարում է պաշտոնական Երևանը, սա կարելի է համարել նրա տակտիկական հաղթանակը, որը կարող է պայմանավորված լինել, մի կողմից, էսկալացիայի բացառման մեխանիզմների ստեղծման հարցում Մոսկվայի ունեցած սկզբունքային դիրքորոշմամբ, մյուս կողմից՝ ԼՂՀ-ն ճանաչելու` Հայաստանի հնչեցրած սպառնալիքներով։ Ամեն դեպքում` հաշվի առնելով, որ հայտարարության ուղերձները լիովին բխում են հայկական կողմի պահանջներից, պետք է ենթադրել, որ Երևանը կհամաձայնի հաջորդ շաբաթ այդ օրակարգով մասնակցել բանակցություններին։

Երկրորդ՝ համանախագահների այս հայտարարությունը ԼՂ հարցում Ադրբեջանի դիվանագիտության խոշոր պարտության արտացոլումն է։ Այն հաստատում է, որ ապրիլին ձեռնարկած հարձակումը ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական որևէ հաղթաթուղթ չի տվել Բաքվին։ Ավելին` իր այդ անհաշվենկատ քայլով Բաքուն ուղղակի վերջնականապես համոզեց միջազգային հանրությանը, որ առաջինը պետք է ջարդել պատերազմի շանտաժի` ադրբեջանական քաղաքական ուղեգծի ողնաշարը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե առաջիկայում հնարավոր են բանակցություններ՝ փաստորեն, հաստատելով Բաքվի` բանակցային գործընթաց վերադառնալու` մինչ այդ կորած ցանկությունը։

Համանախագահների այս հայտարարությունից հետո Բաքուն հայտնվում է թակարդում` կա'մ համաձայնում է հրադադարի վերականգնման հարցով բանակցություններին, կա'մ հրաժարվում է՝ ուղղակի հաստատելով, որ վարում է պատերազմական քաղաքականություն։ Եթե նկատի ունենանք, որ նախագահների հանդիպմանը կարող են մասնակցել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի արտգործնախարարները, ապա ակնհայտ է դառնում, որ մասնակցելու դեպքում ինչպիսի ճնշման տակ է գտնվելու Իլհամ Ալիևը։ Եթե նա խուսափի բանակցությունից, լուրջ քարտ բլանշ կտա հայկական կողմին՝ միջնորդների և միջազգային հանրության առջև ուղղակի դնելու` ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչման հարցը։ Այս իմաստով գնդակը միանշանակ գտնվում է Բաքվի դաշտում, որը խաղարկելու տարբերակ ադրբեջանական դիվանագիտությունը գրեթե չունի։

Այս իրավիճակը, սակայն, որքան տակտիկապես շահեկան է հայկական կողմի համար, բացարձակ լավատեսության հիմքեր չի տալիս։ Խնդիրն այն է, որ եթե Ադրբեջանը համաձայնի այս օրակարգով բանակցություններին և արդյունքում համաձայնի նաև շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդող մեխանիզմների կիրառմանը, հայկական դիվանագիտության առջև կանգնելու է Մադրիդյան սկզբունքներին համաձայնելու կամ չհամաձայնելու երկընտրանքը։ ՄԽ համանախագահները սա ընդգծել են հայտարարության մեջ` շեշտելով, որ համապարփակ կարգավորումը հիմնվելու է «քննարկվող հիմնարար տարրերի եւ սկզբունքների վրա»: Դրանց համաձայնելը նշանակելու է գնալ «Տարածքներ ԼՂ միջանկյալ կարգավիճակի» դիմաց տարբերակին, իսկ չհամաձայնելը՝ ստանձնել բանակցային գործընթացը տապալելու պատասխանատվությունը։ Տպավորությունն այնպիսին է, որ, հայկական կողմի ներկայիս նախապայմանին համաձայնելով, համանախագահները փորձում են հետագայում Երևանին զրկել Մադրիդյան սկզբունքներից խուսանավելու հնարավորությունից։ Այսինքն` հիմա զիջում են, որպեսզի հետագայում բուն կարգավորման հարցում զիջում ստանան Երևանից։

Գևորգ Դարբինյան