կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 13:03
Հասարակություն

«World Life Expectancy»-ի տվյալները ՀՀ-ում քաղցկեղից մահացության վերաբերյալ կե՞ղծ են

«World Life Expectancy»-ի տվյալները ՀՀ-ում քաղցկեղից մահացության վերաբերյալ կե՞ղծ են

«World Life Expectancy» («Կյանքի տևողությունը աշխարհում») կայքը, որը մոլորակի բնակչության կյանքի տևողության և մահացության վրա ազդող տարատեսակ գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու հրապարակում, ներկայացրել էր քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը 172 երկրներում: Հայաստանը 172 երկրների շարքում հայտնվել էր առաջին հորիզոնականում:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրեն մինչ այս կայքը հայտնի չէր, և այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղի՞ց է վերցված վիճակագրությունը:

Ըստ նրա` Հայաստանը, բնականաբար, քաղցկեղից մահացությամբ առաջին տեղում չէ, բայց սա չի նշանակում, որ մեզ մոտ քաղցկեղից մահացության տվյալները ցածր են: Առհասարակ, Բազարչյանի կարծիքով, կոռեկտ չէ մահացության դեպքերի հիման վրա երկրներն ինչ-որ տեղերի բաժանելը: «Հայաստանում 2014-ին 100 000 բնակչի հաշվով 189-ի մոտ է մահվան պատճառը քաղցկեղը եղել: Իսկ կայքի հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում 100 000 մահացածներից 229,84-ի պարագայում մահվան պատճառը եղել է  քաղցկեղը, այսինքն` նրանց ներկայացրած թիվը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Բազարչյանը:

Այն, որ Հայաստանին հաջորդում էր Զիմբաբվեն, ըստ նրա, նույնպես անհեթեթություն էր, քանի որ աֆրիկյան երկրներում ավելի շատ մահանում են ինֆեկցիոն հիվանդություններից:

Բազարչյանը նշեց նաև, որ կայքն ասում է, թե ԱՀԿ-ից է վերցրել իր տվյալները, սակայն իրեն բախտ է վիճակվել լինել ԱՀԿ-ի հետազոտող, և ոչ մի կերպ չի հաջողվել գտնել տվյալներ Զիմբաբվեի վերաբերյալ: