Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Ցավն այն է, որ անգետ ու անդաստիարակ լինելուց այլևս չենք ամաչում...»: Սոս Սարգսյանը ծանր ու դառը բան է ասել: Մեծի խորագիտությամբ: Ցավը շոշափելով է ասել: Չի ասել, ահազանգե՛լ է: Հիմա անգետ ու անդաստիարակ լինելուց չամաչելն այլևս ցավ չէ: Աղետ է դարձել: Ա-ղե՛տ: Անկում, որի վերջը դեռ չի երևում: Հիմա անգետ, անդաստիարակ լինելը դարձել է գլուխգովանք, շատ դեպքերում՝ իշխանավոր, պաշտոնյա ու պարգևավճարյալ կամ դրանց թևութիկունք լինելու երաշխիք: Ահավո՞ր է: Այն էլ՝ ինչպես: Բայց այդ սարսափը, այդ մղձավանջը դարձել է մեր երկրի իրականությունը, դարձել է առօրյա ու առօրեական: Այնպես չէ, թե նոր նկատեցինք: Նաև այնպես չէ, թե մինչ այս լռում էինք, նոր միայն որոշեցինք բարձրաձայնել: Բայց պետք է, պետք է ահազանգել, «բզել», գոռալ:
Այնքան ժամանակ, մինչև որ տեղ հասնի, մինչև որ մարդիկ հետ գան կործանարար թմբիրից ու փորձեն կասեցնել համընդգրկուն անկումը: Անդաստիարակության ու բարոյազրկության մասին: Հենց՝ բարոյազրկության: Մարդկային նկարագրի լիակատար կապիտուլ յացիայի ու կորստի մասին: Դրա ամենից ցցուն նմուշները հերթական անգամ դրսևորվեցին այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի պաշտամունքով տարված, կարելի է ասել՝ «Փաշինյանի վկաներ» կրոնական կազմակերպության հետևորդների տպավորություն թողնող ինչ-ինչ սուբյեկտներ ամենակեղտոտ ու գռեհիկ բառամթերքով հարձակվեցին Հայրենիքի համար պատերազմում զոհված զինվորի մոր վրա: Ամենաստոր ու ամենից անմարդկային դրսևորումներն, իհարկե, նորություն չեն, դրանք արձանագրվեցին ոչ միայն հիմա, երբ նորելուկ դատավորը, Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու կամ, ինչ իմանաս, իր հավատարմությունը արտահայտելու նպատակով որոշեց կալանավորել զոհված զինվորի մորը:
Այս դատավորի նման պահվածքը լրիվ տեղավորվում է Հայաստանում իշխանության կողմից օրենքի, արդարության ու բարոյականության վրա խորապես թքած ունենալու իրողության համատեքստում: Ամենից սարսափելին այն էակներն են, որ սոցցանցերում սկսեցին զոհվածների ու նրանց ծնողների հասցեին իրենց գարշահոտ լեզուները շարժել, վիրավորել, գռեհկաբանել, հայհոյել: Զոհվածների գերեզմանների հասցեին վայրահաչեցին ոմանք: Սա՛ է աղետը: Ու կապ չունի՝ ինչ-որ ֆեյքարանի հրահանգով էին դա անում, թե, այսպես ասած, «ինքնաբուխ»: Նույն այդ ֆեյքերի հետևում նորից մարդիկ են, ֆեյքերը այլմոլորակայիններ չեն, դրանց հետևում մեր շուրջն ապրողներ են: Դրանք օրվա իշխանության կողմնակիցներն են, և դա օրվա իշխանության բովանդակային նկարագրի արտահայտությունն է: Հիրավի, մարդկայնությունից իսպառ դուրս եկած, մարդկայնությունը բացարձակապես կորցրած մեկը պիտի լինի, որ տարրական հարգանք չունենա զոհվածի, նրա հիշատակի, նրա շիրիմի, նրա ծնողի նկատմամբ ու... բերանը շաղ տա:
Սա, գիտե՞ք, քաղաքականությունից դուրս է, սա ընդհանրապես կապ չունի որևէ քաղաքականության հետ: Սա մարդկային նկարագրի, ավելի ճիշտ՝ դրա կորստի հետևանք է ու խնդիր: Սա այն նշանն է, որը ցույց է տալիս՝ անձը բարոյապես մեռել է, ոչնչացել, մարդուց վերածվել է բարոյական ոչնչության: Երևի դա օրինաչափ է: Եթե երկրի ղեկավար է համարվում մեկը, որի համար պարտությունը հպարտանալու բան է, որի համար Հայոց հողը թշնամու «տարածքային ամբողջականությունն» է, որի համար սուտն ու կեղծիքը սովորական բաներ են, իսկ անպատասխանատվությունը՝ կենսակերպ, և եթե նման «որակներով» մեկը ունի հազարավոր երկրպագուներ, պարզ է, որ այդտեղ հասարակության մասին խոսելն արդեն ճոխություն է: Ի՞նչն է հատկանշական: Այն, որ զոհվածների, նրանց ծնողների հասցեին ավել-պակաս շատ դուրս տվեցին ու լրիվ չափն անցան, առաջինը երևի փաշինյանական քարոզիչներն սկսեցին գլխի ընկնել: Ու դրան հաջորդեց հասկանալի կենտրոնից կազմակերպված ալիք, թե՝ հայհոյախոսողներն, իբր, հայկական անուններով գրանցված ադրբեջանական ֆեյքեր են կամ նման մի բան:
Մինչդեռ կան մարդիկ, որ չզլացան մեկ առ մեկ տնտղել վայրահաչով աչքի ընկածների սոցցանցային էջերը՝ պարզելով, որ հիմնականում ռեալ անձնավորություններ են, ու ոչ էլ՝ թշնամական ֆեյքեր են: Ու դա ամենից ծանր բանն է: Այն, որ նմանների հետ մի երկրում ես ապրում, շնչում նույն օդը, հնարավոր է՝ դրանցից մեկնումեկի հետ երթևեկում ես, ասենք, հանրային փոխադրամիջոցում, խանութում կանգնում դրամարկղի մոտ, կամ նման մեկը, հանկարծ պարզվում է, հարևան բակից է կամ անգամ՝ շենքից: Նույնիսկ ամենից վատ ու աղետաբեր իշխանությունը վերջ ունի: Ու Նիկոլ Փաշինյանի մղձավանջային կառավարումն էլ է մի օր ավարտվելու:
Այն սպառված է արդեն իսկ, բայց ավարտը միշտ չէ, որ սպառվածության հետ համընկնում է: Ինչևէ: Կգա նաև այդ օրը: Իսկ, այ, մարդկային նկարագիրը կորցրած, բարոյականության բոլոր կարմիր գծերը հատած այդ մյուսների հետ ինչպե՞ս վարվել: Այդ մահացու, բարոյամտավոր քաղցկեղից ի՞նչ «քիմիա» կազատի: Թե՞ «կախարդական» կինոների նման, հենց գլխավոր չար ուժի գործունեությունը դադարի, դրա ազդեցության ու փառի տակ ընկածներն էլ ինքնըստինքյան «հետ կգան»: Քիչ հավանական է: Բայց որ ահռելի ջանքեր են պահանջվելու՝ հասարակության բարոյական մակարդակն ու նկարագիրը վերականգնելու համար, ակնհայտ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում