Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Այս պահին, եթե Ադրբեջանն ու Հայաստանը ցանկանան, մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի դեր կատարել»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն Ջաբեր Անսարին:
Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաների մի մասի հանելուց հետո սա առաջին անգամ է, որ պաշտոնական Թեհրանը հանդես է գալիս ԼՂ հիմնահարցի կապակցությամբ միջնորդական առաքելություն ստանձնելու անուղղակի առաջարկով:
Իրանի համար նման դերի ստանձնումը նոր բան չէ: 1992թ փետրվարից մինչև մայիս, այսինքն` Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում, այդ երկիրը չափազանց գործուն քայլեր էր ձեռնարկում հակամարտության գոտում կրակի դադարեցման և խնդիրը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու ուղղությամբ: Այդ ջանքերի գնով առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը Թեհրանում ստորագրեցին մեկշաբաթյա հրադադարի մասին առաջին փաստաթուղթը: 1992թ. մայիսին, տևական հրադադարի հաստատման նպատակով, պլանավորվել էր Թեհրանում կազմակերպել Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ գագաթաժողով: Այնտեղ էր մեկնել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն գագաթաժողովը չկայացավ մայիսի 8-ին Շուշիի ազատագրման, ապա, օրեր անց, նաև Լաչինի միջանցքի բացման պատճառով: Դա փաստացի վերջ դրեց Իրանի միջնորդական գործունեությանը՝ էստաֆետը թողնելով Ռուսաստանին և Ղազախստանին, ապա՝ ԵԱՀԿ-ին:
Դրանից հետո` անցած 24 տարիներին, Իրանը ԼՂ հարցում ավելի շատ դիտորդի կարգավիճակում է եղել՝ փորձելով հակամարտող կողմերի միջև հավասարակշռված դիրքորոշում պահպանել: Այդ ընթացքում Թեհրանն, իհարկե, երբեմն շրջանառության մեջ դրել է ԼՂ հարցում միջնորդ դառնալու պատրաստակամությունը, սակայն ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության պարագայում այդ հայտարարություններն ավելի շատ հետապնդում էին իր հյուսիսային սահմանների անմիջական հարևանությամբ առկա կոնֆլիկտում իր հետաքրքրվածության և շահերի մասին հիշեցնելու նպատակ:
Չի բացառվում, որ Իրանի փոխարտգործնախարարի վերջին հայտարարությունը ևս գլխավորապես այդ նպատակն է հետապնդում: Սակայն հանգամանքը, որ դա արվում է միջազգային տնտեսական սանկցիաների հանման ֆոնին, հնարավորություն է տալիս ասելու, որ դա ավելի շատ հայտարարություն է Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտ վերադառնալու և աստճանաբար ավելի մեծ դերակատարություն ստանձնելու վերաբերյալ:
Իրանի այս ակտիվացումը, որն, այսպես, թե այնպես, տեղի է ունենալու նաև ԼՂ հարցի կոնտեքստում, երկակի էֆեկտ ունի: Իրանը բազմիցս է հանդես եկել ԼՂ խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա լուծելու մասին հայտարարություններով: Ավելին` լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ՝ Թեհրանը մշտապես աջակցել է այդ կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված՝ ԼՂ հարցի վերաբերյալ ակնհայտ հակահայկական բանաձևերին ու հայտարարություններին, թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ այդ հարցում Իրանն ունեցել է խիստ կրավորական դերակատարում: Սա մի կողմից պայմանավորված է եղել տնտեսական բլոկադայի պայմաններում իսլամական աշխարհի հետ հարաբերությունները պահպանելու, մյուս կողմից՝ իր հյուսիսային շրջաններում՝ Ատրպատականում, անջատողական տրամադրությունների խորացման տեղիք չտալու առաջնահերթությամբ:
Թվում է, թե փոխարտգործնախարար Անսարիի այս հայտարարությունը կարող է Իրանին հակամարտության կարգավորման պրոցես ներքաշելու, դրանով գործընթացը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ֆորմատից հանելու նախադրյալներ ստեղծել Բաքվի համար: Իրականում, սակայն, դա կարող է Ադրբեջանի համար վերածվել թակարդի: Խնդիրն այն է, որ ԼՂ կարգավորման գործընթացում Իրանի ներգրավումը ուղղակիորեն նշանակում է մեծացնել նրա ազդեցությունը Հարավային Կովկասում: Իրանի «մուտքը» խառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի և Ռուսաստանի միջև այստեղ հաստատված ստատուս քվոն և հանգեցնում ուժերի նոր բալանսավորման:
Մերձավորարևելյան տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հետ ոչ ֆորմալ դաշինք հաստատելով և փաստացի հակաիրանական արշավի մասնակից դառնալով՝ Թուրքիան, ինչպես նաև նրա հետքերով գնալու իր անհեռատես քայլով Ադրբեջանը ստիպում են Իրանին Հարավային Կովկասում մերձենալ Հայաստանի հետ` իբրև քաղաքական և ռազմավարական վստահելի միակ հենակետի: Այս հանգամանքը Իրանին ավելի ընկալողունակ է դարձնում Հայաստանի շահերի, կոնկրետ` ԼՂ հարցում առկա ստատուս քվոն ամեն գնով պահպանելու շահագրգռության նկատմամբ: ԼՂ հարցում ստատոս քվոյի պահպանումը Իրանի համար ոչ միայն թիկունքն ապահովագրելու միջոց է, այլև լծակ տարածաշրջանում քաղաքական ներկայությունը և ազդեցությունը վերահաստատելու համար: Եվ այս նպատակով Թեհրանի կողմից ԼՂ հարցում միջնորդական առաքելություն ստանձնելու հարցի շահարկումը բխում է ինչպես Հայաստանի և ԼՂՀ-ի շուրջ, այնպես էլ Իրանի թիկունքում հարաբերական կայունության պահպանման հրամայականից: Թեհրանում, թերևս, հասկանում են, որ ներկա փուլում ԼՂ հարցում ավելի մեծ դերակատարում ունենալ չեն կարող: Դրան դեմ են առաջին հերթին ՄԽ եռանախագահող երկրները, որոնց ստվերում Երևանի անհամաձայնությունը նույնիսկ դառնում է երկրորդական: Այնպես որ` որքան Իրանից հաճախակի հնչեն նման անհետևանք առաջարկություններ, այնքան ավելի լավ թե\' Հայաստանի և թե\' ԼՂՀ-ի համար:
Գևորգ Դարբինյան