կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 13:07
Իրավական

Ամեն ինչում ինձ մեղավոր եմ ճանաչում. Վալերի Պերմյակով

Ամեն ինչում ինձ մեղավոր եմ ճանաչում. Վալերի Պերմյակով

Քիչ առաջ Գյումրիում տեսակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը հրապարակեց Ավետիսյանների սպանության գործով միակ ամբաստանյալ` ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքը:

Դատավորի հարցին` արդյո՞ք Ձեզ հասկանալի է մեղադրանքի բովանդակությունը և մեղադրանքի իրավական որակումը, Պերմյակովը պատասխանեց՝ այո, հասկանալի է:

Հարցին` Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, ամբաստանյալը նույնպես պատասխանեց` այո: Իսկ թե կոնկրետ ինչո՞ւմ, նա ասաց. «Ամեն ինչում»:

Պերմյակովի խոսքերը բարկացրեցին դահլիճում ներկա` Ավետիսյայնների հարազատներին, նրանք դատավորին հորդորեցին՝ Պերմյակովից պահանջել հայտնել, թե ինչ է արել:

Դատարանը որոշեց նախ  հարցաքննել տուժողի իրավահաջորդներին, վկաներին, հետազոտել գործում առկա ապացույցները և վերջում հարցաքննել Պերմյակովին:  

Նշենք, որ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (սպանություն), 5-րդ (սպանություն առանձին դաժանությամբ), 8-րդ կետերով (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը):