Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհահռչակ Daily mail պարբերականն անդրադարձել էր Գյումրու կենդանաբանական այգու խնդրին` վերնագրելով հոդվածը «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգիներից մեկը»: Խնդիրն այն է, որ որոշ կենդանիներ իսկապես ոչ բարվոք վիճակում են, մասնավորապես` երկու արջ և երեք առյուծ: Այսօր լրագրողների հետ են հանդիպել խնդրով մտահոգված ՀԿ-ների ներկայացուցիչները:
«Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը նշեց, որ այդ խնդիրը նոր չէ: Այգու սեփականատերը հայտարարել էր, որ այլևս ի վիճակի չէ հոգ տանել այդ կենդանիների մասին, և խնդրել էր աջակցություն: Եվ մտահոգ քաղաքացիներ որոշեցին ինքնակազմակերպվել, միասին սնունդ հայթայթել այդ կենդանիների համար:
«Իհարկե, այս պահի դրությամբ խնդիրը լիարժեք կարգավորված չէ, որովհետև դեռ չենք կարողացել անհրաժեշտ պայմանները ստեղծել կենդանիների համար: Իրականում խնդիրը միայն ֆինանսական չէ, պետք է ապահովել այդ կենդանիների նորմալ ապրելակերպը: Օրինակ` կենդաբանական այգու տարածում չկա ջուր, և կենդանիների խմելու ջուրը ստիպված են ձեռքով բերել որոշակի հեռավորությունից: Նույնը վերաբերում է նրանց կերակրելու հարցին, որը կարգավորված չէ»,- ասաց Արսեն Վարդանյանը:
Կենդանիների բարեկեցությամբ զբաղվող ՀԿ-ի ներկայացուցիչ Նարե Արամյանը տարակուսեց, թե ինչպես կարելի էր նման տարածքում առհասարակ կենդանաբանական այգի պահել: Նրա խոսքով` արդարացի են մարդկանց կարծիքն այն մասին, որ պետությունը, որը չի կարողանում իր քաղաքացիների նվազագույն պայմանները կազմակերպել, ինչպե՞ս կարող է հոգ տանել վայրի կենդանիների մասին: Եվ միմիայն որոշ քաղաքացիների կամավոր աշխատանքների շնորհիվ է, որ իրավիճակը մի քիչ փոխվել է այգում: Սակայն այդ կամավոր աշխատանքները չեն կարող մշտապես շարունակվել:
Հարցին, թե ի՞նչ լուծումներ են առաջարկում, Նարե Արամյանը պատասխանեց, որ պետք է օր առաջ լուծել օրենսդրական կարգավորումների հարցն ու կենդանաբանական այգու երկարաժամկետ պահպանման խնդիրը:
Կենդանաբույժների միջազգային ծառայության ներկայացուցիչ Տագմար Մայերը նշեց, որ իսկապես սարսափելի պայմանների են ականատես եղել Գյումրու կենդանաբանական այգում: Նա ահազանգեց, որ եթե արջերից մեկը համապատասխան բուժում չստանա, ապա կսատկի, մինչդեռ` Հայաստանը պարտավորություններ է ստանձնել ՄԱԿ-ի առողջապահության պահպանման և կենդանիների առողջության պահպանման միջազգային կազմակերպությունների առջև: Եվ միջազգային ծառայության ներկայացուցիչը կարծում է, որ կենդանիների պահպանմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները պետք է համախմբվեն և այդ կենդանիներին դուրս բերեն Հայաստանից:
Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Առաքելյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետարանը խնդրին քաջատեղյակ է և պատրաստ է օգնել իր ուժերի սահմաններում: Նա մանրամասնեց, որ կենդանիների երկարաժամկետ սնունդն ապահովելու և պայմաններ ստեղծելու համար Գյումրու քաղաքապետարանը միջոցներ չունի, և որ միայն կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ է 5 միլիոն դրամ, ինչի հնարավորությունը քաղաքապետարանը ևս չունի: