կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 16:16
Հասարակություն

Մաշայի և Միշայի բախտը բերեց, տարոսը` Զիտային ու Գիտային. Գյումրու կենդանաբանական այգու ճակատագիրը

Մաշայի և Միշայի բախտը բերեց, տարոսը` Զիտային ու Գիտային. Գյումրու կենդանաբանական այգու ճակատագիրը

2010 թվականին գյումրեցի Ստյոպա Վարդանյանն իր հետ ՌԴ-ից որոշ կենդանիներ` առյուծ, արջ, ծովախոզուկ, լուսաններ ու կապիկներ էր բերել Գյումրի` տեղում կենդանաբանական այգի հիմնելու նպատակով: Նա yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ կենդանաբանական այգի ունենալը, պարզվեց, այնքան էլ հեշտ չէ. 3 տարի անց Վարդանյանը կանգնեց փաստի առաջ` կենդանիներին սնունդով ապահովելու խնդիր առաջացավ:

2013-ի սկզբին մասնավոր գազանանոցը Գյումրու ծայրամասից` Անտառավան թաղամասից, տեղափոխվեց Սախարովի հրապարակին հարող տարածք. սեփականատերը հույս ուներ, որ այցելուների թվի աճ կնկատվի: Հույսը, սակայն, չարդարացավ: Վարդանյանը սկսեց ահազանգել և կառավարությունից օգնություն խնդրել, բայց զուր, մեզ կենդանաբանական այգի պետք չէր:

Ի դեպ, պայմանները, որոնցում պահվում էին կենդանիները, հեռու էին կենդանաբանական այգի կոչվելուց, քանի որ կենդանիները պահվում էին վանդակներում, որոնցով թույլատրվում է տեղափոխել կամ ունենալ շրջիկ գազանանոց, բայց դրանք նախատեսված չէին մշտական «բնակության» համար: Այսինքն` դժվար էր կենդանիների սանիտարական վիճակը պահպանել` չհաշված այն, որ առաջացել էր կենդանիներին կերակրելու մեծ խնդիր:

Վարդանյանն ասում է`  առյուծներից յուրաքանչյուրն օրական 8-10 կիլոգրամ միս է ուտում, այսինքն` 3 առյուծներին պահելու համար ամիսը 1000 դոլար է անհրաժեշտ, և սա` միայն առյուծների դեպքում: Պայմաններից ելնելով` Գյումրու գազանանոցում պահվող լուսաններին ու կապիկներին տեղափոխեցին Արմավիր, իսկ առյուծներն ու արջերը մնացին գազանանոցում:

2013-ից երեք տարի անց` 2016-ի հունվարի 19-ին, Daily Mail-ն անդրադարձավ Գյումրիում գործող մինի կենդանաբանական այգուն` վերնագրելով հոդվածը «Աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգիներից մեկը»: Հոդվածում, մասնավորապես, գրված էր. «3 առյուծ, 3 արջ և 2 ծովախոզուկ` կիսաքաղց, իրենց փոքրիկ վանդակներում, դաժան պայմաններում՝ կրելով անբնական պայմանների լուծը, գտնվում են կիսախելագար վիճակում»:

3 տարի առաջ, երբ սեփականատերը բարձրաձայնում էր խնդրի մասին, լսող չեղավ, իսկ Daily Mail-ի անդրադարձից հետո մեծ աղմուկ բարձրացավ` ամոթ է, դրսերում էլ մեր խնդրի մասին իմացան:

\"\"Ի դեպ, Շիրակի մարզի անասնաբուժության եւ սննդի անվտանգության կենտրոնի տնօրեն  Գնել Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կողմից ուսումնասիրվող օբյեկտների ցանկում գազանանոցը չկա, և կենդանիների սանիտարահիգիենիկ պայմաններով իրենք չեն զբաղվել: «Մենք ոչ մի լծակ չենք ունեցել գազանանոցի վրա»,- ասաց նա:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնից նույնպես տեղեկացրին, որ իրենց կողմից ուսումնասիրվող կազմակերպությունների ցանկում Գյումրիում գործող գազանանոցը չի եղել:

Ինչևէ, Daily Mail-ի անդրադարձից հետո այգու երկու արջերին հունվարի 22-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի:

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ` ճշտելու, թե ի՞նչ է լինելու երեք առյուծների ճակատագիրը, և ի՞նչ վիճակում են հիմա գտնվում արջերը:

Հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել է, որ Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող արջերի բարեկեցության ապահովման խնդիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հանձն էր առել դեռևս 2015-ի նոյեմբերին` Հայկական բնապահպանական ցանցի (AEN) նախաձեռնությամբ: Մարտիրոսյանի հավաստմամբ` այս համագործակցության շրջանակում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Գյումրիում պահվող արջերին արտահանել Ռումինիայի «Լիբեարտի»` արջերի մասնագիտացված ապաստարան` վերականգնողական թերապիա անցնելու և մշտական կացություն տրամադրելու պայմանով:

Ի դեպ, Միշա և Մաշա արջերի սննդի, տեղափոխման, կենդանաբուժական և անհրաժեշտ այլ ծախսերը հոգում է «Բրիջիտ Բարդո» հիմնադրամը: «Արտահանման համապատասխան թույլտվությունները ստանալուն պես` հունվարի 22-ին, արջերը տեղափոխվեցին Երևանի կենդանաբանական այգի` նախքան արտահանումը անհրաժեշտ խնամք, կենդանաբուժական զննումներ /բուժումներ և օրենքով սահմանված կարգով կարանտին անցնելու նպատակով: Արջերի՝ Երևանի կենդանաբանական այգի փոխադրելու հարց դեռ չի քննարկվել՝ ելնելով, մասնավորապես, վերջինիս գործառութային նշանակությունից»,- տեղեկացնում է Մարտիրոսյանը` հայտնելով նաև, որ մինչ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխումը արջերը կշռում էին` յուրաքանչյուրն ընդամենը 50 կգ, և դրսևորում ակներև ագրեսիվ վարքագիծ: Ներկայումս, ըստ նրա, կենդանիների առողջությունը գնահատվում է բավարար, վարքագծային դրսևորումները` կայուն, ենթատեսակին բնորոշ, խորհուրդ է տրվում մասնագիտական վերականգնողական թերապիա:

Ինչ վերաբերում է Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երեք առյուծներին՝ մայր Մերիին և նրա երկու ձագերին՝ Զիտային ու Գիտային, ապա հիմնադրամի փոխտնօրենը նշում է, որ նրանք դեռևս կշարունակեն մնալ Գյումրիում: «Նախքան հիմնադրամի կողմից Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում վայրի կենդանիների փրկարարական կենտրոնի կառուցման ավարտը` նրանք Գյումրիում կմնան, ուր կանցնեն անհրաժեշտ բուժումներն ու կստանան մասնագիտական խնամք` նախքան մշտական կացության վայր տեղափոխելը»,- ասում է Մարտիրոսյանը:

Հիմնադրամից տեղեկացնում են նաև, որ ներկայումս առյուծների համար անհրաժեշտ սնունդն ապահովում են իրենք, այս և այլ անհրաժեշտ ծախսերը հետագայում կապահովի Կենդանաբույժների համաշխարհային ծառայությունը (WVS):

Ավելի վաղ Երևանի կենդանաբանական այգուց yerkir.am-ին տեղեկացրել էին, որ իրենց մոտ տեղափոխված արջերը կմնան մեկ ամիս, իսկ այդ ընթացքում կպատրաստվեն նրանց փաստաթղթերը, օրենքով սահմանված մի շարք գործընթացներ կլինեն` Ռումինիա տեղափոխելու և համապատասխան պատվաստումներ անցնելու համար:

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացրել էր, որ ներկայումս իրենց մոտ բացակայում են տվյալ կենդանատեսակներին մշտապես պահելու և ցուցադրելու համար անհրաժեշտ տարածքներ, իսկ առկա ազատավանդակներում ցուցադրվող արջերի հետ նորերի ապահով համակեցությունը հնարավոր չէ:

Կենդանիների տեղափոխման հետ կապված մանրամասները կներկայացնենք հետագայում: 

 

Կարինե Հարությունյան