կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 16:25
Առանց Կատեգորիա

Սարսափահար մի՛ նայեք դիմակ կրող մարդուն

Սարսափահար մի՛ նայեք դիմակ կրող մարդուն

Եթե հայ գործարարները որոշ գործարար հոտառություն ունենային, ապա այս օրերին Հայաստան կներմուծեին /կամ տեղում կարտադրեին/, ոչ թե, օրինակ, անանասի կոմպոտ կամ բանանի չիր, այլ բժշկական պաշտպանիչ դիմակ, շեշտում եմ՝ պաշտպանիչ:

Ով չգիտի, իսկ երեւում է, որ շատերը չգիտեն, հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններ են տարածված, այդ թվում՝ խոզի գրիպ կոչեցյալը, իսկ, որպեսզի այս հիվանդությունների օդակաթիլային բացիլներից պաշտպանվենք, շեշտում եմ՝ պաշտպանվենք, լավ կլինի փողոց դուրս գալ բժշկական պաշտպանիչ դիմակներով: Փողոց, այսինքն՝ երթուղային տաքսի, ուղղակի տաքսի, թանգարան, թատրոն, պատկերասրահ, բանկ, անձնագրային բաժանմունք եւ այլն, այնտեղ, որտեղ, ձեզանից բացի, ուրիշ մարդ կա:

Անշուշտ ,դուք հիվանդ չեք, բայց դա չի նշանակում, որ մյուսները հիվանդ չեն, ու քանի որ մենք չենք ճանաչում, ենթադրենք, Արաբկիրի անձնագրային վարչության աշխատակցին եւ չգիտենք, թե նա հիվանդ է, թե` ոչ, ապա, եթե նրա մոտ ենք գնում, ապա պետք է գնանք դիմակով:

Ծանոթներիցս մեկը հենց այդպես արել էր, ու գիտե՞ք` խեղճ կինը /Արաբկիրի անձնագրայինի աշխատակցուհին/ սարսափահար էր եղել, քանի որ, ըստ նրա եւ Հայաստանում տարածված կարծիքի, եթե մարդը բժշկական պաշտպանիչ դիմակ է կրում, ուրեմն հիվանդ է, օրերը հաշվված են ու միայն նրա աչքերին նայելը բավարար է վարակվելու համար:

Անցե՞լ է, արդյոք, այս կինը եւ նրա նման շատերը բժշկագիտության տարրական կանոնները դպրոցում կամ համալսարանում /եթե, իհարկե, ավարտել է/, դժվար է ասել, բայց հստակ է, որ, ըստ այդ կանոնների, բժշկական պաշտպանիչ դիմակը հենց պաշտպանիչ է կոչվում ոչ թե, որպեսզի հիվանդներն այն կրեն ու իրենց բացիլները իրենց դիմակի ներսում պահեն, այլ, որպեսզի առողջներս այն կրենք եւ հիվանդների բացիլները մեր դիմակից այս կողմ չներթափանցեն:

Ով չհասկացավ, ասենք, որ սա նշանակում է, որ դիմակ դնողները հիվանդ չեն, առողջներն են, որոնք չեն ուզում հիվանդանալ: Այսինքն` երբ դիմակով մարդ եք տեսնում, կարող եք նայել նրա աչքերի մեջ, ժպտալ, խոսել հետը, սեղմել ձեռքը, սրճարան հրավիրել, ընդունել նրա՝ միասին թեյելու հրավերը եւ այլն…

Սա չիմանալը, տիկնա\'յք եւ պարոնա\'յք, անգրագիտություն է, ընդ որում` ոչ թե բժշկագիտական, այլ սովորական, մարդկային, ընդհանուր ինտելեկտուալ: Այսինքն` եթե դուք փողոցում քայլող, ձեր կողքին նստած դիմակով մարդ եք տեսնում եւ սարսափում եք, դա ամոթ է, բայց ոչ թե որովհետեւ նա դիմակ է դրել, այլ` որ դուք սարսափում եք: Այնպես որ` դիմակ կրեք, իսկ ավելի լավ է՝ մի հիվանդացեք` բոլոր առումներով:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ