Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ ըստ Yerkir.am-ի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց այս փոփոխությունը, որը կատարվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսգրքում ՝ 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը լրացնելով նոր մասով։ Փոփոխությամբ առաջարկվում է նաև նույն հոդվածի 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը։ Եվ առաջարկվեց, որ օրենքի նախագիծն ուժի մեջ մտնի հրապարակման պահից։
Օրինագիծն առաջարկում է ավելի մեղմ պատժաչափ` 100-250 հազար դրամի փոխարեն տուգանք 10 հազար դրամի չափով՝ ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար:
«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակների պահանջին. գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ նշելով, որ նախորդ՝ մեծ պատժաչափն անհամաչափ էր:
Նա ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք ստիպել են այսպիսի փոփոխություն կատարել օրենսգրքում․ «Ներկայումս ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման համար, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումների համար սահմանվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով, սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժի որոշ սահմանափակումներ, որոնք, մեր կարծիքով, համադրելի չեն մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ, հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը, հետևաբար, առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափի՝ 10 հազար դրամի պահանջ, ազատ տեղաշարժման պայման-պահանջ խախտելու համար»։
Այս խճճված ձևակերպումը պարզեցնելով՝ նա բացատրեց, որ մեկուսացման պահանջը խախտելը ավելի վտանգավոր է, քան դիմակ չկրելը, հետևաբար պատիժն էլ պետք է տարբեր լինի։
Պատագամավորների բազմաթիվ հարցերին ի պատասխան, փոխնախարարը որոշակի հստակեցում մտցրեց նաև փոխվարչապետ Ավինյանի՝ մայիսի 14-ի որոշման ձևակերպումների մեջ, որոնք, ըստ պատգամավորների, իրավական որոշակիության խնդիր ունեն։
Փաստորեն, ըստ փոխնախարարի, երբ այդ մայիսի 14-ի որոշմամբ սահմանվել է, որ բաց տարածքներում դիմակի առկայութունը պարտադիր է, սա դեռ չի նշանակում, որ դիմակը պետք է մարդու դեմքին լինի․․․
«Դիմակը վերցնում են, դրսում պարտադիր չէ կրելը, բայց պետք է իր հետ ունենալ։ Նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից տեղափոխվի փակ տարածք՝ հնարավորություն ունենա օգտագործելու այդ դիմակը։ Ձեռնոցներ կրելու պահանջը դրսում պարտադիր չէ»,-ասաց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է ներսում դիմակ կրելուն, նա պարզաբանեց, որ դա էլ կարգավորվում է ոչ թե փոխվարչապետի մայիսի 14-ի որոշմամբ, այլ գործող օրենքով, որի նույն հոդվածի 3-րդ մասը նման պատասխանատվություն սահմանում է տնտեսվարողների համար․ «Մասնավորապես, որտեղ ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակումների առանձին տեսակների համար տնտեսվարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության տեսակ 100-300 հազար դրամ։ Այսինքն, փակ տարածքներում դիմակ չկրելու համար տնտեսվարող սուբյեկտներն են պատասխանատու և իրենք համապատասխան պատասխանատվություն կկրեն»։
Այսինքն, դատելով փոխնախարարի պատասխանից՝ փակ տարածքում դիմակ չկրելու համար տնտեսվարողին 100-300 հազար դրամ տուգանելը համաչափ է, իսկ բաց տարածքում նույն դիմակը չունենալու համար 100-250 հազար դրամ տուգանքը համաչափ չէր, դրա համար էլ նվազեցրին 10 հազարի։
Պատգամավորի ճշտող հարցին՝ տվյալ ընկերությո՞ւնը կվճարի տուգանքը, թե՞ դիմակ չկրող անձը, փոխնախարարը պատասխանեց․ «Փակ տարածքներում սուբյեկտի մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում, այսինքն, եթե դիմակ չի կրում՝ տնտեսվարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության»։
Նրա խոսքով՝ տնտեսվարող սուբյեկտի վրա է դրված պահանջը, որ յուրաքանչյուր քաղաքացի, երբ մտնում է սպասարկման սրահ, նրանց ընդունել բացառապես երբ դիմակ ունեն կամ ունեն ձեռնոցներ։
Օրենքի ներկա փոփոխությունը՝ 10 հազար դրամի տուգանքը, թեև վերաբերում է միայն բաց տարածքում դիմակ չունենալուն, բայց այսպես հստակ նշված չէ նախագծում՝ դիմակի առկայությունը չի նշվում։ Փոխնախարարը պարզաբանեց, որ ընդհանուր ձևակերպումը միտումնավոր են ընտրել․ « Ինչո՞ւ ենք ընտրել այս ընդհանուր ձևակերպումը, որովհետև պահանջը կարող է հաջորդ պահին փոխվել, օրինակ, ըստ կարիքի կարող է պարտադիր լինել օրինակ, ձեռնոցի կրելը՝ հիպոթետիկ օրինակ եմ բերում»։
Պատգամավորները հետաքրքրվեցին՝ իսկ այն դեպքերում, երբ մարդը դուրս է եկել կանաչի գնելու և տեղաշարժի թերթիկ չունենալու համար նրան տուգանք են նշանակել 250 հազար դրամ, արդյո՞ք այս տուգանքները չեն չեղարկվելու, քանի որ հասկանալի է, որ շատերը հնարավորություն չունեն այդ տուգանքը վճարելու և չեն վճարելու։ Փոխնախարարը ի պատասխան միայն արձանագրեց, որ օրենքը հետադարձ ուժ չունի։
Մանրամասն՝ տեսանյութում․