Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Econews.am-ը գրում է.
«ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր։ Այսօր՝ հուլիսի 24-ին հրապարակվել է տեսանյութ, որն ըստ աղբյուրի նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում կենդանիներին վրաերթի ենթարկի։ Տեսանյութում երևացող կենդանիները հավանաբար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու երկու ձագերն են։ Կենդանիները բնություն են վերադարձվել Արջերի փրկության ծրագրի շրջանակներում՝ երկարատև վերականգնողական թերապիա անցնելուց հետո։ Այն, որ դեպքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է, վկայում է նաև գործող անձանց խոսակցությունը։
«Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը, իսկ մայր արջն ու երկու քոթոթները շարունակում են սարսափահար փախչել իրենց հետևող ավտոմեքենայից։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:
92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Հիշեցնենք, որ վերջերս Արենի համայնքում արջը մտել էր բնակավայր և վնաս էր հասցրել գյուղացիներին, սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ դա բնություն վերադարձված արջերն են՝ հիմնվելով GPS տվյալների վար, որոնք վերահսկում են կենդանիների տեղաշարժը։ Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv):
ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: