կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-31 11:18
Առանց Կատեգորիա

Վարձով տրված տարի

Վարձով տրված տարի

Տարեսկի՞զբ է, թե՞ տարեվերջ` ով գիտի հաստատ և ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա /ինչպես Թումանյանը կասեր/:

Այս օրերին սովորաբար ամփոփումներ են անում գերատեսչությունները` արված գործերն ի ցույց աշխարհի ներկայացնելով, իսկ չարվածների մասին այնպիսի սրտացավությամբ խոսում, որ քիչ է մնում հավատաս` իրենք իմ ու քո մասին են մտածում` միայն թե ես ու դու չենք ընդունում արվածն ու չարածի վրա կենտրանանում կամ էլ արվածի մեջ սև կետեր փնտրում:

Տարեվերջին, արդեն քանի տարի է, գալիս ու Երևանի ամենափոքր սրճարաններից մեկում նստում` դիմացս դրված տոնածառի լույսերին եմ նայում ու ամեն վառվող-անջատվող լույսին զուգահեռ` ես էլ տարին ամփոփում` այդպես հասնելով մինչև գագաթ` շողշողուն աստղին, որը սովորաբար ինչ-որ բան վճռելու, գալիք մի խոշոր անելիքի մասին է մտածել տալիս:

5 սեղան ունեցող սրճարանում տարիս ամփոփելու համար սովորաբար զանգում` խնդրում էի, որ ինձ համար անկյունի սեղանը պահեին: Այս տարի հեռախոսահամարը կորցրել էի` մտածում էի` բախտս բերեց` տեղ կլինի, չէ` աշխատողի` տիկին Սուսանի անցած օրվա պատմությունները կլսեմ` մինչև տեղ կազատվի:

Սրճարանի մուտքի մոտ ինձ սպասող կար` «Տարածքը տրվում է վարձով» վահանակը` մեծ, ընդգծված տառերով` կարմիր ֆոնի վրա: Սրճարանը դատարկ էր,. բայց կարծես գործում էր: Նստեցի իմ տեղում, թեյ ու քաղցր վերցրի և պատրաստվում էի մոռանալ  դրսում ինձ սպասող վահանակի գոյությունն ու տիկին Սուսանի հանդիմանող հայացքը, թե` «Էս արդար օրով ո՞վ է հիվանդանում», երբ աչքս ընկավ տոնածառին` ո\'չ աստղ կար գագաթին դրված, ո\'չ էլ լույսերն էին վառվում:

Սրճարանը կամաց-կամաց լցվեց մարդկանցով, սրճարանը, որտեղ վարձով էր տրվում տարածքը, ուր մի ժամանակ հինը գրողի ծոցն էի ուղարկում ու գալիք տարվա անելիքներս որոշում : Հիմա նույն սրճարանում վարձով է տրվում հինը` հարմար գներով վարձով է տրվում նաև գալիք անելիքները:

Վարձով է տրվում դիմացիս սեղանը, որի շուրջը նստած մի տղա սիրախաղի մեջ է մտել դիմացը նստած աղջկա հետ, և փորձում է այնպես անել, որ աղջկան դուր գա, հետո աղջկան վարձով սպասում կտա` ինքն ուրիշ սեղանի շուրջ կնստի:

Վարձով է տրվում դրան հաջորդող սեղանը, որը դատարկ է, դրա շուրջ նստող մարդիկ հոգնել են վարձով տրվող սեղանների շուրջ նստել:

Վարձով է տրվում ձախ կողմի սեղանը, որի շուրջ նստած են երեք տղա ու սպասում են չորրորդին, որպեսզի հրաժեշտ տան` վերջինս գնում է Հայաստանից` գերադասելով ոչ թե սեփական տանը, այլ դրսում վարձով ապրել, ու այստեղ մնացողներից էլ խլում է հույսը, չէ, կներեք, վարձով է վերցնում:

Վարձով է տրվում դրա դիմացը գտնվող սեղանը, որի շուրջ նստած են երիտասարդ ամուսիններ` կինը հեռախոսով է տարված` սոցցանցում իր նկարի ներքևում գրված գրառումներով է հրճվում, իսկ ամուսինը, կնոջ ձեռքը բռնած, դուրս է նայում` ոնց որ թե հրճվելով ձյան փաթիլներով` ոչ վարձով տրված:

Վարձով է տրվում սեղանը, որի շուրջ ես եմ նստած` վարձով լույս աշխարհ եկածս, ով արդեն գիտի` ճիշտը քեզ տրված օրվա վերջում վարձը փակելն է, ոչ թե տարվա վերջին սպասելը:

***

Սրճարանից դուրս եմ գալիս. փողոցներում իրարանցում է` նախատոնական վազվզոց, բոլորը շտապում են տուն, բայց ոչ թե նրա համար, որ այնտեղ իրենց սպասում են, այլ` ծանր տոպրակները տեղ հասցնելու ու կրկին խանութ վազելու համար:

Փողոցներում իրարանցում է, անցնելիս հրմշտում են քեզ ու դրա համար դիմացինին «Կներեք» ասելը ձևական է թվում` պետք է որ իրենց հասկանաս:

Տները դատարկվել են, խանութների մոտ հերթեր են, մարդիկ գերզբաղված են` ընտրում են` իբրև իրենց և հյուրերին «երջանկացնող» ապրանքների չափաբաժինները:

Տները դատարկվել են, Երևանս մարդաշատ է, մարդիկ նախատոնական իրարանցման մեջ են, բայց գոնե մեկի դեմքին թեկուզ և վարձով տրված ժպիտ չկա:

***

Փողոցը խախտումով անցնելով /այլ կերպ հնարավոր էլ չէ/`  մոտենում եմ հրապարակի կենտրոնական տոնածառին ու նստում տոնածառի տակ դրված «նվերներից» մեկի վրա ու ժպտում` իբրև թե չլսելու տալով ինձ ուղղված ազդանշաններն ու լայն քայլերով ինձ մոտեցող ջղային ոստիկանի ցուցումները:

***

Կուզեի վերջն այսպես լիներ` հանկարծ, մինչև ոստիկանը կմոտենար ինձ, վառվում են տոնածառի լուսերը` գագաթին էլ մեծ ու շողշողուն աստղ կա: Բայց այսպես միայն ֆիլմերում է լինում` հաջող մոնտաժի արդյունքում: Իրականում վերջում ոստիկանին երկար-բարակ բացատրում էի, որ տարին այս վարձով էր տրված, որի դիմաց պահանջվող մեր «տալիքը» դեռ երկար ենք վճարելու:

 

Կարինե Հարությունյան