Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը որոշել է գույքահարկը բարձրացնելու վերաբերյալ նոր օրինագիծ մշակել։ Շուտով հայտարարվելու է, որ պարապուրդում գտնվող բնակարանները պետք է հանել ստվերից եւ պարտավորեցնել տնատերերին՝ հարկ վճարել վարձով տրվող տների համար, իսկ այն տնատերերին, որոնք չեն ցանկանում վարձով տալ իրենց բնակարանները, ստիպելու են դա անել` կտրուկ, մի քանի անգամ բարձրացնելով անշարժ գույքի հարկը։ Այնպես, որ նրանց ձեռնտու չլինի դատարկ տներ ունենալը։
Թե քանի անգամ է բարձրանալու անշարժ գույքի հարկը, եւ ինչ թվեր կստանանք արդյունքում, դեռ հստակ չէ, բայց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն անելու մասին որոշումը, կարելի է ասել, արդեն ընդունված է, նախագիծն էլ, մեր տեղեկություններով, մշակման փուլում է։ Անշարժ գույքի հարկի բարձրացումը ներկայացվելու է նաեւ որպես տան վարձակալության չափից դուրս բարձր գները մեղմելուն ուղղված քայլ։
Կոպիտ ասած՝ կան տներ, որոնց տերերը չեն ուզում դրանք վարձով տալ, եւ կան տներ, որոնց տերերը պետությանը լրացուցիչ հարկ չեն վճարում։ Նախարարի տրամաբանությամբ՝՝ եթե դատարկ բնակարանները տրվեն վարձով, իսկ վարձով տների տերերը սկսեն պայմանագրեր կնքել, օրինականացնել իրենց եկամուտներն ու «մուծվել» պետությանը, վարձով տների գները կիջնեն, բյուջեն էլ լիքը փող կմտնի։ Թե չէ, տանտերերը պայմանագրեր չեն կնքում տները վարձակալությամբ հանձնելու համար, պետությանը հարկ չեն տալիս` հերիք չէ, դեռ չեն էլ ապրում այդ տներում։
Թե ինչու պետք է ավելի բարձր գույքահարկի պայմաններում վարձով տների գներն իջնեն, այլ ոչ թե ավելի բարձրանան, թերեւս միայն Գրիգոր Մինասյանին է հայտնի։ Նա նաեւ որոշել է, որ մարդիկ չափից շատ տներ ունեն, որոնք չեն տալիս վարձով, ու այդ պատճառով պահանջարկը շեշտակիորեն գերազանցում է առաջարկին, ինչը եւ բերում է վարձավճարների մեծ չափերի։ Այ, եթե բոլորը, ովքեր ունեն լրացուցիչ տներ, իրենց բնակարանները հանեն շուկա, պահանջարկը կիջնի, ու տան վարձի գներն էլ կիջնեն։ Իսկ եթե չհանեն, ուրեմն, թող բարձր գույքահարկ մուծեն կամ էլ, ի վերջո, վաճառեն ու գնան։ Ոզնու համար էլ պարզ է, որ պետությունը փող քերելու նոր տեղ է գտել, մտածելով՝ տան վարձերը բարձրացրել են, դե թող մուծվեն պետությանը։
Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ վարձակալությամբ տրվող բնակարանների եւ բնակելի տարածքների գները բարձրացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով դեպի Հայաստան ներգաղթի պատճառով։ Բնակարանային շուկան արձագանքում է ռելոկանտների ահռելի քանակին, եւ ոչ միայն տան վարձն է աճում, այլեւ ապրանքների, ծառայությունների գները։ Հայկական շուկան, Երեւանը սկսել են «աշխատել» ռելոկանտների համար, բավարարել նրանց պահանջարկը։ 2023 թվականի մայիս ամսվա տվյալներով՝ Հայաստան է այցելել մոտ 800 հազար ՌԴ քաղաքացի, դրամական փոխանցումները 3 մլրդ դոլարից ավելի են եղել։ Ներհոսքը շարունակվում է, եւ հայտնի չէ, թե ինչքան ժամանակ է դեռ շարունակվելու։
Արդյոք հնարավո՞ր է Երեւանի դատարկ տների տերերի համար անբարենպաստ հարկային միջավայր ստեղծելով ու նրանց ստիպելով վարձով տալ տները, հագեցնել շուկան։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հեգնում է․«Իհարկե, հնարավոր է, եթե կարելի է կառուցել ցամաքային նավահանգիստ, ապա այդ բաներն ավելի հեշտ է անել։ Պարզ է, չէ՞, թե ինչ են ուզում անել։ Կավարտվի պատերազմը, հետո, ինչ է, նոր օրե՞նք են հանելու, որ նորից իջեցնեն գույքահարկը։ Այդպե՞ս են խթանում հայրենադարձությունը»,- հարցնում է տնտեսագետը։
Հիշեցնենք․ գույքահարկի բարձրացման վերաբերյալ վերջին օրենքը, հանրության դիմադրությունը հաղթահարելով, ընդունվել է 3 տարի առաջ։ Դրանով հանվեց բնակարանները չհարկելու շեմը, բարձր դրույքաչափեր սահմանվեցին մանավանդ երեւանյան անշարժ գույքի վրա, այժմ էլ, ահա` անշարժ գույքի վրա լրացուցիչ հարկեր են դրվելու։ Արդարադատության նախարարությունից որեւէ կերպ չարձագանքեցին մեր խնդրանքին` պարզաբանումներ տալ նոր մշակվող նախագծի վերաբերյալ։ Իհարկե, չհերքեցին էլ, որ նախագիծը կա։ Դրա սեւագիր տարբերակը մենք շուտով կունենանք եւ կներկայացնենք ընթերցողին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում