կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 14:58
Հասարակություն

Սոցիալական տան կացարաններում բնակվողների խնդիրների լուծման համար «Հանգրվան» ՊՈԱԿ-ին արտոնություններ կշնորհվեն

Սոցիալական տան կացարաններում բնակվողների խնդիրների լուծման համար «Հանգրվան» ՊՈԱԿ-ին արտոնություններ կշնորհվեն

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է որոշում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին, որով «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրվում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) պարենային մթերքների արտադրություն և վաճառք.

2) ագարակային տնտեսություն (անասնապահություն, խոզաբուծություն թռչնաբուծություն և այլն) և դրանից ստացված մթերքների վաճառք:

Սահմանվում է, որ աշխատողների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների բնակիչները:

Նշենք, որ «Հանգրվան» ՊՈԱԿ-ն իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովում, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպում, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպում և այլն: 

Սոցիալական տան կացարաններում բնակվող անձանց սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով, որոշման նախագծով առաջարկվում է լուծել սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչներին աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելու հարցը` ՊՈԱԿ-ին գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության որոշակի  տեսակներով զբաղվելու հնարավորություն տալու միջոցով: Միաժամանակ, գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված մթերքների վաճառքից ստացված միջոցներով ՊՈԱԿ-ը կհոգա նաև իրեն հանձնված գույքի վերանորոգման կարիքները:

Սոցիալական տան կացարանները գտնվում են ՀՀ տարբեր մարզերում, իսկ սոցիալական կացարան ստացող շահառուները տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձինք են, որոնց մեծ մասը մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են:

 ՊՈԱԿ-ի գործունեության երեք տարիների աշխատանքային փորձի արդյունքում պարզ է դարձել, որ բնակարան ստացած շահառուներից ոչ բոլորին է հնարավոր լինում ապահովել աշխատանքով, որի արդյունքում շահառուները չեն կարողանում լուծել նվազագույն կենցաղային խնդիրներ: Աշխատանքի սակավությունը խոչընդոտ է, որպեսզի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հրաժարվեն ՀՀ տարբեր մարզերում իրենց հատկացվող սոցիալական կացարաններից: Այդ տարիների ընթացքում ՊՈԱԿ-ը համագործակցել է տարբեր հասարակական, մասնավոր, ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ, որի արդյունքում հնարավոր է եղել աշխատանքով ապահովել շահառուներից որոշներին:

 Հաշվի առնելով շահառուների կարողությունները՝ ուսումնասիրվել են ՀՀ տարբեր մարզերի զարգացած և զարգացող ձեռնարկատիրական գործունեության տեսակները: Ընտրվել են այնպիսի տեսակներ, որոնք հնարավոր է առավելագույնս հարմարեցնել սոցիալական կացարանների գտնվելու տարածաշրջաններին: