կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 12:12
Մշակույթ

Տարին արդյունավետ էր Հովհ. Թումանյանի անվան 80-ամյա տիկնիկային թատրոնի համար

Տարին արդյունավետ էր Հովհ. Թումանյանի անվան 80-ամյա տիկնիկային թատրոնի համար

Ընթացիկ տարին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի համար հոբելյանական էր` այս տարի թատրոնը տոնում էր իր 80-ամյակը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ տարին արդյունավետ է եղել թատրոնի համար` 6 նոր բեմադրություն են ունեցել` բալետային, տիկնիկային, դրամատիկական /հայերեն, ռուսերեն, անգլերեն/, 8 միջազգային փառատոնի մասնակցել /Հայաստանից դուրս/…

«Այս պահին թատրոնում Ամանորի նոր ներկայացում է գնում` «Գրինչի գողացած հեքիաթը», որի բեմադրիչը երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանն է»,-ասաց Բաբայանը:

Նա նաև նշեց, որ թատրոնն իր պարտքն է համարում այցելել մարզեր և սահմանամերձ համայնքներ.«Երեք օր առաջ ենք վերադարձել Այգեձորից, որտեղ Այգեձորի և Չինարիի երեխաների համար ներկայացում խաղացինք: Քանի որ առջևում Ամանոր է, մենք մեզ հետ նաև Ձմեռ պապ ու Ձյունանուշ էինք տարել: Կարևոր է հասկանալ` որտեղից է սկսվում Հայաստանը. մեզ թվում է Երևանից է սկսվում այն, և դրա համար էլ հաճախ ամեն ինչ թարս է գնում: Երբ տեսնում ես սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց, հասկանում ես, որ դու պարտավորություններ ունես նրանց հանդեպ, քանի որ մարդիկ ամեն գիշեր քնում են` չիմանալով` օրն ինչպես կլուսանա»:

Բաբայանը նշեց, որ թատրոնը տարեկան 40-45 000 այցելու է ունենում, սրան գումարած 15 000 անվճար տոմսերով այցելուներ: