կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-13 13:33
Մշակույթ

Իմաստուն և մի քիչ մանկամիտ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը 80 տարեկան է

Իմաստուն և մի քիչ մանկամիտ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը 80 տարեկան է

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը 80 տարեկան է: Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ ութսունը լավ թիվ է` իմաստուն և մի քիչ մանկամիտ տարիք:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բաբայանը նշեց, որ ամենակարևորը երիտասարդ մնալն է և չիմանալը` ինչ է նշանակում թատրոն: «Հենց իմացար, թե ինչ է նշանակում թատրոն, ուրեմն դու այլևս անելիք չունես այս ոլորտում: Մենք, օրինակ, գիտենք, ինչը թատրոն չէ, բայց չգիտենք` թատրոնն ի՞նչ է, և դրա համար էլ անընդհատ փորձում ենք միջոցներ գտնել` ստեղծել թատրոն` մեր պատկերացմամբ»,- ասաց նա:

Թատրոնի տնօրենի խոսքով` իրենց համար ամեն օրվա տոնն ավելի կարևոր է, քան 10 տարին մեկ կլոր ամյակները, դրա համար էլ, նրա հավաստմամբ, թատրոնի գործունեությունը չպետք է կապել հոբելյանների հետ:

«Թատրոնը պետք է արտացոլի այսօրվա օրը, դրա համար էլ մենք չենք վախենում փոփոխություններից և անընդհատ թեկուզ նույն ներկայացումը նորովի մատուցելու միջոցներ ենք գտնում: Կարևորը լեզուն է` ինչ լեզվով ես այսօր մատուցում Թումանյանի, Աղայանի գործերը: Թումանյանն, օրինակ, այնքան խորն է, որ յուրաքանչյուր անգամ կարելի է նոր շերտ բացահայտել, և նրա «Շունն ու կատուն» 5-6-ից ավելի բեմադրություններ ունի»,- ասաց Բաբայանը:

80-ամյա թատրոնի հոբելյանը, այնուամենայնիվ, կնշվի տիկնիկային թատրոնին բնորոշ ձեռագրով` առանց  գովասանքի «ճոռոմ-ճոռոմ» խոսքերի:

Վաղը թատրոնում տեղի կունենա միջոցառում` երկու մասից բաղկացած` հանդիսավոր արարողություն թատրոնի դահլիճում և հյուրերի ընդունելություն նախասրահում:

«Յուրաքանչյուր ռեժիսոր երազում է կյանքում գոնե մեկ անգամ դերասան լինել, և վաղը ես բեմ կբարձրանամ: Մի փոքր կներկայացվի թատրոնի պատմությունը, հետո արդեն հյուրերը նախասրահում գինով լի բաժակներով նոր միայն կարող են իրենց սրտի խոսնք ասե: Մենք մերոնցով ենք լինելու` այն մարդիկ, ովքեր թատրոնի կողքին են եղել այս տարիների ընթացքում»,- ասաց Բաբայանը:

Թատերագետ Արա Խզմալյանն էլ  նշեց, որ ինքն էլ, որպես թատերագետ, չգիտի` ինչ է թատրոնը: Ըստ նրա 80 տարին քիչ թիվ չէ, թատրոնը բավական լուրջ ճանապարհ է անցել:

«Թող չնեղանան մյուս թատրոնները, բայց տիկնիկային թատրոնն ինձ համար մասնագիտական մխիթարություն է, այն բացառիկ թատրոններից է, որ համահունչ է քայլում թատերական միջազգային փոխակերպումներին` անընդհատ բեմական նոր ձևեր որոնելով: Ասածիս վկայություններն են այն միջազգային փառատոները, որոնց ակտիվորեն մասնակցում է թատրոնը: Տիկնիկային թատրոնն իր վերջին տարիների փորձով ցույց տվեց, որ պետք է առավել ուշադրություն դարձնել ոչ թե թատրոնները ֆինանսավորելու, այլ նախագծեր իրագործելու վրա»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ այն կարող է ընդունվել որպես մոդել` հայ թատերական իրականությունը ղեկավարելու համար: