Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը շարունակում է կրիմինալիստական փորձաքննությունների վերաբերյալ հարցազրույցների շարքը հանրապետության հայտնի և փորձառու մասնագետների հետ: Այս անգամ կփորձենք բացահայտել մանրաթելերի և գործվածքների, լաքաներկերի և ծածկույթների, նավթամթերքի և քսանյութերի, պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի հետազոտությունների նրբություններն ու յուրահատկությունները:
Yerkir.am-ի զրուցակիցն է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Ղարաջյանը: Նա նախկինում աշխատել է ոստիկանությունում, փորձագիտական աշխատանքային գործունեություն սկսել է իրականացնել 1993-ից:
-Ի՞նչ գործունեություն է իրականացնում Ձեր համակարգած բաժինը:
- Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժինը հիմնականում իրականացնում է իրավապահ մարմինների կողմից նշանակված փորձաքննություններ, որոնք վերաբերում են տարատեսակ հանցագործությունների:
-Ի՞նչ են իրենցից ներկայացնում և ի՞նչ եղանակով են իրականացվում մանրաթելերի և գործվածքների, լաքաներկերի և ծածկույթների հետազոտությունները:
-Վարույթն իրականացնող մարմնի կողմից հաճախ է փորձագետին առաջադրվում այն հարցը, թե քաղաքացուն վրաերթի ենթարկած ավտոմեքենան ի՞նչ ներկածածկույթ է ունեցել, ի՞նչ գույն ունի, որը շատ կարևոր է մեքենան հայտնաբերելու համար: Փորձաքննության է ներկայացվում տուժողի, ցավոք, հաճախ դիակի վրայից հանված հագուստը: Հետազոտության առարկա են հագուստների վրա հայտնաբերված հետքերը: Որպես կանոն` ավտոմեքենայի ներկածածկույթն ունի յուրահատուկ քիմիական բաղադրություն, այն նման չէ այլ ներկերի բաղադրությանը: Ուժեղ հարվածի դեպքում մեքենայի ներկը մնում է տուժողի հագուստի վրա: Փորձագետները մանրադիտակով հետազոտում են տուժողի հագուստը և հագուստի վրա հայտնաբերված ցանկացած օտար, կասկածելի նյութ հետազոտվում է մի քանի տեխնոլոգիաներով, որոնց միջոցով փորձագետը պարզում է մեքենայի գույնը, որը հարվածել է տուժողին:
-Արդյո՞ք միայն գույնը պարզելով` հնարավոր է հայտնաբերել մեքենան, չէ՞ որ նույն գույնի հազարավոր մեքենաներ կան:
-Ենթադրենք` ցուցմունքներով պարզվում է, որ հարվածողը սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով է եղել, երկրում առկա բազմաթիվ «Նիվա»-ներից մենք կարող ենք կոնկրետ մատնանշել, թե որ մեքենայով և թափքի որ հատվածով է կատարվել հարվածը: Բանն այն է, որ նույն ներկով ներկված` նույն արտադրության տարբեր մեքենաներ տարբեր տեղերում են շահագործվում, և, կախված մթնոլորտային, ֆիզիկական և քիմիական վիճակից, ներկը յուրատեսակ փոփոխություն է կրում: Բացի այդ` մեքենայի թափքի առջևի հատվածի ներկն իր միկրոքանակությունով տարբերվում է հետնամասի հատվածից: Շատ ժամանակ ներկայացվում է 40-60 մեքենա, մենք կարող ենք հետազոտել տուժողի հագուստն ու հիմնավոր ասել, թե որ մեքենայով է կատարվել հարվածը:
-Նմանատիպ հետազոտություններ իրականացնելիս մե՞ծ է սխալվելու հավանականությունը:
-Փորձագետը եզրակացություն տալիս է հավանական տարբերակով, քանի որ չի բացառվում, որ նմանատիպ հատկանիշներ պարունակող ներկ լինի այլ մեքենայի վրա, որը փորձաքննության ներկայացված չէ: Դա չի կարելի բացառել, չէ՞ որ գիտության մեջ ոչինչ 100 տոկոսանոց չի լինում:
-Նավթամթերքի և քսանյութերի հետազոտությունը նույնպե՞ս կապված է ավտովթարների հետ:
-Այո, երբ մեքենան վրաերթի է ենթարկում քաղաքացուն, այսինքն` անցնում է տուժողը վրայով, հաճախ մեքենայի տակի հատվածում առկա յուղերն ու այլ նյութեր քսվում են նրա հագուստին: Չկա մեքենա, որ քսանյութերի հետք չունենա: Եթե հագուստի վրա նյութ է հայտնաբերվում, մենք կարող ենք պարզել` դա կասկածյալի մեքենայի՞նն է, թե՞ ոչ: Քննիչը ներկայացնում է կասկածյալի մեքենան, և մենք տարբեր տեխնոլոգիաներով կատարում ենք համեմատական հետազոտություն: Մենք օգնում ենք քննությանը, համեմատում ենք փաստերը և հավանական պատասխան տալիս:
-Ի՞նչ պայմաններում են իրականացվում հետազոտությունները:
- Փորձաքննությունները հիմնականում իրականացնում ենք լաբորատոր պայմաններում: Երբեմն նախաքննական մարմնի նախաձեռնությամբ ինքներս ենք այցելում դեպքի վայր, որպեսզի տեղում կատարենք որոշակի նմուշառումներ, փորձարկումներ: Սակայն, որպես կանոն, դեպքի վայր են այցելում ոստիկանության քրեագիտական վարչության աշխատակիցները:
-Մասնագիտությունից ելնելով` առնչվում եք նաև թունավոր նյութերի հետ, ի՞նչ դեպքերով եք դրանք ուսումնասիրել:
-Եղել է դեպք, երբ մարդը փորձել է ինքնասպան լինել, երկու անգամ տարբեր տեղերում փորձել է պարանի միջոցով կախվել, չի ստացվել` մի դեպքում պարանն է պոկվել, մյուս դեպքում՝ պարանը պահող փայտն է կոտրվել: Երրորդ անգամ վերցրել է հեղուկ թունաքիմիկատն ու մեծ քանակությամբ խմել, օրգանիզմն էլ ռեակցիա է տվել, արդյունքում` փսխել է ու փրկվել: Այդ դեպքից հետո փորձաքննության էր բերվել փսխունքը և թունաքիմիկատի դատարկ շիշը, որի մեջ հետքեր կային: Հետազոտել և հիմնավորել ենք, որ հենց շշի մեջ եղած թունաքիմիկատից է նա թունավորվել: Եղել է դեպք, երբ ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել և ընթացքում քիմիկատը ստիպողաբար փորձել լցնել կնոջ բերանը: Արդյունքում` մի քանի կաթիլ թափվել է կնոջ հագուստին: Ոստիկանների մոտ ամուսինը պնդել է, որ նման բան չի արել, սակայն հագուստն ուսումնասիրելիս պարզվել է, որ ստիպողաբար է թույնը լցրել կնոջ բերանը:
-Մեր երկրում ո՞ր թունաքիմիկատների օգնությամբ են մարդիկ հաճախ փորձում վերջ տալ իրենց կյանքին:
-Ցավոք, շատ հասանելի են գյուղատնտեսական թունաքիմիկատները, դրանք պետք է հեռու պահել երեխաներից, դրանց գոլորշին անգամ կարող է թունավոր լինել, ուր մնաց` օգտագործելը:
-Պարզվում է` միայն տհաճ նյութերի հետ չէ, որ առնչվում եք, օրինակ` պարֆյումերային արդյունաբերության արտադրանք էլ եք հետազոտում:
-Մեր պրակտիկայում դեպքեր է եղել, որ ինչ-որ քսուքների կամ օծանելիքի պաշտոնական ներկրողը շուկայում հայտնաբերել է կեղծ արտադրանք ու դիմել իրավապահներն: Նման դեպքերով նշանակվում է փորձաքննություն, և հետազոտության համար մեզ են ներկայացվում բնօրինակը և կեղծ տարբերակը: Հաճախ փորձաքննության են ներկայացվում օծանելիքներ, որոնց 99 %-ը էթիլ սպիրտ է:
-Եղե՞լ է դեպք, երբ հետազոտության ներկայացված իրը Ձեզ վրա ծանր հետք է թողել:
-Պրոֆեսիոնալ մասնագետը տարբերվում է նրանով, որ պետք է գործին վերաբերվի առանց որևէ զգացմունքի, որովհետև զգացմունքները, բացի խանգարելուց, ոչ մի օգուտ չեն տալու, իհարկե, երբեմն դժվար է լինում, բայց … Օրինակ` եղել է դեպք, երբ վթարից մահացած մանկահասակ երեխայի հագուստ են բերել հետազոտության. որպես մարդ` չես կարող անտարբեր լինել, բայց եթե զգացմունքներին տրվես, գործն առաջ չի գնա:
-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քիմիկոս փորձագետը:
-Այստեղ գնահատվում է միայն խելքը, մեզ մոտ աշխատանքի են ընդունվում լրջագույն մասնագետներ, հաշվի են առնվում մարդկային հատկանիշները: Մեկ ուրիշ բան է` որպես քիմիկոս լաբորատորիայում աշխատելը, մեկ այլ բան՝ մարդկային դժբախտության, ժամանակի սղության հետ գործ ունենալը: Սա խիստ պատասխանատու և բարդ աշխատանք է: Մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ