կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 12:03
Հասարակություն

Ամանորի վերջին օրերին հյուր գնացողների բախտը, փաստորեն, չի բերում

Ամանորի վերջին օրերին հյուր գնացողների բախտը, փաստորեն, չի բերում

Ամանորին օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, քանի որ խախտում ենք ոչ միայն սննդակարգը, այլ նաև մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ օգտագործում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դիետոլոգ-էնդոկրինոլոգ Իլոնա Մելիքյանը նշեց, որ Ամանորի օրերին սննդային թունավորումներն անպակաս են դառնում, և պատճառը ոչ միայն վատորակ սննդի օգտագործումն է, այլև լավ որակի, բայց վատ պահպանված սնունդը:

«Պետք է անպայման պիտանելիության ժամկետին հետևել: Ամանորին մեծ քանակությամբ են սնունդ պատրաստում, և վերջին օրերին հյուր գնացողների բախտը, փաստորեն, չի բերում: Աղցանները, օրինակ, կարելի է մանրացնել, բայց թթվասեր, ձու չխառնել ընդհանուր զանգվածին, դրանք կարող եք վերջում` մատուցելիս ավելացնել»,- խորհուրդ տվեց Մելիքյանը:

Նա նշեց նաև, որ Ամանորի օրերին շատ են լինում նաև ալկոհոլային թունավորումներ, քանի որ մարդիկ, որոնք հազվադեպ են ալկոհոլ կիրառում, ամեն հյուր գնալիս սկսում են խմել, իսկ օրվա վերջում ստացվում է, որ արդեն ալկոհոլի կարգին չափաբաժին են ընդունել:

Ըստ մասնագետի` գինու` քիչ չափաբաժնով կիրառումն անգամ օգտակար է օրգանիզմին /կանանց 150 մլ, տղամարդկանց` 250 մլ/: Դա նպաստում է խոլեստերինի իջեցմանն ու սրտամկանի աշխատանքի լավացմանը:

«Ամանորի օրերին շատերը գանգատվում են նաև ենթաստամոքսային գեղձի բորբոքումից, քանի որ սննդակարգը դառնում է անկանոն: Հենց այդ օրերին էլ անհրաժեշտ է ուտել առողջ սնունդ` շատ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև մուգ գույնի ձավարեղեն: Դրա փոխարեն անհրաժեշտ է սահմանափակել խմորեղենի, կոնֆետի, ճարպոտ մսի օգտագործումը»,- ասաց Մելիքյանը: