կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-14 13:53
Հասարակություն

Չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ. Շարմազանով

Չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ, թե իշխանություններին չի հաջողվել իրականացնել լեգիտիմ ու դրական հանրաքվե: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա, անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե հանրաքվեին 485 հազար ձայն կեղծվել է, նշեց, որ պետք չէ ամեն ինչ անլրջացնել:

«Ես այն կարծիքին չեմ, որ խախտումներ ընդհանրապես չեն եղել: Սակայն, հարցնում եմ՝ ինչո՞ւ ընդդիմությանը չի հաջողվել փաստարկներ ներկայացնել: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ ասելով չի, չի կարելի այդքան անլրջացնել ամեն ինչ: Հայաստանում, նույնիսկ` Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, երբ ասում էին պոլի փայտ լինի, բայց ՀՀՇ-ից լինի, երբ կարևոր էր ոչ թե ով է ընտրում, այլ ինչպես են հաշվում, հնարավոր չէր 500 հազար ձայն կեղծել: Դա անլուրջ է, ես չեմ ցանկանում այդ անլուրջ հայտարարության վրա այդքան ծանրանանք: Կա՞ն փաստեր, եթե կան թող ներկայացնեն: Ես փաստեր չեմ տեսել և կարծում եմ` հանրությունն էլ չի տեսել»,- հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ խախտումների մասին բոլոր հաղորդումներին ՀՀ գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը պատշաճ կերպով արձագանքել են: «Դուք տեսաք, որ ողջ քարոզչության ընթացքում, քվեարկության ընթացքում և դրանից հետո իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էին ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչների, այլ նաև լրագրողների նյութերը»,- ընդգծեց նա` հավելելով, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում երևացել է հասարակության կամքը:

«Բոլոր խախտումներով հանդերձ` մենք պետք է արձանագրենք, որ այս հանրաքվեն համապատասխանում էր Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Իսկ եթե որևէ մեկն ունի տվյալներ խախտումների մասին, պետք է ներկայացնի փաստեր: Եթե նույնիսկ մի պահ մենք ընդունենք, որ եղել են այդ խախտումները, դրանք չեն կարող ազդել արդյունքների վրա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև շեշտեց, որ հանրությունը կասկածներ չունի հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Ըստ Շարմազանովի` հանրաքվեի ընթացքում գուցե եղել են խախտումներ, սակայն արդյունքների հետ կապված մտահոգություններ չկան: