Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ անկախության տոնի նախօրեին` սեպտեմբերի 1-ին, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող երկրի` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարճատև աշխատանքային այց կատարեց Ադրբեջան` հերթական անգամ Բաքվում հայտարարելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը:
Միաժամանակ նույն օրը, երբ Լավրովը ժամանում էր Բաքու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց Ստեփանակերտ` մասնակցելու ԼՂՀ անկախության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այս իրողությունները սիմվոլիկ կերպով արտացոլում են Հարավային Կովկասում և ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Մոսկվայի ունեցած դերակատարության տրանսֆորմացիաների պատճառովառաջացած հակասական իրավիճակը:
Թե ինչու էր կոնկրետ Լավրովը մեկնել Բաքու, ըստ էության այդպես էլ պարզ չդարձավ: Փաստացի բացի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արված արարողակարգային, հերթապահ հայտարարություններից, բուն բանակցությունների վերաբերյալ որևէ հավելյալ տեղեկատվություն չհրապարակվեց: Պետք է ենթադրել, որ այցի արդյունքներն այնքան էլ չեն բավարարել Բաքվին և հատկապես Մոսկվային: Պատահական չէր, որ Լավրովի այցի հենց հաջորդ օրը ռուսական պետական կենտրոնական քարոզչամիջոցներից մեկը` «РИА Новости» լրատվական գործակալությունը, փոքրիկ հոդված հրապարակեց Ստեփանակերտում անցկացվելիք անկախության տոնի միջոցառումների վերաբերյալ` ԼՂ-ն ներկայացնելով որպես անկախ և ինքնիշխան երկիր, իսկ Բակո Սահակյանին` որպես ԼՂՀ-ի նախագահ: Այս հրապարակումը Բաքվում հիստերիայի ալիք է բարձրացրել: Բաքվում հասկացել են, որ սա թափանցիկ ակնարկ է` ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու իրատեսականության վերաբերյալ: Եթե Մոսկվան նման կիսաքողարկված ուղերձներ է հղում Բաքվին, նշանակում է` ռուս-ադրբեջանական հարաբերություններում հիմա ամեն ինչ այնքան էլ հարթ չէ:
Առաջին հերթին դա կարող է պայմանավորված լինել Թուրքիայի և վերջինիս հետ Ռուսաստանի նկատելի լարված հարաբերությունների գործոնով: Երբ հայտնի դարձավ, որ Լավրովը մեկնելու է Բաքու, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը անակնկալ այցելեց Անկարա` հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Թե ինչ են նրանք քննարկել, հայտնի չէ: Սակայն դրանից անմիջապես հետո Դավութօղլուն հանդես եկավ ոճի և թիրախայնության տեսանկյունից աննախադեպ մի հայտարարությամբ. «Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին ոչինչ չի սպառնում և որևէ խնդիր լինել չի կարող»,- ասել էր նա` չպարզաբանելով, թե Ադրբեջանի սահմաններին սպառնացող այդ ինչ վտանգ է ստիպել անել նման հայտարարություն: Սակայն Դավութօղլուի ակնարկներն առավել քան թափանցիկ էին. առաջին` Թուրքիան թույլ չի տա ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ, երկրորդ` Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքների ամբողջականության երաշավորը Թուրքիան է, այլ ոչ թե որևէ այլ երկիր` ամենայն հավանականությամբ նկատի առնելով Ռուսաստանին: Սա կարող է նշանակել, որ Մոսկվան Բաքվին որոշակի առաջարկություններ է ներկայացրած եղել, որոնք վերջինս մերժել է` հիմնվելով հենց Թուրքիայի աջակցության կամ գուցե դիմադրության վրա:
Չի բացառվում, որ դրանք այնքան էլ կապված չեն ԼՂ հիմնահարցի հետ: Այս հարցում Մոսկվայի և Բաքվի միջև գրեթե կատարյալ համախոհություն է: Արդեն հայտարարվել է, որ գոնե այս պահի դրությամբ տապալվել է առաջիկայում ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ՄԽ-ի, իսկ իրականում` ԱՄՆ-ի նախաձեռնությունը: Դա պարզ դարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների`Բաքու կատարած վերջին այցից հետո, ինչը վերահաստատում է, որ տապալողը ադրբեջանական կողմն է: Դժվար է պատկերացնել, որ առանց Մոսկվայի աջաակցության, Ալիևը կարող էր այս հարցում Վաշինգտոնի նկատմամբ նման դեմարշի գնալ: Այլ կերպ ասած` տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի պահպանումը տեղի է ունենում Մոսկվա-Բաքու տանդեմի լուռ գործակցության շնորհիվ և դա հավասարապես բխում է երկու կողմերի շահերից` թե ԱՄՆ-ի նախաձեռնողականությունը և թե տարածաշրջանում Իրանի դերակատարության մեծացման հեռանկարը թույլ չտալու մղումով: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչի հետ են կապված խնդիրները:
Լավրովը Բաքվում Ադրբեջանին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 9-ից Սվերդլովսկում մեկնարկող ռազմատեխնիկական արտադրանքի «RAE-2015» ցուցահանդեսին, ինչը կարելի է Բաքվին ուղղված ռուսական ռազմատեխնիկայի գործարքի նոր առաջարկ համարել: Մոսկվան ցանկանում է այդ գործարքից ստացվելիք միջոցներով փոքրիշատե մեղմել երկրում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը: Բայց Ադրբեջանը հիմա շատ բան չունի առաջարկելու: Այդ երկրում հիմա լրջորեն մտածում են 2016թ. պետական բյուջեն հենց ռազմական ծախսերի մասով զգալիորեն կրճատելու մասին` որի կարիքն առաջացել է նավթի համաշխարհային գների` Ադրբեջանի տնտեսության համար կատաստրոֆիկ մակարդակով փլուզման պատճառով:
Երկրորդ` դեռ օգոստոսի կեսերին ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությանը՝ գրեցին, որ Ռուսաստանը ցանկանում է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն Ադրբեջանում նոր կայան կառուցել` նպատակ ունենալով դրա միջոցով ծածկել այն տարածքները, որոնք անվերահսկելի են Արմավիրում տեղակայված ՌԼԿ-ի համար: Ավելի ուշ Ադրբեջանում հրապարակվեցին անցկացված մի սոցիոլոգիական հարցման արդյունքներ, ըստ որոնց ադրբեջանցիների 80 տոկոսը դեմ է ԼՂ հարցում պրոադրբեջանական լուծումների դիմաց երկրի տարածքում ռուսական ռազմաբազա ստեղծելու գաղափարին: Բացի այն, որ սա Լավրովի այցից առաջ այս հարցում Մոսկվային մերժելու ժեստ էր, այն նաև վկայում էր, որ ռազմաբազա ստեղծելու թեման այս ընթացքում եղել է ռուս-ադրբեջանական բանակցությունների օրակարգում:
Եվ վերջապես մյուս խնդիրը, որ կարող էր առաջանալ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում, թերևս պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ԱՊՀ տարածքում միասնական ֆինանսական շուկա ստեղծելու և այդ տարածքում իբրև վճարամիջոց` դոլարից հրաժարվելուն ուղղված Պետդումային օրինագիծ ներկայացնելու նախաձեռնությամբ: Քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե ԵԱՏՄ, այլ հենց ԱՊՀ տարածքին, այս նախաձեռնությունն ուղղակի շոշափում է Ադրբեջանի շահերը, որը, թերևս ԱՊՀ երկրներից ամենաքիչը պետք է շահագրգռված լինի պուտինյան այս հերթական նախաձեռնության կենսագործմամբ` հաշվի առնելով ոչ միայն ռուբլու ողբերգական դրությունը, այլև Արևմուտքի հետ էներգետիկ ոլորտում Բաքվի սերտ հարաբերությունները և դոլարից նրա ուժեղ կախվածությունը: Անհայտ է, որ Լավրովին Բաքվում հետաքրքրող հիմնական հարցերից մեկը կարող էր լինել Ռուսաստանին գյուղամթերքներով ապահովող հիմնական երկրներից մեկի` Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունն այս նախաձեռնության կապակցությամբ շոշափելը: Ամենայն հավանականությամբ նրան Բաքվում հասկացրել են, որ այնքան էլ ոգևորված չեն պուտինյան այս նախաձեռնությամբ: Այնպես որ Լավրովին կրկին Բաքվում «գրողի ծոցն ուղարկեցին» ինչպես ադրբեջաներենով նրա հասցեին արտահայտվել էին նախորդ տարվա օգոստոսյան այցի ընթացքում:
Գևորգ Դարբինյան